ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹՈՌՆ ՈՒ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ միջադեպի գործով ներքին պայմանավորվածություն կա:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորի ընտանիքը իրավապահների հետ կապի է դուրս եկել, խոստացել են թոռանը բերել հարցաքննության, որ լսեն, թե նա ինչ կպատմի միջադեպի մասին: Իսկ ի՞նչ է կատարվում ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան շուրջ:

Երեք օր առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկություններով՝ միջադեպի ականատեսներ կան, որոնք կցկտուր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել այդ տղային:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննության ժամանակ տուժած ուսանողն իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը։ Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդիները հեղափոխությունից հետո իրենց դիրքերն են ամրապնդում իրավապահ համակարգում: Արմեն Մելքոնյանը այս տարվա ապրիլի 1-ին նշանակվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Դանակահարության միջադեպի գործով անցնող Գագիկ Կարեն Մելքոնյանի հայրը՝ Կարեն Մելքոնյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարն է: Ինչեւէ, հետեւենք զարգացումներին, տեսնենք, թե ինչ է սպասվում միջադեպով, արդյոք նախաքննական մարմինը մինչեւ վերջ կգնա եւ կբացահայտի եղելությունը, թե այս դեպքն էլ ՔՊ-ական մյուս պաշտոնյաների հարազատների դեպքերի նման կփակվի: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քնչական կոմիտեից հայտնել էին, որ նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացվել է հաղորդում։ Այդ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն։

 

 

 

ԴԱՏՎՈՒՄ ԵՆ. ԶՈՐԱՄԱՍԸ ԼՔԵԼ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռոման Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում նշանակված լինելով գնդացրորդի պաշտոնին, կոչումով շարքային, ընդգրկված լինելով մարտական գործողություններին, 2020 թվականի հոկտեմբերի 6-ին ինքնակամ թողել է ծառայության վայրը եւ ՀՀ ՊՆ թիվ զորամասում հանձնելով իրեն ամրակցված զենք-զինամթերքը՝ մեկնել է իր բնակության վայր, որից հետո՝ 2020թ.-ի նոյեմբերի 20-ին, վերադարձել է ՀՀ ՊՆ թիվ զորամաս ու ներգրավվել մարտական հերթապահության՝ այդկերպ զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելով 240 ժամից ավելի տեւողությամբ։

 

Գեւորգ Շահնազարյանին եւ Մարգար Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայողներ, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2021թ.-ի նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել են ծառայության վայրը, իսկ 2021թ.-ի մարտի 29-ին՝ ժամը 18։10-ին, ինքնակամ ներկայացել են զորամաս՝ ծառայությունից բացակայելով 3385 ժամ 40 րոպե տեւողությամբ։

Խաչիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ ընդհանուր զորահավաքի միջոցով զորակոչված եւ որպես պահեստազորային հաշվառված լինելով ՀՀ ՊՆ համապատասխան զորամասում, մարտական խնդիր կատարելու համար մեկնել է առաջնագիծ, որից հետո՝ 2020թ.-ի հոկտեմբերի 6-ին, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել է ծառայության վայրը՝ կատարելով դասալքություն։

Վրեժ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ ընդհանուր զորահավաքի միջոցով զորակոչված եւ որպես պահեստազորային հաշվառված լինելով ՀՀ ՊՆ համապատասխան զորամասում, մարտական խնդիր կատարելու համար մեկնել է առաջնագիծ, որից հետո՝ 2020թ.-ի հոկտեմբերի 6-ին, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ինքնակամ թողել է ծառայության վայրը՝ կատարելով դասալքություն։

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

ՂԵԿԱՎԱՐԸ՝ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի մայիսի 14-ին Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ Արսեն Սուրենի Գասպարյանը վիճաբանել է նույն համայնքի բնակիչ Պարգեւ Գասպարյանի հետ, ինչից հետո՝ հաջորդ օրը՝ 2023 թվականի մայիսի 15-ին, հիշյալ տարաձայնությունը հարթելու նպատակով Հայթաղ համայնքի ղեկավար Բաբկեն Հրայրի Կարապետյանը վերջիններիս հրավիրել է համայնքապետարան, որտեղ, ընդհանուր զրույցի ընթացքում միմյանց չհանդուրժելով, վերստին վիճաբանություն է տեղի ունեցել Արսեն եւ Պարգեւ Գասպարյանների միջեւ, ինչը պարզաբանելու համար նույն օրը հանդիպել են հիշյալ համայնքում գտնվող «ղռեր» կոչվող տարածքում:

Նշված վայրում Պարգեւ Գասպարյանը քարով հարվածել է Սուրեն Գասպարյանի գլխին, ինչից հետո վերջինս իր երկու որդիների՝ Արսեն եւ Գեղամ Գասպարյանների հետ միասին հարձակվել է Պարգեւ Գասպարյանի վրա, որի ժամանակ Սուրեն Գասպարյանը Գեղամ Գասպարյանի հետ խմբի կազմում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ Պարգեւ Գասպարյանի նկատմամբ կատարելով ֆիզիկական ներգործություն, իսկ Արսեն Գասպարյանը, ձեռքերով բռնելով գետնին ընկած Պարգեւ Գասպարյանի ոտքից, Պարգեւ Գասպարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս սեռական օրգաններին՝ Պարգեւ Գասպարյանի առողջությանը պատճառելով հետին միզուկի 2-3-րդ աստիճանի վնասվածք՝ պատի ամբողջականության խախտման ձեւով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

  1. Արսեն Սուրենի Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով։
  2. Պարգեւ Երջանիկի Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։
  3. Գեղամ Սուրենի Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։
  4. Սուրեն Վանիկի Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս