ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետին է ներկայացրել դեկտեմբերի 5-7-ը Գանա այցի հաշվետվությունը, ինչպես նրանից պահանջվել էր գործուղման մեկնելու որոշման մեջ։ Այդ հաշվետվությունը տեղադրված է ՀՀ կառավարության՝ e-gov.am կայքում։
Բայց ընթերցողները կհիշեն, որ Անահիտ Ավանեսյանը վարչապետի մեկ այլ որոշմամբ, մինչև Գանա գնալը, գործուղվել էր նաև Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Դուբայ։ Նա դեկտեմբերի 2-3-ը ըստ որոշման պետք է մասնակցեր «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ հանդիպմանը։
Ինչպես նշված էր Ավանեսյանի՝ ԱՄԷ գործուղման որոշման մեջ, «Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:
Ավանեսյանի՝ ԱՄԷ գործուղման ավարտից անցել է ոչ թե 3, այլ՝ 10 օր, ու մինչև հիմա նախարարը հաշվետվություն չի ներկայացրել, թե հարկատուներիս հաշվին Դուբայ այցի ժամանակ ինչ է արել առողջապահության նախարարը՝ Կլիմայի հետ կապված համաժողովում։
Իհարկե, չենք զարմանա, եթե պարզվի՝ նա ներկայացրել է հաշվետվությունը, բայց կառավարությունում են անփութություն ցուցաբերել ու չեն տեղադրել կայքում։
Բայց սա նշանակություն չունի, որովհետև փաստն այն է, որ նախարարի հաշվետվությունը հրապարակային կայքում բացակայում է։