«Վերածնունդ» թաղամասի բնակիչները վրդովված են՝ քաղաքապետարանը հրաժարվում է իր իսկ հաստատած նախագծից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները այսօր թաղամասում հավաք են կազմակերպել բարձրաձայնելու թաղամասն օր առաջ բնակեցնելու խնդիրը։

Տարբեր պատճառներով նախագծի ավարտն ուշացել է, բայց հիմա, երբ թվով 6 շենքերը կառուցված են, իսկ բազմաթիվ բնակարաններ կահավորված ու թվում է, թե շուրջ 800 ընտանիքների` սեփական բնակարանում ապրելու երազանքը շատ մոտ է իրականություն դառնալուն, նոր խոչընդոտ է առաջացել։

Թաղամասը պետք է միացնել կոմունալ ենթակառուցվածքներին (ջրագիծ, գազատար), թաղամաս տանող ճանապարհը պետք է կառուցել, բայց աշխատանքների ավարտին խանգարում են այդ հատվածում գտնվող ակացիաները։

Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է իր իսկ հաստատած նախագծից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ է իր նախորդի հաստատած գլխավոր նախագծի շրջանակներում թվով 32 ակացիա տեսակի ծառերի տեղափոխմանը։ Թաղամասի բնակիչները շեշտում են` դրված է ոչ թե ծառահատման, այլ տեղափոխման խնդիրը, իրենք կարեւորում են բնապահպանական խնդիրները, պատրաստ են ծառատունկ իրականացնել ու ավելի շատ ծառ տնկել, բայց համայնքային իշխանությունից օպերատիվ դրական լուծում են ակնկալում, առանց այդ լուծման թաղամասի բնակեցումը հնարավոր չէ։

Բացի այս, քաղաքապետարանը մերժել է շուրջ 5 հազար ապագա բնակիչ ունեցող թաղամասի համար կանգառի եւ անցումի կառուցման բնակիչներից մեկի դիմումը, խնդրանքը համարելով ոչ նպատակահարմար այն դեպքում, երբ Մոնթե Մելքոնյան փողոցում, որտեղ գտնվում է թաղամասը, առանց համապատասխան ենթակառուցվածքների բնակվելը անհնարին, եթե չասենք, վտանգավոր կարող է լինել։

Թաղամասի բնակիչները պահանջներ ունեն նաեւ կառուցապատող ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ից։ Այն է` ամենասեղմ ժամկետներում ամբողջությամբ ավարտին հասցնել տարիներ ձգված աշխատանքները, բնակարաններում ապահովել գազի, ջրի, հոսանքի հասանելիություն եւ վերջապես թաղամասը հանձնել շահագործման։




Լրահոս