Մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանին։ Մանվել Ավետիսյանը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը ղեկավարել է նաև 2018-2020 թվականներին։
Հիշեցնենք, որ 2019թ-ին էլ Նիկոլ Փաշինյանը վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանին էր պաշտոնից ազատել, որը մոտ մեկ տարի էր պաշտոնավարել:
2019թ․ մայիսի 14-ին, 168.am-ը հոդված էր հրապարակել, որում անդրադարձ է կատարվել նաև Ալեքսանդր Մխիթարյանին պաշտոնից ազատելու պատճառներին։ Ըստ լրատվականի, Ալեքսանդր Մխիթարյանն աշխատանքից ազատվել է ծաղիկների պատճառով:
Համաձայն այդ հրապարակման՝ 2019թ-ի ապրիլի 2-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանն ԱԺ այդ ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի, իշխանական պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Արարողակարգը որոշել էր, որ Փաշինյանը և մյուսները՝ ի հիշատակ զոհված հերոսների, մեխակներ պետք է դնեն նրանց շիրիմներին։
Նույն օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու է գնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Հեղափոխական» կառավարության աշխատակազմում նկատում են, որ Սերժ Սարգսյանը վարդ տեսակի ծաղիկներ է տեղադրում զոհերի շիրիմներին: Այս հանգամանքը խիստ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին՝ թե ինչու է Սերժ Սարգսյանը վարդեր տանում, իսկ ինքը՝ մեխակներ։ Օրվա վերջում արդեն Նիկոլ Փաշինյանը ստորագրում է Ալեքսանդր Մխիթարյանին պաշտոնից ազատելու հրամանը:
2020 թվականին վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ է նշանակվում Էդուարդ Հարությունյանը, որն աշխատանքից ազատվել է 2021-ի սեպտեմբերին։ Այդ ժամանակից սկսած արարողակարգի բաժնի պետի պարտականությունները կատարում էր բաժնի պատասխանատու Սուրեն Վարոսյանը։
Մանվել Ավետիսյանը սեպտեմբերի 24-ին է երկրորդ անգամ նշանակվել արարողակարգի բաժնի պետի պաշտոնին։
Նրան պաշտոնից ազատելու մասին տեղեկության իսկությունն իմանալու համար, ArmLur․am-ը կապ է հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս չմեկնաբանեց՝ ուղղորդելով վարչապետի աշխատակազմ: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց.
«Վարչապետի որոշումները հրապարակվում են, այլ տեղեկություն չունեմ»: