ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարին ամփոփող մամուլի ասուլիսին նշել է, որ ՆԱՏՕ-ն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ:
«Մեզ միացավ Ֆինլանդիան, Շվեդիային նույնպես շուտով կընդունենք Դաշինքի կազմ»,- տեղեկացրել է Բլինքենը: Պետքարտուղարի ձևակերպմամբ՝ եթե Միացյալ Նահանգները թուլացնի դիրքերը, դա մեծ ծառայություն կլինի առաջին հերթին Մոսկվային, Պեկինին և Թեհրանին:
Բլինքենն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, առանձնացրել Վաշինգտոնի առաջնահերթությունները՝ օգնել Իսրայելին և ապահովել, որ հոկտեմբերի 7-ի դեպքերն այլևս չկրկնվեն, դադարեցնել հակամարտությունը, նվազագույնի հասցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը, վերադարձնել պատանդներին, կանխել հակամարտության տարածումը և խաղաղություն հաստատել:
«Պնդում ենք, որ Իսրայելը չպետք է ընտրություն կատարի ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու և Գազայի հատվածում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու միջև: Իսրայելը պարտավոր է անել երկուսն էլ»,- հավելել է Բլինքենը: