Երևանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին:
Այդ օրը ավագանին քննարկվելու է նաև համայնքի բյուջեն և զարգացման քառամյա ծրագիրը:
Բյուջեն և զարգացման ծրագիրն ավագանու անդամներին է ներկայացնում համայնքի ղեկավարը, իսկ ավագանին դրանք հաստատում և ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ այդ օրը նիստին ներկա ավագանու անդամների մեծամասնության քվեարկությամբ:
Իշխող «Քաղաքացիական պայմանանագիր» խմբակցությունը և նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետությունը»-ը ավագանիում միասին ունեն 32 մանդատ, իսկ ընդդիմադիր թևից հանդես եկող 3 խմբակցությունները՝ «Ազգային առաջընթաց»-ը, «Մայր Հայաստան»-ը և «Հանրային ձայն»-ը միասին ունեն 33 մանդատ։
Ստացվում է՝ բյուջեն և համայնքի զարգացման ծրագիրը կարող են ընդունվել միայն այն դեպքում, երբ ընդդիմադիրները գան, քվորում ապահովեն և կողմ քվեարկեն դրան:
Այսինքն՝ քաղաքային իշխանություններին անհրաժեշտ է ընդդիմադիրներից մեկ ձայն ստանալ, որպեսզի ավագանին կարողանա բյուջեն ու զարգացման ծրագիրն ընդունի:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 55-րդ կետը սահմանում է՝ համայնքի բյուջեն չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:
Եթե ավագանին մինչև տարվա սկիզբը համայնքի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:
Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում՝ համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ավագանու անդամների թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:
Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշում կայացնելու դեպքում համայնքի ղեկավարը հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով:
Այսինքն, եթե ընդդիմադիր ֆրակցիաները չգան, չներկայանան և չընդունեն բյուջեն, ապա կարող է ընդհուպ մինչև քաղաքապետի հրաժարականի հարց բարձրանալ:
Արդյո՞ք ՔՊ-ին կհաջողվի ընդդիմության հետ համաձայնության գալ և մեկ ձայն ապահովել, ինչպես եղավ քաղաքապետի ընտրության հարցով ավագանու նիստի դեպքում, ցույց կտա ժամանակը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան