ՀՀ ուսհաստատություններում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի որ ուսանողների ուսման վարձը կփոխհատուցի Կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշումը վերաբերում է ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող Լեռնային Ղարաբաղի այն ուսանողներին, որոնց ընտանիքները սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել են:

«Ուսանողների մի խմբի ուսման վարձերը վճարել էին նրանց ընտանիքները, որոնք այժմ հայտնի պատճառներով զրկված են այդ աջակցությունը ցուցաբերելու հնարավորությունից: Մյուս խմբի ուսման վարձը վճարվել էր ԼՂ կառավարության կողմից, ինչը ևս այս պահին հնարավոր չէ շարունակել: Այս երկու խմբերի պարագայում կրթության իրավունքի վերականգնման խնդիր չունենք, քանի նրանք ի սկզբանե եղել են ՀՀ ուսանողներ, սակայն առկա էր ֆինանսական աջակցության կարիք »,- ասել է նախարարը՝ հավելելով, որ կառավարության որոշմամբ վերը նշված խմբերի ուսանողների խնդրին տրվում է լուծում:

Հաստատված կարգով ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի 2023-2024 ուսումնական տարվա համար հետևյալ չափերով և պայմաններով.

1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից ( ՄՈԳ),

2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նոր որոշման շահառուները մոտ 935 ուսանողներ են, որոնցից 860-ը բուհական և հետբուհական կրթության համակարգից են, 75-ը՝ ՄԿՈՒ ոլորտից: Այս որոշմամբ փոխհատուցվելու է 2023/24 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը, ինչը կազմում է մոտավորապես 264 միլիոն դրամ: Գումարը նվիրաբերության կարգով կհատկացվի այն ուսհաստատություններին, որոնցում սովորում են նշյալ խմբի ուսանողները:

Նախարարը նաև հիշեցրել է, որ Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատվել էր սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ այդ խմբի ավելի քան 1800 ուսանող սովորում է ՀՀ բուհերում, իսկ ավելի քան 1100 ուսանող՝ քոլեջներում և ուսումնարաններում:

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2023-24 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը արդեն իսկ վճարած և այս աջակցության ծրագրի շահառու դարձած ուսանողների գումարը պետք է վերադարձվի։
Նշենք, որ ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցում սովորողներին տրամադրվելու է ուսման վարձի՝ սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցում, կհրապարակվի առաջիկայում։




Լրահոս