Ադրբեջանական գերությունից այսօր վերադարձած զինծառայողները, որոնց գերակշիռ մասը Շիրակի մարզից են, մոտ երկու ժամից մարզպետի և իրենց ընտանիքների անդամների հետ կուղևորվեն տուն:
Այս մասին «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որը եկել էր դիմավորելու գերությունից վերադարձած զինծառայողներին:
Նա հայտնեց, որ տղաներն այս պահին բուժզննում են անցնում, դրանից հետո հարցաքննություն չի լինելու, ինչպես սովորաբար եղել է նախկինում: Տղաները բժշկական հետազոտություն անցնելուց հետո տուն են գնալու:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:
Ինչպես հայտնել ենք, 2020-2023 թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողները և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայողն արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: