ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանն իր թիմակիցների հետ ձեւավորել է «ԶԱՆԳ» շարժումը, որն իշխանության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ է իրականացնում քաղաքում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը շարժման ակնկալիքների եւ ապագա ծրագրերի մասին խոսել է Սուրեն Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, Դուք եւ Ձեր թիմակիցները  նոր շարժում եք ձեւավորել, եւ արդեն քանի օր՝ իշխանության հրաժարականի պահանջով ակցիաներ եք իրականացնում եւ հանրությանը հրավիրում հանրահավաքների եւ քայլերթերի: Կխնդրեմ մի փոքր մանրամասնել՝ ինչպես առաջացավ գաղափարը շարժում ձեւավորելու, ինչ սպասումներ ունեք:

-Որպես այդպիսին, շարժման սկիզբը ես կարող եմ  համարել ՄԱԿ-ին ուղղված Ադրբեջանի նամակը, որտեղ Ադրբեջանի հայեցակարգն էր ներկայացվում միջազգային հանրությանը, եւ պնդում կար, որ դա  վիճելի տարածքներ են, այսպես կոչված, Հայաստանի տարածքից Ադրբեջանի քաղաքացիներին տեղահանել են եւ այլն: Շատ հետաքրքիր բաներ են առաջարկում, միեւնույն ժամանակ՝ շատ վտանգավոր Հայաստանի համար, թե այդ վերաբնակեցումը ինչպես պետք է իրականացվի:

Պնդում են, որ հայերը ցեղասպան ժողովուրդ են, եւ խաղաղապահ զորքեր պետք է տեղակայվեն Հայաստանում մինչեւ ադրբեջանցիների վերադարձը: Այդ խաղաղապահ ուժերը պետք է լինեն Ադրբեջանի վստահությունը վայելող երկրների ներկայացուցիչներ, պետք է մնան այնքան, որ վերաբնակեցվող ադրբեջանցիները ինքնապաշտպանական ռազմական ուժեր ունենան, ադրբեջաներենը պետք է լինի ուսուցանվող լեզու եւ այլն: Մի խոսքով, սա հայկական պետություն չէր լինելու, եւ ավելին՝ ադրբեջանական դառնալու նախադրյալներ էին ստեղծվում: Մայիսից  արդեն Հայաստանի կառավարությունը բանակցություններ էր վարում դրա շուրջ: Եվ հենց այդ ժամանակից էլ սկսած՝ ես սկսեցի խոսել մարդկանց հետ, ու հասկացել եմ, որ ինձ պես շատերն են մտահոգված այդ հայեցակարգով՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ: Օգոստոսի 16-ից մենք հանրային քննարկումներ ենք տարել, եւ շուրջ մեկ ամիս տեւողությամբ շտաբային աշխատանքներց հետո ձեւովորվել է «ԶԱՆԳ» շարժումը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը շարժման առաջնային նպատակը չէ: Մեր նպատակն է ստեղծել պետություն, որը ունակ է դիմակայել մարտահրավերների, եւ այսօրվա իշխանությունը անմիջական խոչընդոտ է դրան:

-Ովքե՞ր են շարժման անդամներ հանդիսանում:

-50 օր ով մասնակցել է քննարկումներին, խնդիրը դարձրել է իրենը, նրանք են հենց ձեւավորել այդ կորիզը, որը շտաբային աշխատանքներ է իրականացնում:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

Ո՞ՒՐ Է ԽՈՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

Նոեմբերի 27-ին քաղաքապետարանում տեղի ունեցավ հերթական գործակարգավարական նիստը:

 

Պարբերաբար տեղի ունեցող այս նիստերին արդեն երկրորդ անգամ չի մասնակցում Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ Խորեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը գտնվում է արձակուրդում, այդ իսկ պատճառով ներկա չի եղել:

Հիշեցնենք, որ մամուլում հայտնվել էին նյութեր, ըստ որոնց՝ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։

Վերջինս, սակայն, հաջորդ օրը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե ազատման դիմում չի գրել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա՝ աշխատանքից ազատման շուրջ լուրջ խմորումներ են գնացել քաղաքապետարանում:

Բանն այն է, որ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետերի նշանակումից հետո բաժանումներ է արել, թե նրանցից ով որ ոլորտը պետք է համակարգի: Ըստ այդմ՝ փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը պետք է քաղշին ոլորտը վերահսկեր: Եւ, ահա, Լեւոն Հովհաննիսյանն իր մոտ է կանչել Խորեն Գրիգորյանին ու ասել, որ այսուհետ պետք է հաշվետու լինի իրեն, պահանջել է նաեւ այսուհետ իրեն ցույց տալ շինթույլտվությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

Մշտապես ինքնագործունեությամբ զբաղվող Խորեն Գրիգորյանին դուր չի եկել, որ իրեն պետք է այսուհետ վերահսկի Հովհաննիսյանը, եւ նա «սպառնացել է», թե ազատման դիմում կգրի: Այդ խոսակցության ընթացքում Հովհաննիսյանի աշխատասենյակում թեժ կռիվ է սկսվել:

Ավելի ուշ Տիգրան Ավինյանն իր մոտ է կանչել Լեւոն Հովհաննիսյանին եւ Խորեն Գրիգորյանին ու ասել է՝ պետք է մի կողմ դնել տարաձայնությունները ու նորմալ աշխատել միասին:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, այդ օրը՝ մինչեւ ուշ ժամ, քաղաքապետարանում լարված իրավիճակ է եղել:

Երկար խոսակցություններից հետո Խորեն Գրիգորյանը հետ է կանգնել իր «սկզբունքային» որոշումից եւ «մեկնել» արձակուրդ, իսկ թե կվերադառնա նա արձակուրդից, ցույց կտա ժամանակը:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է այն շարքը, որում պարբերաբար անդրադառնում է պետական պաշտոնյաներին, երկրի առաջին դեմքերին սպասարկող մեքենաների բենզինի ծախսին եւ դրա հավելյալ պահանջված քանակին ու հիմնավորմանը: Արդեն անդրադարձել ենք ՀՀ վարչապետին, ԱԺ հանձնաժողովների նախագահներին, ԱԺ փոխնախագահներին սպասարկող մեքենաներին հավելյալ տրամադրվող բենզինի քանակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ հարցում է ուղարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմ՝ պարզելու, թե վերջին մեկ տարում որքան բենզին է ծախսել Խաչատուրյանին սպասարկող ավտոմեքենան: Հարցրել էինք՝ քանի մեքենա է սպասարկում նրան, եւ, ըստ մեքենաների, խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե որքան դիզվառելիք է ծախսվել նրան սպասարկող բոլոր ավտոմեքենաների համար: Նաեւ խնդրել էինք հայտնել՝ որքան բենզին է հավելյալ տրամադրվել վերը նշված բոլոր սպասարկող մեքենաների համար եւ ինչ անհրաժեշտությամբ: Նախագահի աշխատակազմից, շատ արագ արձագանքելով մեր գրությանը, ժամեր անց տեղեկացրին, որ հանրապետության նախագահին սպասարկող մեքենան, ինչպես նաեւ ուղեկցող մեքենաները հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվեկշռում չեն, եւ, բնականաբար, վերջինիս կողմից ավտոմեքենաների համար անհրաժեշտ բենզին չի հատկացվում: Ավելի ուշ նախագահականից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ բոլոր այն մեքենաները, որոնք սպասարկում են նախագահին, գտնվում են ՊՊԾ-ի վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով էլ տվյալներ փոխանցել չեն կարողացել: ՊՊԾ-ից, մեր բանավոր հարցերին ի պատասխան, հայտնեցին, որ բանավոր ոչինչ ասել չեն կարող: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցումն ուղարկեց ՊՊԾ պետի պարտականությունները կատարող Արթուր Գասպարյանին: Օրեր անց պարոն Գասպարյանի ստորագրությամբ ուղարկվեց փաստաթուղթ, որում, մասնավորապես, ասվում է. ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների եւ միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է՝ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Հայցվող տեղեկությունը, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, որի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման ձեւերի եւ մեթոդների, ինչպես նաեւ նրանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են, ուստի եւ, նույն օրենքի համաձայն, դասվում են պետական գաղտնիքի շարքին: Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ»: Պատասխանը նույնն էր, ինչ վարչապետ Փաշինյանի դեպքում էր. ՀՀ նախագահին սպասարկող մեքենաների եւ դրանց վերաբերյալ տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չէ: Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ նախագահին մոտ կանգնած աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ Խաչատուրյանը վերջին շրջանում ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա: Փաստորեն, նախագահի կորտեժը, ի տարբերություն վարչապետի կորտեժի, թեեւ մահաբեր չէ, սակայն մնացած առումներով չի զիջում «պադավատապետության» գլխավոր հովանավոր Նիկոլ Փաշինյանի կորտեժին:

 

 

 

 




Լրահոս