ՓՈԼԱԴՅԱՆԻ ԿԻՆՆ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգում իրարանցում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների մի խմբի տեղեկություններ են հասել, որ իրավապահները որոշ դատավորների մասով օպերատիվ տվյալների են տիրապետում:

 

Մասնավորապես՝ տվյալներ կան, որ դատավորներից մեկը կաշառք է վերցրել: Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ Սնանկության դատարանի դատավորներից կոնկրետ դատավորի շուրջ օղակը սեղմվում է: Ի դեպ, դատական համակարգում անուններ են տալիս, որոնք պոտենցիալ մեղադրյալներ են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն այս պահին չի հրապարակում անմեղության կանխավարկածի սկզբունքը պահպանելու համար: Տեսնենք, թե ինչ արդյունք կունենա իրավապահների օպերատիվ տվյալների մշակումը, եւ ինչ է սպասվում Սնանկության դատարանի դատավորներին»:

Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ նշյալ դատավորը Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլանդյանն է:

Նշենք, որ դատավորի կինը Անի Հարությունյանն է, որը եւս անցնում է քրեական գործով:

2022 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար:

2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու եւ վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ:

2022 թվականի նոյեմբերի 10-ին հսկող դատախազն իր որոշմամբ հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ էլ այս պահին ընթանում է դատական նիստը: Դատավոր Հարությունյանի պաշտպանը նշեց, որ դատական նիստը կարող են լուսաբանել, բայց ոչ տեսանկարահանել կամ լուսանկարահանել, ինչը գործը քննող դատավոր Տիգրան Դավթյանը բավարարեց:

Նշենք, որ Անի Հարությունյանն Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է՝ հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԴԱՏԱՎՈՐԻ ԴԵՄ

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը։

Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն էր ներկայացվել՝ առերեւույթ կաշառքի առաջարկն ընդունելու եւ ստանալու մեղադրանքով կասկածվող՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշեց բավարարել դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը՝ հնարավորություն տալով Հակակոռուպցիոն դատարանին գործը քննել ըստ էության նախաքննության ավարտից հետո։

Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած երեւույթները եւ կշարունակի անզիջում պայքարը դրանց դեմ, առավել եւս՝ դատական իշխանության շարքերում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Դատական համակարգում իրարանցում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների մի խմբի տեղեկություններ են հասել, որ իրավապահները որոշ դատավորների մասով օպերատիվ տվյալների են տիրապետում:

Մասնավորապես՝ տվյալներ կան, որ դատավորներից մեկը կաշառք է վերցրել: Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ Սնանկության դատարանի դատավորներից կոնկրետ դատավորի շուրջ օղակը սեղմվում է: Ի դեպ, դատական համակարգում անուններ են տալիս, որոնք պոտենցիալ մեղադրյալներ են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն այս պահին չի հրապարակում անմեղության կանխավարկածի սկզբունքը պահպանելու համար: Տեսնենք, թե ինչ արդյունք կունենա իրավապահների օպերատիվ տվյալների մշակումը, եւ ինչ է սպասվում Սնանկության դատարանի դատավորներին»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏԱՑԵԼ Է

Երեկ Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները տարհանվել են, քանի որ նրանցից շատերը եւ ուսուցիչները սկսել են անսովոր հազալ, ոմանք տեղափոխվել են հիվանդանոց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն եւ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում. «Ոչ թե գազի արտահոսք է եղել, այլ 10-րդ դասարանի աշակերտներից մեկը ինքնապաշտպանական գազային «բալոն» է ինքնագլուխ կիրառել, որը ժամանակավորապես թմրեցրել է աշակերտներին: Որեւէ մեկի առողջությանը, կյանքին սպառնացող վտանգ այս պահին չկա: Հիվանդանոց տեղափոխված երեխաները ոչ թե 15-ն են, այլ 8-ը, որից 4-ը դուրս են արդեն գրվել հիվանդանոցից, 3-ը՝ ընդունարանում են, պատրաստվում են դուրս գրվելուն, մեկն էլ ունեցել է այլ հիվանդություն. մայրը որոշել է պրոֆիլակտիկ հետազոտություն իրականացնել Երեւանում, սակայն նրա վիճակը եւս լավ է»:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԵՐԵԽԱՆ ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Բյուրեղավանի շտապօգնությունից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են մահացած երեխա. հաղորդում է Shamshyan.com-ը:

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի եւ ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը, որոնք պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Ա. Ի.-ն է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ երեխան նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, հանկարծամահ է եղել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

 

ԳՈՒՄԱՐ Է ՓՈԽԱՆՑԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել օտարերկրյա մի քաղաքացի: «Նիսան» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը դեկտեմբերի 8-ի լուսադեմին Երեւանի Գ. Քոչարի փողոցից նրան տեղափոխել էր բնակության հասցե՝ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոց:

Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ այդ ընթացքում օգտվելով քաղաքացու ոչ սթափ լինելու եւ ճանապարհին քնելու հանգամանքից՝ վարորդը վերցրել էր նրա բջջային հեռախոսը եւ բանկային հաշվեհամարից մոտ 9 միլիոն դրամ էր փոխանցել իր հաշվեհամարին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են տաքսի ծառայության վարորդի ինքնությունը: էջմիածինցի 33-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 




Լրահոս