ՊԱԿԱՍ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՔՍԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝  Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հետբացթողումային հսկողության վերաբերյալ տեղեկություն։

 

«Ապրանքների բացթողումից հետո՝ ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային հսկողության ընթացքում, հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված եւ վճարված մաքսային վճարների եւ դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 220,729,678 ՀՀ դրամ։ Տնտեսվարողների կողմից ապրանքների հայտարարագրերով «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպվել եւ ՀՀ տարածք են ներմուծվել տարբեր տեսակի համակարգչային-խաղային մոնիթորներ, որոնք հայտարարագրվել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8528 52 100 0 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը՝ 0%, ԱԱՀ՝ 0%)։

ԵՏՀ խորհրդի որոշումների համաձայն՝ նշված ապրանքային ստորաենթադիրքը նախատեսված է բացառապես կամ գլխավորապես 8471 ապրանքային դիրքի հաշվողական մեքենաներին անմիջապես միացող եւ դրանց հետ օգտագործվելու համար մշակված մոնիթորները, որոնք իրենց մեջ չեն ընդգրկում ընդունիչ հեռուստատեսային ապարատուրա։

Առաջնորդվելով ԱՏԳ ԱԱ մեկնաբանման հիմնական կանոններով՝ մաքսային մարմնի կողմից ընդունվել են նշված ապրանքատեսակների դասակարգման վերաբերյալ որոշումներ, որոնց համաձայն` ապրանքատեսակները ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8528 52 100 0 ծածկագրի փոխարեն դասակարգվել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8528 52 900 9 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը՝ 5% ԱԱՀ` 0%): Ապրանքատեսակները նշված ծածկագրով դասակարգվել են, քանի որ հանդիսանում են գունավոր մոնիթորներ, որոնք նախատեսված են ինչպես միացված համակարգչից, այնպես էլ այլ սարքերից (օրինակ՝ խաղային վահանակներ, հեռուստատեսային ընդունիչ սարքեր, DVD նվագարկիչ եւ այլն) տեքստ, գրաֆիկական տեղեկատվություն, տեսաձայնային ազդանշաններ վերարտադրելու համար:

Ի թիվս այլ հատկանիշերի՝ դրանք համալրված են եղել Display Port եւ/կամ HDMI ինտերֆեյսներով եւ չեն պարունակում հեռուստատեսային բարձրհաճախական ազդանշանների ընդունիչ սարքեր։ Մեկ մաքսային ստուգում իրականացվել է արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի արդյունքներով հաստատվել է, որ պետությանը պատճառված վնասը կազմում է 182,398,855 ՀՀ դրամ։ 32 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։

Նախնական տվյալներով՝ թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 30 մլն դրամ։

Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

 

 

 

 

ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր անտուն ՔՊ-ականների ցանկը, որոնք, հեղափոխությունից հետո պաշտոն ստանալով, տներ են ձեռք բերել։

ՔՊ-ական անտուններից Սուրեն Գրիգորյանն էլ օրերս վերընտրվեց փոխքաղաքապետի պաշտոնում։

2018 թվականի հեղափոխությունից հետո՝ դեկտեմբերի 9-ին, ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցության դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Այդ ընթացքում էլ Գրիգորյանը ոչ մի անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա դրամական միջոցները 2019 թվականին ներկայացրած հայտարարագրում կազմել են 45 հազար դրամ։ 2022 թվականի տարեկան հայտարարագրում նրա տարեկան եկամուտները կազմել են 12 մլն 749 հազար դրամ՝ 2019 թվականի համեմատ աճելով գրեթը 280 անգամ։

2023 թվականի նրա եկամուտներից 11 մլն 31 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, 423 հազարը՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից, որը եղել է ապահովագրական հատկացում։ Ըստ եկամուտների՝ գրեթե 1 մլն 294 հազար դրամ կազմում են Գրիգորյանի վարկերը, սակայն ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնում կազմել են 697 հազար դրամ։

Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 249 հազար դրամ։ Նա ոչ միայն տուն չունի, այլ նաեւ կանխիկ դրամ եւ տրանսպորտային միջոց։

Գրիգորյանը 12 միլիոն դրամ եկամուտ ունի, սակայն ոչ մի ծախս չի հայտարարագրել։

 

 

 

 

ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼ՝ Wilberries-ԻՑ

Wildberries-ը, փակելով ռուսական տարբերակով գնումներ կատարելու էժան եւ մատչելի տարբերակը, այժմ հայկական շուկայի գնորդների համար այլ անակնկալ է մատուցում։

Երեկվանից հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 30-ից Wildberries-ի ապրանքի ստացման կետերի անվճար պոլիէթիլենային տոպրակներն այլեւս անվճար չեն լինի։ Ըստ օգտատերերի՝ ստացած ծանուցումներից պարզ է դառնում, որ տոպրակներն այսուհետ կլինեն վճարովի, այսինքն՝ երբ վերցնեք ձեր ապրանքը Wildberries-ից եւ ցանկանաք այն տոպրակի մեջ դնել, ապա տոպրակը կարժենա 22-ից 65 դրամ։

Պոլիէթիլենային տոպրակների համար գումարը գանձվելու է Wildberries-ի ձեր հաշվին կցված քարտից։

Ըստ երեւույթին, սա արվում է, քանի որ Wildberries-ը հանդիսանում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկը եւ ստիպված պետք է ենթարկվի պոլիէթիլենային տոպրակների մասին հայաստանյան օրենքին, ըստ որի՝ տոպրակները հաճախորդներին տրվելու են որոշակի գումարի դիմաց։ Այդ գումարն էլ իր հերթին ազդեցություն է ունենալու Հայաստանի բյուջե մտնող գումարի չափի վրա։ Կարող ենք սպասել նաեւ, որ հաջորդ եռամսյակում Wildberries-ը հարկատուների ցանկում ավելի բարձր դիրքում կհայտնվի։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս