Քիչ առաջ ArmLur.am-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնատար անձինք և շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցիչներ, այդ թվում` ղեկավարներ։
Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումները չարձանագրելու դիմաց շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից կաշառք պահանջելու և ստանալու համար։
Ձերբակալված 6 պաշտոնատար անձանցից 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորը բավարարվել են:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան ձերբակալել է Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 7 աշխատակիցների, որոնք կասկածվում են կոռուպցիոն մեխանիզմի մեջ լինելու համար։
Ըստ մեր աղբյուրների՝ բացահայտվել են նոր կառուցված շենքերի ավարտական ակտի տակ տեսչական մարմնի կողմից տրված դրական եզրակացության կնիք և ստորագրություն, այնինչ տվյալ ավարտական ակտի փաստաթղթերը տեսչական մարմին կամ մուտք չի եղել, կամ տրվել է բացասական եզրակացություն։ Տեսչական մարմնի մեր աղբյուրները փոխանցում են, որ կնիքը ղեկավարի մոտ է միայն, ու բացի իրենից ոչ մեկ չի կարող փաստաթղթեր կնքել և ուղարկել, սակայն ձերբակալել են սովորական աշխատակիցների: