Նոյեմբերի 16-ին, ժամը 00:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդավառի լճի հետնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ Վարդավառի լճի հետնամասում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած չորս ավտոմեքենաների։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։