ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսի կատարած երկօրյա այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ:

Հանդիպման ընթացքում խորհուրդների անդամները Պաշտպանին ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները, նպատակներն ու խնդիրները։

Անահիտ Մանասյանը խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Վրաստանում հայերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է իրենց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ սերտ կապի մեջ է վրաց գործընկերների հետ և պարբերաբար քննարկում է նաև հայ համայնքի իրավունքներին վերաբերելի հարցեր։

Անահիտ Մանասյանը նաև հայտնել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ: Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ վրացական համայնքից: Ներկայացվել են նաև խորհրդի ստեղծման և գործունեության նպատակներն ու աշխատանքի ուղղությունները:

Հանդիպման շրջանակներում Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։




Լրահոս