ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔԸ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԻՐ ԱԹՈՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է արել, եւ քննարկել են հեռավոր Վարդենիս ու Ալավերդի համայնքների ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր: Պաշտոնապես տարածված այս տեղեկությունը խիստ մտահոգիչ էր, քանի որ բազմազբաղ վարչապետը որոշել է երկու քաղաքների ավագանիների հարցերով զբաղվել: Իրականում, ArmLur.am-ի տեղեկություններով, Ալավերդիում ՔՊ-ն փորձում է իմպիչմենթի գործընթաց սկսել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու համար, քանի որ նա «Ապրելու երկիր» կուսակցությունից է: Նախաձեռնությունը պետք է կյանքի կոչի Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, նա այս օրերին բանակցություններ է վարում նաեւ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամների հետ, փորձում է նրանց համոզել, որ միանան իր նախաձեռնությանը, բայց ապարդյուն։ Ավելին՝ նույնիսկ որոշ ՔՊ-ականների համար է Դավիթ Ղումաշյանը անընդունելի, քանի որ Ալավերդիում նա այնքան էլ ընդունված կերպար չէ: Վերջինս հայտնի է նաեւ իր սկանդալային վարքագծով. բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ նա մի քանի անգամ ծեծկռտուքների մեջ է ընկել: Նկատենք, որ Դավիթ Ղումաշյանը հանդիսանում է Սուրեն Պապիկյանի հովանավորյալը, ում անունից էլ անպատիժ գործում է Ալավերդիում: Ինչ վերբերում է Վարդենիսին, ապա այնտեղ ավագանու ընդդիմադիր խմբակցությունը սեպտեմբերի 19-ից մեկնարկած հանրահավաքների ժամանակ իր աջակցությունն էր հայտնել Հանրապետության հրապարակում հավաքվածներին, որը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին: Նիկոլ Փաշինյանը որոշել է միանձնյա ՔՊ-ական իշխանություն հաստատել ողջ երկրում. չեզոքացնում է բոլոր ընդդիմադիր համայնքապետերին, ավագանիներին: Նա միակուսակցական երկիր է սարքում հեղափոխական ու ժողովրդավարական կեղծ արժեքների անվան տակ:

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարությունը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի` ԱԱԾ մեկուսարանի պետ Արման Մելքոնյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» է կիրառել: Պատճառը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հետ կատարվածն է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության արդեն նախկին պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը առաջին հերթին կապված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Մասնավորապես, օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել էին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ էին հաստատել վերադասի հետ, որը թույլ էր տվել՝ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Այս հանդգնության համար ՔԿՀ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ազատվեց պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ տեղեկացրեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը: Հիշեցնենք, որ Արման Մելքոնյանը Աժ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հովանավորյալը:

 

 

 

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տեղակալ Հարություն Գուլյանը յուղալի պաշտոններ սկսել է ստանալ 2018 թվականից հետո։ Գուլյանը մինչ 2018 թվականը եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում որպես հսկիչ, «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ում՝ անվտանգության աշխատակից, իսկ դրանից առաջ՝ մի քանի ՍՊԸ-ներում խորհրդատու վաճառող, եւ այլն: 2018 թվականի շրջադարձերից հետո Երեւանում ծնված եւ մեծացած՝ Արագածոտնի մարզի ներկայիս փոխմարզպետը դարձավ այն ժամանակվա տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնականը, տեղակալը: Համաձայնե՛ք՝ լավ աճ է Մոսկվայի Սերվիսի պետական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում սովորող անձի համար։ Նկատենք, որ երբ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ էր Գուլյանը, 2019-2021 թվականներին Երեւանի տնտեսագիտական համալսարանում մագիստրոսական աստիճան է ստացել։ Ջրային կոմիտեում իրեն չգտած փոխմարզպետը վերադարձել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական։ Այդ պաշտոնին էլ երկար չի մնացել եւ 2020 թվականի հուլիսին նշանակվել է Արագածոտնի փոխմարզպետ։ Թվում է՝ ամեն ինչ կարգին է, եւ սա սովորական անհատի կարիերայի աճ է՝ իր բացառիկ ունակությունների եւ տաղանդի շնորհիվ, բայց վաճառողից փոխմարզպետ դարձած Գուլյանը, որը գրեթե ամբողջ կյանքը ապրել է Երեւանում, հանկարծ փոխմարզպետ է դարձել մայրաքաղաքին մոտ մարզում: Ուշագրավն այն է, որ փոխմարզպետ Գուլյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2-ն էլ՝ Երեւանում։                                                                                                                                    Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կգնա խորհրդարան: Նա կմասնակցի 2024թ.-ի պետբյուջեի քննարկմանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու: ՔՊ-ականները նախապես պատրաստվել են, թե ով ինչ հարցեր պետք է տա նախարարին: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն գնում: Ամեն անգամ, երբ Արարատ Միրզոյանը գալիս է խորհրդարան, ԱԺ նախկին նախագահին շատ սառն են դիմավորում թիմակիցները: Արարատ Միրզոյանն էլ իր հերթին արդեն տեւական ժամանակ է՝ իր թիմակիցների հետ կապը կտրել է, չի շփվում նրանց հետ: ՔՊ-ականները նման վերաբերմունքով իրենց պատասխանն են տալիս Միրզոյանին:

 

 




Լրահոս