Հայաստանին չի վերադարձվել լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը, ում անունը կար նախօրոք հրապարակած անվանացանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին այն մասին, որ փոխադարձ համաձայնությամբ ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձնում 32 հայ գերու, իսկ հայկական կողմը 2 արբեջանցի զինծառայողի:

Ավելի ուշ հրապարակվեց Հայաստան վերադարձվող գերիների անվանացանկը, որոնց թվում էր նաև լիբանանահայ Վիգեն Աբրահամի Էուլջեքչյանը:

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ղազախ-Իջևան սահմանագոտում հայկական և ադրբեջանական կողմերը փոխանակվեցին գերիներով, սակայն Հայասատան վերադարձած գերիների մեջ չկար Վիգեն Էուլջեքչյանը:

Վիգեն Էուլջեքչյանը ծնվել է 1979թ. Բեյրութ քաղաքում: 2015թ. ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019թ. տեղափոխվել է Երևան, հետո Արցախի Հանրապետության Շուշի քաղաք: 2020թ. նոյեմբերի 10-ին ադրբեջանցի զինվորականները նրան և Մարալ Նաջարյանին գերեվարել էին: Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ էր արձակվել, իսկ Վիգեն Էուլջեքչյանին մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով և դատապարտվել 20 տարի ազատազրկման։

Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կազմվում էր միայն ամբաստանյալի՝ իբրև ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։

Նանիկ Աղասյան




Լրահոս