Երեկ Կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության համաձայն Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Ըստ հայտարարության՝ վերադարձվողների մեջ Արցախի ոչ ներկա և ոչ նախկին պաշտոնյաներից ոչ մեկ չկա:
Ավելի ուշ հրապարակվեց նաև Հայաստան վերադարձվող գերիների անունները։
Տարածված անվանացանկի համաձայն՝ Հայաստան է վերադարձվում նաև Սերոբ Սուրենի Ավագյանը:
Սերոբ Ավագյանի դատավարությունը կատարվել է Բաքվի ծանր դատարանում՝ դատավոր Էլդար Իսմայիլովի կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով, և նա դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Նրան առաջադրվել էր մեղադրանք «ահաբեկչության և դիվերսիայի համար»: Ըստ ադրբեջանական կողմի` հրադադարից հետո՝ նոյեմբերի 26-27-ը հատել են «Ադրբեջանի պետական սահմանն ու Հադրութի հյուսիս-արևմտյան հատվածի անտառային տեղանքում մարտական դիրքեր զբաղեցրել, այնուհետև մինչ դոկտեմբերի 13-ը զինված հարձակումներ իրագործել»:
Նշենք, որ Սերոբ Ավագյանը գերեվարվել էր 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում:
Նանիկ Աղասյան