Ղեկին ծխել են, անհարգալից խոսել, անկանոն վարել. ինչու են աշխատանքից ազատվել ավտոբուսի վարորդները. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյբուքյան իր էջում հայտնեց ավտոբուսի 31 վարորդի աշխատանքից ազատման մասին.

«Երևանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության և մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաև այլ արատավոր երևույթների դեմ հետևողական, խիստ միջոցներ է կիրառում և շարունակելու է կիրառել:
Մանկապարտեզների տնօրենների ազատման՝ նախորդ գրառմանս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նույնպես աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:

Մասնավորապես՝ ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից»,- գրել էր Կոստանյանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ պատճառները տարբեր են եղել տարբեր վարորդների դեպքում: Գաղտնիք չէ, որ «Zhongtong» և «MAN» ավտոբուսների մեջ կան տեսանկարահանման սարքեր, որոնք տեղակայված են ավտոբուսի տարբեր մասերում, այդ թվում և վարորդի նստատեղին հարող տարածքում, որը ֆիքսում է նաեւ հենց այդ տարածքում տեղի ունեցող իրադարձությունները:

Օրվա կամ շաբաթվա վերջին տեղի է ունենում մոնիթորինգ, որի ժամանակ ուսումնասիրվում է տեսախցիկների բովանդակությունը:

Տեղի ունեցած մոնիթորինգի արդյունքում հայտնի են դարձել մի շարք խախտումներ, որոնք հանդիսացել են վարորդների աշխատանքից ազատման պատճառ։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքերից մեկը կապված է եղել վարորդի՝ ուղևորի հետ ոչ պատշաճ խոսելու, անպարկեշտ արտահայտություններ օգտագործելու հետ:

Մյուս դեպքում՝ վարորդը գումարի համար նախատեսված արկղիկից զատ տրամադրվող ուղեվճարը օրվա վերջին չի ներկայացրել որպես մուծում, այլ կերպ ասված՝ իրեն է պահել:

Մեկ այլ դեպքում աշխատանքից ազատման պատճառ է դարձել ղեկին ծխելը, այն էլ հանրային տրանսպորտում:

Տրանսպորտային միջոցն անկանոն վարելը ևս դարձել է վարորդների՝ աշխատանքից ազատման պատճառ:

Այս պահին վարորդների պակաս չկա, ավտոբուսները շահագործվում են ինչպես հարկն է:

Մարիամ Ղազարյան




Լրահոս