Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթեցմամբ ընդունելու մասին հարցը։
Օրենքով սահմանված՝ 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը: Այսպիսով, 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ պատժվել ազատազրկմամբ:
«Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ, առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարել համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից:
Մասնավորապես՝
նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ,
5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն ՀՀ դրամ:
Բացի այդ, գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում ծնված կամ մինչեւ 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք ենթակա են 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտականություն չունեն, ինչն էական անհավասարություն է առաջացնում հիշյալ երկու խմբի ՀՀ քաղաքացիների միջեւ վերջիններիս համապատասխան պարտականությունները հավասարակշռելու առումով:
Նախագծի փաթեթի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները: Ընդ որում՝ նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից»,- նշված է նախագծում:
«Եթե 27 տարին լրացած քաղաքացիներին չընձեռնվի նախագծով առաջարկվող հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նա չի վերադառնա հայրենիք մինչեւ 37 տարեկանը լրանալը, քանի որ 37 տարեկանում քաղաքացին ազատվում է քրեական հետապնդումից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Հասկանալի պատճառներով այս դեպքում նրանցից քչերի մոտ պահպանված կլինի հայրենիք վերադառնալու ցանկությունը, իսկ վերադարձողները ե՛ւ չեն ծառայի Հայաստանի զինված ուժերում, ե՛ւ Հայաստանի պետական բյուջե գումար չեն վճարի»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ այս նախագիծը բանակին տալու է նոր զորակոչիկների եւ նոր ֆինանսական միջոցների հնարավորություն, որ այս պահին չունի բանակը, որը վատնում են այս օրենքը չընդունելով մինչ այս պահը։
«Միայն կշահենք օրենքի ընդունման դեպքում»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։
Նա ասաց, որ օրենքի նախագիծը ոչ թե բանակում չծառայելու հնարավորություն է տալիս, այլ չդատապարտվելու։ Հայկ Սագսյանը հստակեցրեց, որ օրենքի ընդունումից հետո ՀՀ այն քաղաքացիները, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, նրանք չեն կարող օգտվել այս օրենքի ընձեռած հնարավորությունից, նրանք պետք է ծառայեն, ունեն ծառայելու պարտավորություն եւ հնարավորություն. օրենքը կտարածվի նրանց վրա, ովքեր գործող կարգավորումներով ծառայության հնարավորություն չունեն։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Հրաչյայի Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2023 թվականի փետրվարի 08-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, գտնվելով Երեւան քաղաքի Ջրվեժ Մայակ թաղամասի 2-րդ շենքի հարակից հատվածում գտնվող ավտոկանգառի մոտ, իր փոքր եղբոր՝ Հայկ Միհրանյանի, ընկերոջ՝ Բարսեղ Թովմասյանի եւ քննությամբ դեռեւս ինքնությունները չպարզված այլ ընկերների հետ միասին հանդիպել են Ռաֆայել Խաչատրյանին, Միքայել Ադամյանին, Մկրտիչ Չոբանյանին, Արթուր Գավիթի Բաբայանին, այնուհետեւ քննությամբ ինքնությունները դեռեւս չպարզված՝ վերջիններիս այլ ընկերներին՝ Ռաֆայել Խաչատրյանի կողմից Տիգրան Միհրանյանի մորեղբոր աղջկան՝ Ռեգինե Մանուկյանին սիրահարված լինելու եւ Միքայել Ադամյանի կողմից Տիգրան Միհրանյանից քննությամբ կոնկրետ հասցեն դեռեւս չպարզված վարձակալած խանութի վարձավճարի հարցերի շուրջ զրուցելու համար, որտեղ նրանց միջեւ սկսված զրույցը վերածվել է վիճաբանության, ապա՝ քաշքշուկի, ինչի ընթացքում Տիգրան Միհրանյանը նախապես իր հետ վերցված, քննությամբ դեռեւս չպարզված ինքնաշեն կամ ձեւափոխված ողորկ անցուղի փող ունեցող զենքի գործադրմամբ Արթուր Դավիթի Բաբայանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս ուղղությամբ։
Արդյունքում Ա. Բաբայանին պատճառել է կյանքին վտանգ սպառնացող՝ որովայնի առաջային պատի հրազենային թափանցող վնասվածքի ձեւով՝ բարակ աղու գալարների բազմաթիվ թափանցող վնասումներով, բարակ աղու միջընդերքի վնասումով, մեծ ճարպոնի վնասումով, հաստ աղու շոշափող վնասում՝ ուղեկցված ներորովայնային արյունահոսությամբ եւ հեմոպերիտոնեումով, մամնական վնասվածքները։
Հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել. բժշկական միջամտության արդյունքում հնարավոր է եղել փրկել տուժող Արթուր Բաբայանի կյանքը:
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։
ԿԱԽՎԵԼ Է
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի Քաղսի համայնքի 31-ամյա բնակիչը ինքնասպան է եղել տան խորդանոցից կախվելու միջոցով։
Կատարվածը հարազատների համար մնում է առեղծված, թե ինչու նա պետք է վերջ տար կյանքին։
Դեպքով զբաղվում են իրավապահները։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՇԽԱՏԵՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
Ստեղծվել է էլեկտրոնային դատավարության նոր համակարգ, որն ապահովելու է քաղաքացիական գործերի փոխանցումը մեկ ատյանից մյուսը, ինչպես նաեւ կողմ-կողմ, կողմ-դատարան փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային համակարգի միջոցով. այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
«Այս բարեփոխման արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ եւ դատավարական այլ գործողություններ կատարելը էլեկտրոնային եղանակով։
Այս ամենը չի զրկելու մեր քաղաքացիներին ավանդական դատավարությունների եղանակով ստանալ արդարադատություն, քանի որ դատավարության մասնակիցները հնարավորություն են ունենալու իրենց նախընտրությամբ օգտվել թղթային կամ էլեկտրոնային համակարգերից։
Այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն ու նրանց փաստաբանները, ինչպես նաեւ դատարանները կխնայեն իրենց ժամանակը, կազատվեն ավելորդ քաշքշուկից, կնվազեցնեն իրենց ծախսերը: Հարկ է նշել, որ միայն այս համակարգի գործարկման արդյունքում պետությունը կկարողանա խնայել տարեկան ավելի քան կես միլիարդ ՀՀ դրամ։
Ի դեպ, ոչ միայն մշակվել է այս համակարգի ծրագրային ապահովումը, այլեւ արդեն իսկ դատարաններում լուծվել է տեխնիկական հագեցվածության հարցը, քաղաքացիական մասնագիտացման դատավորներն անցել են անհրաժեշտ վերապատրաստումներ:
Առաջիկա օրերին սպասվող օրենսդրական հրատապ փոփոխությունների ընդունման դեպքում արդեն 2024 թվականի հունվարից քաղաքացիական դատարանները կաշխատեն նոր համակարգով։
Երկար տարիներ քննարկված, սպասված եւ վերջապես իրագործված այս մեծագույն հաջողության համար երախտապարտ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին, ինչպես նաեւ Եվրամիությանը եւ Եվրոպայի խորհրդին»,-նշվում է հայտարարության մեջ։
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԷՐ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑՈՒՆ
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 21.51-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով 34-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ աբովյանցի երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառել էր 16-ամյա համաքաղաքացին: Ժամը 22-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: