«ՀԱՄԵՐ»-Ի ՎԱՐՈՐԴԸ՝ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոնում «Համեր»-ի «անորսալի» վարորդ Գեղամ Սահրադյանը կշարունակի մնալ կալանքի տակ մինչեւ նոյեմբերի 20-ը: Ասել է թե՝ դատավոր Մասիս Մելքոնյանը որոշել է նրա կալանքը եւս 1 ամսով երկարաձգել:

 

Նկատենք, որ գործը դատարանում է, սակայն քննիչները «Համեր» մեքենան դեռ հետ չեն վերադարձրել Գեղամ Սահրադյանի հորը՝ նշելով, որ մեքենայի մեջ պատրոն կա:

Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից։

Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթեւեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաեւ` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։

Այնուհետեւ նա երթեւեկել է ՀՀ կառավարության վարչական շենքի հանդիպակաց ոչ երթեւեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պահանջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։

Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթեւեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երեւան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ եւ դիմել փախուստի:

Վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ Գեղամ Ս.-ին, որը եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ: Պարզվել էր, որ տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երեւան քաղաք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՎԹԱՐՎՈՒՄ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս բարձրաձայնել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի, մեղմ ասած, խայտառակ վիճակի մասին` տեխնիկայի ոչ պատշաճ սպասարկում, աշխատակիցների իրավունքների ոտնահարում, սանմաքրման խայտառակ վիճակ եւ այլն։ Ամենշաբաթյա գործակարգավարականների ժամանակ, լսելով տնօրենի զեկույցը` տարված աշխատանքների վերաբերյալ, արդեն պարզ է դառնում հիմնարկի վիճակը։ Օրինակ՝ աշխատել է x քանակի մեքենա, x քանակի հավաքարար, իսկ թե ինչ աշխատանքներ են կատարել եւ ինչ մասշտաբների, ոչ մի խոսք. սա է հիմնարկում տիրող վիճակը։ Երեւի թե այսպիսի վիճակն է, որ վերջին օրերին արդեն երկրորդ պատահարն է տեղի ունենում. վերջերս այրվել էր 620 LU 01 համարի աղբահանության մեքենան: Մտածեցինք, որ պատկան մարմինները հետեւություններ կանեն հարկատուների գումարներով մոխրացրած մեքենայի համար, սակայն ապարդյուն. այսօր էլ 638 LU 01 համարներով մեկ ուրիշ աղբահանության մեքենա է վթարի ենթարկվել եւ դարձել մետաղի ջարդոն։

Ըստ շրջանառվող լուրերի՝ վարորդը նոր վարորդ է եղել, մեքենան էլ՝ ոչ սարքին վիճակում։ Երկու ամիս առաջ քաղաքապետարանի պաշտոնյաները մեծ ուրախությամբ զեկուցում էին մեքենաների համալրման մասին, իսկ հիմա նորից նման պատահար։ Ինչքա՞ն կարելի է նման անպատասխանատու կերպով վերաբերվել, ինչքա՞ն կարելի է փոշիացնել հարկատուների գումարները սխալ կադրային քաղաքականության պատճառով։ Ուշքի՛ եկեք, քանի չեք դարձել մարդկային կյանքեր խլելու պատճառ։

 

 

 

 

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՅԱՑՎՈՒՄ

Սեպտեմբերին 19-ի բողոքի ակցիաների մասնակիցների գործերով որոշումներ են կայացվում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սամվել Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի՝ Կառավառական տուն 1 հասցեի դիմաց այլ անձաց կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելուց հետո մասնակցել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններին, որի ժամանակ բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Նախաքննական մարմինը գործը ուղարկեց դատարան։

 

 

 

ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉԵՑ

ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա՝ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանքը՝ 700.000 դրամի չափով:

Ինչպես հայտնի էր, ԱԺ նախկին ՔՊ պատգամավոր, ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Արմենի Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օրենքով սահմանված կարգով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, վարել է տրանսպորտային միջոց:

Վերջինիս գործով նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով):

Ինչպես նկատեցինք, դատարանը սահմանափակվեց՝ նրան պատժելով տուգանքով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

5000 ԴՐԱՄԱՆՈՑ ՀՐԱՄԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռոման Վերտիլեցկին մեղադրվում է այն բանի համար, որ նա, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի՝ 2022 թվականի հունիսի 29-ի հրամանով զբաղեցնելով նույն զորամասի ուսումնական հրաձգային գումարտակի 4-րդ ուսումնական վաշտի հրամանատարի պաշտոնը, այդկերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, 2022 թվականի հոկտեմբերի 29-ին զեկուցագիր է ներկայացրել ուսումնական գումարտակի հրամանատարին եւ խնդրել թույլատրել զեկուցագրում նշված զինծառայողներին շաբաթվա ընթացքում բարձր ցուցանիշներ արձանագրելու եւ կարգապահության համար տրամադրել ազատ արձակում։ Նույն զեկուցագրում, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանի Սիմոնյանի խնդրանքով, ներառել է նաեւ նրա տվյալները։

Ստանալով վերադասի թույլտվությունը՝ Ռոման Վերտիլեցկին 2022 թվականի հոկտեմբերի 29-ին կազմել է Դավիթ Վարդանի Սիմոնյանին արձակելու մասին գրություն՝ արձակելով նրան մինչեւ նույն օրը՝ ժամը 20։00-ն։

Արձակման թերթիկը Ռոման Վերտիլեցկին թիվ 54574 զորամասում գտնվող իր աշխատասենյակում տվյալ օրը տվել է Դավիթ Սիմոնյանին, միաժամանակ ազատարձակում տրամադրելու համար նրանից պահանջել 5000 ՀՀ դրամ կաշառք եւ կաշառքի գումարը փոխանցելու համար Դավիթ Սիմոնյանի ներկայությամբ արձակման գրության դարձերեսին գրել է «ՎՏԲ-Հայաստան» բանկում գործող իր՝ 4033 1700 0018 4097 բանկային քարտի հաշվեհամարի տվյալները։

Դավիթ Սիմոնյանն առանց կաշառքի պահանջին պատասխան տալու վերցրել է արձակման գրությունն ու հեռացել զորամասից՝ հետագայում այդ մասին պատմելով հորը՝ Վարդան Սիմոնյանին, որը որդուն արգելել է փոխանցել կաշառքի գումարը։

 

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին արտառոց դեպք է եղել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչի մասնակցությամբ։ 1994 թվականին ծնված բնակիչը գնացել է Էջմիածին քաղաք, մտել «Ֆաստ» բանկ ու բանկում մեծ աղմուկ բարձրացրել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա բանկի աշխատողներին հրահանգել է չշարժվել՝ ապառնալով՝ եթե շարժվեն, իր մոտ գտնվող նռնակը կպայթեցնի։ Այս սպառնալիքներից հետո հրահանգել է բանկի գանձապահին հանել փողերը։ Բանկում խառնաշփոթ է սկսվել, ու 28-ամյա երիտասարդին վնասազերծել են. նա ձերբակալված է։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս