ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ աշխատակիցները մտել են կենտրոնի համայնքապետարան ու թաղապետ Սամվել Ղուկասյանին ուղեկցել հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը ներկայացել է հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել: Իսկ մինչ հարցաքննությունը՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն ՝ուշագրավ զարգացումներ են եղել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանին հակակառուպցիոն կոմիտեն ծանուցում է ուղարկել՝ ներկայանալ հարցաքննության, սակայն Սամվել Ղուկասյանը ծանուցման մեջ նշված օրը չի ներկայացել կոմիտե, ուստի մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԱԾ աշխատակիցները մտել են թաղապետարան ու թաղապետի հետ միասին ներկայացել են նախաքննական մարմին, որտեղ էլ Ղուկասյանը հարցաքննվել է:

Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղից չմեկնաբանեցին՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվող անձանց վերաբերյալ տվյալներ չեն հայտնում։

Իսկ ինչ քրեական վարույթի շրջանակներում են Ղուկասյանին կանչել հարցաքննության:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված տվյալների հիման վրա՝ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Մարտիրոսյանն, ով համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանի հովանավորյալն է եւ սիրելին, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Արման Հ.-ի՝ հետ, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք:

Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող ընկերության օգտին հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Տիգրան Մարտիրոսյանը, դարձյալ Արման Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ին և Ա. Ա.-ին փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 700.000 ՀՀ դրամ կաշառք:
13.11.2023թ. կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու վերջիններիս կաշառք տված անձանցից երկուսը ձերբակալվել էին:

Կենտրոն վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը եւ նույն բաժնի աշխատակիցը կալանավորված են: Ահա այս քրեական վարույթի շրջանակներում էլ Սամվել Ղուկասյանը հարցաքննվել է: Մենք կհետևենք քննության ընթացքին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս