2023թ. դեկտեմբերի 10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շոպրոն փողոցի հասցեներից մեկից իրենց մոտ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդներ, որոնցից մեկը՝ 26 տարեկան Դ. Սայադյանը, ժամը 20:32-ին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրեսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով։
Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են փորձաքննություններ: Պարզվել է դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը։
Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նախկինում ծագած գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, շարունակվել է Երեւան քաղաքի Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում, որին մի կողմից մասնակցել են Երեւանի 29-ամյա բնակիչն ու նրա եղբայրը, մյուս կողմից՝ մի խումբ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է փոխադարձ հարվածների, որի ընթացքում 29-ամյա Գ. Հ.-ն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Երեւանի 27-ամյա եւ Տավուշի մարզի 26-ամյա բնակիչներին, որոնցից առաջինը ստացել է, նախնական տվյալներով, միջին ծանրության, իսկ երկրորդը՝ Դ. Սայադյանը՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին եւ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ դատարան ներկայացնելու նպատակով նշված անձին ձերբակալելու վերաբերյալ, եւ Գ.Հ.-ն դեկտեմբերի 12-ին ձերբակալվել է։
Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային եւ ապացուցողական, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողությունները դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի արարքներն անհատականացնելու եւ իրավական գնահատականների արժանացնելու համար։
ԼՔԵԼ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Այդքան քննարկված եւ պահանջված դատական վեթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ եւ նշանակումներ: Այսպես, ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո:
«Վեթինգ»-ը ոչ այլ ինչ է, քան դատավորների բարեվարքության ստուգում եւ դատավորների կազմի նորացում: Վերջին տարիներին նոր նշանակված, ինչպես նաեւ առաջխաղացում ունեցած դատավորները, որոնք կազմում են գործող դատավորների շուրջ 60 տոկոսից ավելին, անցնել են բարեվարքության ստուգում: Բնականոն սերնդափոխության եւ զտման շրջանակներում 2018-2022 տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, եւս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականին։
Մեկ այլ կարեւոր վիճակագրություն. հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում:
ԲԱՆԱԿԻՑ ԱԶԱՏԵԼ Է
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոց 3-րդ նրբ. 14-րդ տան բնակիչ Հրաչյա Ժորայի Սրապյանը, տեղեկանալով Համլետ Անդրանիկի Գասպարյանի կողմից որոշակի գումար կաշառք տալու պայմանով զորակոչային տարիքի հասած անձանց զինծառայությունից ապօրինի ազատելու մասին, 2019թ. մայիս ամսին հանդիպել է Համլետ Գասպարյանին վերջինիս պատկանող Արմավիր քաղաքի խանութում եւ նրան հայտնել որդու՝ Սամվել Հրաչյայի Սրապյանին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու ցանկության մասին։
Համլետ Գասպարյանը, ստանալով իր առաջարկը, վերջինիս հայտնել է, որ որդու օգտին իբր որոշակի գործողություններ կատարելու համար իրավասու պաշտոնատար անձանց հարկավոր է որպես կաշառք տալ ընդհանուր 2,800,000 ՀՀ դրամ, ինչի կապակցությամբ Հրաչյա Սրապյանը տվել է իր համաձայնությունը եւ նույն օրը հիշյալ գումարից որպես կաշառք մաս-մաս փոխանցել է 1.200.000 ՀՀ դրամ գումար Համլետ Գասպարյանին վերջինիս պատկանող Արմավիր քաղաքում գտնվող թունաքիմիկատների վաճառքի խանութում, իսկ շուրջ 10-15 օր անց տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որպես կաշառք, նույն վայրում նրան է փոխանցել նաեւ մնացած 1.600.000 ՀՀ դրամ գումարը։
Համլետ Գասպարյանը որեւէ պաշտոնատար անձի չի փոխանցել եւ խարդախությամբ, ուղղակի դիտավորությամբ, խաբեության եղանակով հափշտակել է իրեն փոխանցված է 2,800,000 ՀՀ դրամ գումարը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՓՈՐՁԵԼ ԵՆ ՓԱԽՉԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Երեւանում անկարգություններ հրահրած ՌԴ քաղաքացին առերես հարցաքննությունից հետո քննչական բաժնի զուգարանի պատուհանից փախուստի փորձ է կատարել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:
«Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվող նախաքննության շրջանակներում 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ձերբակալված անձի եւ նույն քրեական վարույթով տուժող ՌԴ քաղաքացի Յու. Մաքսիմովսկայայի միջեւ տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո՝ ժամը 21:30-ի սահմաններում, Յու. Մաքսիմովսկայան խնդրել է գնալ զուգարան։ Վերջինիս քննիչը ուղեկցել է քննչական բաժնի՝ աղջիկների համար նախատեսված զուգարան եւ սպասել դռան դիմաց:
Մտնելով ներս՝ Յ. Մաքսիմովսկայան զուգարանում առկա փոքր պատուհանից փորձել է դիմել փախուստի եւ ընկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրի զբոսանքի համար նախատեսված հատվածում առկա ցանցե տանիքին՝ ստանալով մարմնական վնասվածք: Յու. Մաքսիմովսկայան տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Համաձայն բժշկական հաստատությունից ստացված տեղեկանքի՝ վերջինիս մոտ ախտորոշվել է L2 եւ L3 ողերի մարմինների կոմպրեսիոն կոտրվածք»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-506-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի վարույթում քննվող քրեական վարույթով, որը նախաձեռնվել էր դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի կենտրոնում՝ Թումանյան եւ Մաշտոց փողոցներում ՌԴ երկու քաղաքացիների կողմից առերեւույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ, Յու. Մաքսիմովսկայան ունի մեղադրյալի կարգավիճակ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։