Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ եկել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու ՔՊ-ական պատգամավորների հարցերին: Գո՞հ է արդյոք Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի աշխատանքից, ի՞նչ կարեւոր բացահայտումներ է հանձնաժողովն արել: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ:
-Դուք հանձնաժողովի ձեւավորվելուց հետո որպես արտախորհրդարանական ուժ եք մասնակցում ընտրություններին, հետո ասացիք, որ խաղի կանոնները չեն պահպանվում, եւ դուրս եկաք հանձնաժողովից: Հիմա ի՞նչ է փոխվել:
-Հիմա այն է փոխվել, որ ընդդիմությունը ասել է, որ պարոն Բաբայանը չպետք է լինի հանձնաժողովում որպես անդամ, այլ պետք է պատասխան տա արածների համար. հրավիրել են, եկել եմ՝ պատասխանելու:
-Այսինքն՝ խաղի կանոնները պահպանվու՞մ են: Արդեն ավարտվում է աշխատանքը դեկտեմբերին, բայց այդպես էլ որեւէ բացահայտում չկա:
-Ես այստեղ պատասխանատու չեմ, ղեկավար չեմ այդ հանձնաժողովի: Պահպանում է, թե չի պահպանում, տեղյակ չեմ:
-Գո՞հ եք աշխատանքից:
-Ինձ ուղղված հարցերից գոհ եմ:
-Իսկ, պարո՛ն Բաբայան, ինչ եկել եք Հայաստան, հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին:
-Ո՛չ, չեմ հանդիպել:
-Ձեզ հաճախ տեսնում են իշխանական պատգամավորների հետ:
-Այո՛, կարող եմ պատգամավորների հետ հանդիպել:
-Առաջարկ չի՞ եղել հանդիպելու, հարցեր քննարկելու:
-Ո՛չ, նման բան չի եղել:
Հավելենք նաեւ, որ դեկտեմբերի 3-ին արդեն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտում է իր աշխատանքը, ուստի Սամվել Բաբայանը վերջին հրավիրյալն էր:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԷՐ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գիշերը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել. «Լրատվականներից մեկի մեկնաբանություններն եմ կարդում իմ այսօրվա ճեպազրույցի այն հատվածի տակ, ուր ասել եմ, որ գալու է ժամանակ, որ հայերը եւ ադրբեջանցիները ապրեն իրար կողքի: Պարզ է, որ մի նոր բան չի ասվել, եւ բացահայտում չկա նրա մեջ, որ երկու հարեւան պետության գոյատեւման լավագույն տարբերակը խաղաղ ապրելն է եւ առեւտուր անելը: Երկարատեւ արյունալի պատերազմներից հետո խաղաղ ապրելու օրինակները շատ են, իսկ այլընտրանք ուղղակի չկա:
Բայց, արի ու տես, մեկնաբանություններն այլ բանի մասին էին: Բովանդակալից ոչինչ չկար, զուտ վիրավորանքներ եւ հուզմունք: Փորձեցի հասկանալ՝ ովքեր են այս մարդիկ, որոնք այդքան սրտացավ են եւ չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, եւ ոչ մի զարմանալի բան չբացահայտվեց: Եթե մի կողմ դնենք անիծող երիտասարդ մայրերին, քաղաքականությամբ զբաղվող վիզաժ-մակիաժ-տատուաժ անող տիկնանց, պարզվում է՝ նրանց մեծ մասը բնակվում է ՌԴ-ում, եւ, օրինակ, Ստավրոպոլ քաղաքից ինքը չի ցանկանում, որ հայերը ապրեն ադրբեջանցիների հետ կողք կողքի, եւ թեկուզ գրում է ռուսատառ, բայց, իր պատկերացմամբ, հայերեն, հաճախ նույնիսկ գերազանց ռուսերենի եւ հայերենի տիրապետումը չի օգնում լիարժեք հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել այդ հայորդին: Մի փոքր մաս էլ բնակվում է ԱՄՆ-ում եւ, բնական է, նույնպես չի ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի եւ անընդունելի է համարում իմ ասածը:
Հետաքրքիր մի տեսակ էլ կա, որ աչքի է ընկնում հայհոյանքների շքեղությամբ, եւ վստահ կարող եմ ասել, թե որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից, եւ այդքան արագ էլ անհետանում են, երբ փորձում ես կապ հաստատել եւ հասկանալ, թե ինչն է այդքան զայրացրել Ստավրոպոլում ապրող, իր էջում Հիսուսի եւ զենքի նկարներ տեղադրող եւ մեքենայի սպիդոմետրը վիդեո նկարած այդ հայրենասեր երիտասարդ հայորդուն:
Բայց չկարծեք, թե բողոքում եմ կամ նեղսրտում. պարզ է, որ հանրային մարդը, քաղաքական գործիչը կարող է եւ պետք է քննադատվի, այն էլ՝ մեր ժամանակներում, երբ նույնիսկ իրենց թոռների եւ մազերի սանրվածքների շքերթով փայլող կանայք չեն խորշում վերջին հայհոյանքները տալ եւ լսել:
Հակառակը, թող սովորեն, լսեն, ֆիքսեն, որ ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի, որ իրենք էլ հանգիստ, չվախենալով ոչինչից, վերցնեն իրենց ընտանիքներին եւ վերջապես վերադառնան՝ Հայաստանում ապրելու»:
ՊԱՐՏՔ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
Դեռ այս տարվա օգոստոսին հայտնի էր դարձել, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարարի՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ Հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, որ պիտի կատարվեր այս տարվա հուլիսի 1-ին, չի արվել։ Ըստ ժամանակացույցի՝ գնորդը մինչեւ 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ: Այսինքն՝ անգամ «փակովի» տարբերակով ձեռք բերված պետական գույքի համար ամբողջական վճարումներն արված չեն, բայց Նիկոլ Փաշինյանը համառ լռում է:
Ու թեեւ Նարեկ Նալբանդյանը դեռ պարտք է պետությանը, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ գերշքեղ ու գերթանկարժեք հյուրանոցը այս օրերին նախապատրաստվում է վերաբացման։ Մինչ այդ գրեթե մեկ տարի, եթե ոչ ավելի, այն վերանորոգման մեջ էր։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց գործարար Նարեկ Նալբանդյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ բացման օրվա հյուրերի մասին դեռ հստակ ցանկ չկա, այն կլինի առաջիկայում, բայց Ամանորի համար արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում.
«Կազմակերպչական աշխատանքները դեռ ընթացքում են, ավարտված չեն, մեծ թիմ է աշխատում։ Մեր հյուրանոցի գլխավոր տնօրենը Մահմուդ Սահադն է, ում դրսից ենք բերել։ Անձամբ ես չեմ զբաղվում հյուրերի ցանկով եւ կազմակերպչական աշխատանքներով»։
Նարեկ Նալբանդյանը մեզ հայտնեց նաեւ, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ամանորյա միջոցառում է անցկացվելու, որին մասնակցելու են հայ հայտնի երգիչներ եւ երգչուհիներ։
«Միջոցառմանը, որ նախատեսվում է կազմակերպել Ամանորին, երգելու են Իվետա Մուկուչյանը, Սարո Թովմասյանը, «Հայաթ Փրոջեքթ»-ը, կարճ ասած՝ մեծ միջոցառում ենք նախատեսում»,- հայտնել է Նալբանդյանը։
Հավելենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ «Գոլդեն Փելիս»-ում մեծ վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում, նույնիսկ գույքը հանվել էր վաճառքի բավականին մատչելի գնով։
Հիշեցնենք նաեւ, որ դեռ օգոստոսի 24-ին հենց այս հյուրանոցում անցկացվեց ԵԱՏՄ արտահերթ նիստը, որին մասնակցել էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները:
Իսկ ինչ վերաբերում է պարտքերի տակ գտնվող Նարեկ Նալբանդյանին, ապա նա նոր ծնվող օլիգարխ է, որը թեեւ պետությանն ահռելի պարտքեր ունի, չգիտես՝ ինչպես, վերջին տարիներին կառուցել է 12 գործարան: