Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ից սկսած՝ ոչ միայն Արցախը հայաթափվեց, այլեւ, սեպտեմբերի 27-ից սկսած, զանգվածային ձերբակալություններ արեց Ադրբեջանը: Մասնավորապես՝ ադրբեջանական մեկուսարաններում հայտնվեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը: Հոկտեմբերի 4-ից սկսած՝ ադրբեջանական մամուլը սկսեց տարածել լուսանկարներ, տեսանյութեր նաեւ գերեվարված նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ: Բացի այդ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, պատերազմի մասնակիցներ այսօր Ադրբեջանում գերեվարության մեջ են: Ի՞նչ է անում ՀՀ նախագահը հայ գերիներին ՀՀ վերդարձնելու ուղղությամբ: «Արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրությամբ: Ձեր գրության մեջ արծարծված հարցերը վերաբերելի չեն Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ սահմանված լիազորություններին եւ գործառույթներին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պաստասխան՝ գրել են ՀՀ նախագահի նստավայրից: ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ մեր հարցումներն ուղղորդել են ՀՀ ԱԳՆ: Իսկ ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն հայ գերիների վերադարձի ուղղությամբ. «Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը մշտապես գտնվում է ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար: ՀՀ ԱԳՆ-ն ամենօրյա կապ է պահպանում եւ պարբերաբար հանդիպումներ ունենում միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ»: Անդրադառնալով գործուն քայլերին՝ ԱԳՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին: «Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ վերոնշյալ խնդիրը մշտապես բարձրաձայնվում է ինչպես ադրբեջանական կողմի հետ, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում գործընկերների մասնակցությամբ հանդիպումների ժամանակ»,- եզրափակել են ԱԳՆ-ից:

 

 

 

 

Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելուց, Արցախը Ադրբեջանին հանձնելուց եւ հայաթափելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետեւողական ջանքերով փորձում է վերացնել Արցախի պետականության ատրիբուտնեը նաեւ հետին թվով: Հիմա էլ որոշել են Արցախի նախագահի հրամանագրերի ճիշտն ու սխալը որոշել: Ինչպես՝ բացատրենք. ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ Վիլեն Գաբրիելյանը, հոկտեմբերի 30-ին՝ բյուջետային քննարկումների ժամանակ, բարձրացրեց Արցախի նախագահի կողմից պարգեւատրված զենքերի հարցը: «Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրումների մասով, անկախ նրանից՝ այդ մարդը հանդիսացել է Արցախի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անկախ իր ով լինելուց եւ կարգավիճակից, մենք շատ լրջագույն պետք է ուսումնասիրենք թե՛ իրավական հիմքերը, թե՛ պատճառները՝ ինչի համար են այդ մարդիկ պարգեւատրվել»,- լուրջ դեմքով հայտարարեց Վիլեն Գաբրիելյանը։ Այսինքն՝ ԱԺ պատգամավորը որոշել է քննել հայկական երկրորդ հանրապետության բնակիչների կողմից լեգիտիմ ընտրություններով ընտրված նախագահի (նախագահների) կարգադրությունները: Այս հանդգնությունն ունի թերեւս մեկ պատճառ. Վիլեն Գաբրիելյանը նեղսրտած է, որ չի կարողացել զենքի պարգեւատրման արժանանալ: Կհարցնեք՝ ով է Վիլեն Գաբրիելյանը. այո, «Ֆեյսբուք»-ում ստատուսներ գրող Նավակ Ճոճողը, որը 33 տարեկան հասակում է 2 տարի ծառայել հայկական զինված ուժերում: Նա թեեւ ունի դեղագետի կրթություն, սակայն 11 տարի գործազուրկ է եղել: Հեղափոխություն եղավ, եւ նա սկսեց ստաբիլ աշխատանք ունենալ, թեեւ վերցրած պարտքերը դեռ ամբողջությամբ չի մարել: Այս որակի մարդը ցանկանում է քննել երկրի նախագահների կագադրությունները:

 

 

 

 

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով բռնի տեղահանված արցախցի պատգամավորները Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանից հետաքրքրվել է՝ արդյոք պատրաստվում են Արցախի ինքնորոշման հարց բարձրացնել կամ որեւէ հայտարարություն ընդունել այդ նիստի ժամանակ: «Նիստի մասին քննարկում կա, այո, բայց ոչ միայն ինքնորոշման մասին, խնդիրը միայն դա չէ: Արցախի Ազգային ժողովը լուծարված չէ, այն պե՞տք է ինչ-որ գործունեություն ծավալի, թե՞ ոչ: Միայն ինքնորոշման հարց չէ, նաեւ մեր հետագա քայլերի, ճակատագիրը, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ ենք անելու. այս բոլոր հարցերը պետք է քննարկենք», -ասաց Աղաբեկյանը՝ չցանկանալով փակագծեր բացել: Աղաբեկյանից հետաքրքրվեցինք՝ կապ հաստատել են արդյոք ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հետ, որպեսզի նա նիստ հրավիրելու նախաձեռնությանն ընթացք տա. «Մինչ այսօր չի հաջողվել նրա հետ կապ հաստատել»:

 

 

 

ՔՊ-ում ակտիվ խմորումներ են: Անցնող ողջ շաբաթ իշխող ուժը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նիստեր է արել՝ թե՛ վարչության, թե՛ նախաձեռնող խմբի: Իսկ մինչ այս ՔՊ-ում կուսակցական կյանքը կանգ էր առել, ու գրեթե մեկ ամիս նիստեր չէին եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ նիստերը թեժ են անցնում, հատկապես՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած նախաձեռնող խմբի նիստը, որի ժամանակ հավաքվել էր իշխանական վերնախավը՝ ե՛ւ պատգամավորները, ե՛ւ նախարարները՝ Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ այլք: Այդ օրը քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր: Նախ Նիկոլ Փաշինյանն է երկար ելույթ ունեցել ու խոսել սպասվող հանդիպումներից, Ադրբեջանի հետ բանակցություններից եւ հայ-թուրքական հարաբերություններից, այնուհետեւ ՔՊ-ականներն են հարցեր ուղղել Փաշինյանին: Վարչության նեղ կազմով նիստերին ՔՊ-ականները քննարկել են բացառապես ներքաղաքական հարցեր: Ավելի վաղ գրել էինք, որ ՔՊ-ականները մտադիր են պաշտոնանկ անել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետին, պատժել Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամներին. այս հարցը եւս քննարկվել է վարչության նիստերին:

 

 




Լրահոս