ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՄԵՐԺՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանն է:

 

-Տիկի՛ն Հայրապետյան, Դուք ակտիվորեն աջակցում եք նոր ձեւավորված «Զանգ» քաղաքացիական շարժմանը, որը  պարբերաբար ակցիաներ է իրականացնում՝ բարձրաձայնելով հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա վտանգների մասին, բայց, կարծես, վերջին շրջանում շարժումը պասիվացել է, ակցիաներ չեն լինում: Ո՞րն է պատճառը, ինչո՞վ է զբաղված շարժումը:

-Դա պայմանավորված է մեր կազմակերպած տարբեր փակ հանդիպումներով: Մենք հիմա շտաբային աշխատանքներով ենք զբաղված, փորձում ենք ավելի ինտենսիվացնել հանդիպումները եւ դրա արդյունքում հասնել մարդկանց թվի ավելացմանը: Պատճառը միայն սա է.  մենք մեր նպատակներից չենք հրաժարվել, պարզապես մտածում ենք, որ կարիք կա ավելի շատ աշխատանք կատարելու: Առաջիկայում մեր ակցիաները շարունակական կլինեն, քանի վտանգ կա, ու դա որեւէ կերպ լուծում չի ստանում, չենք կարող տանը նստել:

-Հասարակության արձագանքն ինչպիսի՞ն է, մարդկանց մասնակցությունը, ակտիվությունը բավարար գնահատո՞ւմ եք:

-Բնականաբար ոչ. իհարկե, եղանակային պայմաններն էլ են իրենց դերը խաղում, բայց պատճառները մի քանիսն են: Տարբեր խմբերի հետ աշխատանքի տարբեր ձեւեր կան, համենայնդեպս կարծում եմ՝ մենք կարողացել ենք մեդիայի միջոցով մարդկանց  ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, որի մասին լռում էին մինչ այս. ոչ մեկն այս խնդիրների մասին չէր խոսում, ով էլ  խոսում էր, նրան մեղադրում էին, որ ադրբեջանական խոսույթ են տարածում, բայց իրականությունն այն է, որ դա իրական վտանգ է, ու իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ վտանգը չեղզոքացնելու համար. հենց այս պահանջով էլ փողոց ենք դուրս եկել: Ես հույս ունեմ, որ մեր աշխատանքի եւ հանդիպումների արդյունքում մարդկանց թիվը գնալով կավելանա, եւ իրապես կկարողանանք այդ վտանգը չեզոքացնել: Ամեն անգամ ես ինձ հարցադրումը տալիս եմ, որ միգուցե ինչ-որ բան չափազանցնում եմ կամ սխալ եմ տեսնում, բայց ամեն անգամ բավական է՝ թերթեմ ադրբեջանական լրատվամիջոցները, ես տեսնում եմ՝ ինչ ակտիվությամբ է քարոզչություն տարվում, տեսնում եմ, որ իրենք պատրաստվում են գարնանը հնարավոր էսկալացիայի ճնապարհով գալ: Իրենց պետական հեռուստաընկերությունն առավոտից երեկո Արեւմտյան Ադրբեջանի քարոզն է տանում: Այս վտանգերի դեպքում ես կարծում եմ, որ ոչինչ չեմ կարող կանխատեսել, եւ որոշել եմ աջակցել «Զանգ» շարժմանը, որն ապակուսակցական է, քաղաքացիական եւ հստակ նպատակ է դրել խնդիրներ լուծել: Հույս ունեմ, որ գնալով ըմբռնող մարդկանց թիվը կավելանա, եւ կկարողանանք մեր նպատակին հասնել, այլապես հետեւանքները ծանր են լինելու բոլորիս համար՝ անկախ քաղաքական հայացքներից ու նախասիրություններից:

-Տիկի՛ն Հայրապետյան, 2018թ.-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն էր իրականացնում, ակցիաներ էր իրականացնում, Դուք եւ «Զանգ» շարժման նախաձեռնող Սուրեն Սահակյանն աջակցում էիք նրան, նրա գաղափարակիցներն էիք, իսկ հիմա, երբ դուք եք փորձում ձեր դժգոհությունները հայտնել, ակցիաներ եք իրականացնում, տեսնում ենք, որ ճնշումներ են գործադրվում ակցիայի մասնակիցների նկատմամբ. ի՞նչ կասեք այս մասին:

-Աջակցության մասով ասեմ, որ պարոն Սահակյանն ավելի մեծ ներդրում ունի հեղափոխության հարցում տեխնոլոգիաների մասով, քան ես:  Ես՝ որպես շարքային քաղաքացի եմ մասնակցել   դրան, իսկ Սուրեն Սահակյանի եւ Նիկոլ Փաշինյանի աշխատանքն այլ բնույթ է կրել: Ինձ համար ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը մերժել է բոլոր այն սկզբունքները, որով մենք 2018թ.-ին փողոց ենք դուրս եկել՝ «պադավատապետությունից» սկսած, Արցախի հարցը, իր որդեգրած քաղաքականությունը եւ հայ ժողովրդի նկատմամբ  բոլոր իրավունքներից հրաժարվելը, նաեւ ագրեսիվ դիմադրությունը, որով ինքն արձագանքում է շարժումներին: Ակնհայտ է, որ այս ամենն իր հրամանով է արվում: Մենք որեւէ բռնի, անթույլատրելի արարք չենք թույլ տվել, որի համար կարող են մեր բարձրախոսը խլել կամ այլ ճնշումներ գործադրել. օրինակ՝ դեպքեր են լինում, որ գալիս ու  մարդկանց դեմքերն են նկարում, ովքեր մեր հավաքներին մասնակցում են. բնականաբար, սա մեծ անհարամարություն է առաջացնում մեզ համար: Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի՝ մեր բարձրացրած խնդիրն  իրական է ու լեգիտիմ. նա չի կարող հերքել, որ բանակցություններ է վարում՝ ադրբեջանցիների՝ արտոնյալ կարգավիճակով վերադարձի հետ կապված, նաեւ շատ լավ գիտի, որ մեզ չի կարող պիտակավորել «նախկին, թալանչի» ու նմանատիպ պիտակավորումներով: Մենք շատ ազնիվ ենք եղել մեր գաղափարներում, սկզբունքներում, մեզ մեկ նպատակ է այսօր փողոց հանել՝ ուզում ենք նորմալ պետություն ունենալ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Կանադայի արտգործնախարարի քաղաքական հարցերի համակարգող, հատուկ օգնական Արամ Շուջունյանը սոցցանցի իր էջում գրում է.

 

««Կանադայի այս հայտարարությունը չպետք է անարձագանք թողնել։ Սա կարող է հիմք ծառայել հայկական կողմի բանակցային նոր ռազմավարության».

Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի եւ 32 հայ զինծառայողների ազատ արձակումը եւ դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա, եւ խրախուսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցառումները։ «Նոյյան Տապան»-ի համար այս հայտարարությունը մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

Գերիների փոխանակման համատեղ որոշումը ողջունում են եւ կողջունեն դեռեւս շատ պետություններ։ Կանադայի արտգործնախարարության հրապարակած հայտարարությունը, սակայն, ունի կարեւոր առանցք, ինչպես դուք եք նշում։ Նախ՝ պարզ տեքստով ասվում է, որ Արցախի բանակցային գործընթացը շարունակվելու է, եւ դրան աջակցում է Օտավան, ինչը ենթադրում է, որ չեն համարում, որ արցախյան հիմնահարցը փակվել է։ Ավելին՝ այստեղ արվել է կարեւորագույն հղում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց հիման վրա էլ ընթանում էին բանակցությունները։ Նման դիրքորոշումով Կանադան շրջում է Բաքվի մարտավարությունը ոչ միայն հարցը չփակելու, այլ նաեւ ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունները վերսկսելու առումներով։ Արձանագրենք, որ հելսինկյան ակտի հիմնարար սկզբունքներից 8-րդը խոսում է ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի մասին։ Արժի նշել, որ վերջերս Կանադայի արտգործնախարարը ժամանել էր Երեւան՝ ներկա լինելու համար ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացմանը։ Նրան նախորդել ու հաջորդել էին Կանադայում ՀՀ դեսպանի եւ Հայ դատի Կանադայի հանձնախմբի հերթական հանդիպումները արտգործնախարարի հետ»։

 

 

ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՆ ԾԽԱԽՈՏ

Տեւական ժամանակ ահազանգ է ստացվում, որ հատկապես գյուղական վայրերում լայն տարածում է ստացել անհայտ ծագման ծխախոտների վաճառքը։ Ներկայացված լուսանկարներում երեւում է երկու տեսակի տուփ, որոնց վրա չկա մակնշում։ Մեզ փոխանցում են, որ մեկ տուփը գնում են 250 դրամով, ինչը սոցիալական ոչ բարվոք պայմաններում ապրող մարդու դեպքում շատ հարմար գին է, իսկ, ահա, պետությունն այս ամենից հսկայական վնասներ է կրում՝ չվճարված հարկերի ու անհայտ ծագման արտադրանքի հանրային վտանգավորության տեսանկյունից։ Հարկային մասով մեզ փոխանցում են, որ մեկ տուփ ծխախոտի արտադրության մեջ 350-400 դրամը կազմում են հարկերը։ Պատկան մարմինների կողմից անօրինական այս բիզնեսի շղթաները բացահայտելու վերաբերյալ հրապարակային հայտարարություն չկա, պարզ չէ նաեւ՝ արտադրվում են այստեղ, թե, օրինակ, անօրինական ճանապարհով են ներկրվում անանուն ծխախոտները։

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՔՊ ՓԱԿ ԺՈՂՈՎԻՑ

Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի  16-ին Գյումրիում տեղի էր ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեվերջյան ամփոփիչ քաղաքական ժողովը:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ ժողովից:

Նախ տեղեկացանք, որ ՔՊ-ականները շատ են եղել, այդ իսկ պատճառով մի քանի հյուրանոցներում են տեղեր ամրագրել: Ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 15-ի երեկոյան,  իշխանականները Գյումրու «Տիգրան Մեծ» ռեստորանում խնջույք են արել՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, իսկ ՔՊ քաղաքական ժողովը տեղի է ունեցել  «Կումկումա» ռեստորանային համալիրում, որտեղ մինչ ՔՊ-ականների գալը նախապես անվտանգային միջոցառումներ են արվել, ստուգել, ժողովի ողջ ընթացքում էլ տարածքը ոստիկանների հսկողության տակ է եղել:

Ժողովը տեւել է մոտ 5-6 ժամ, իսկ օրակարգում հիմնականում արտաքին քաղաքական եւ կուսակցական հարցեր են եղել:

Կուսակցական մասով նախ ելույթ-զեկույց է ներկայացրել ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, իսկ արտաքին հարցերով խոսել է արտգործնախարար  Արարատ Միրզոյանը, հետո նրանք պատասխանել են ներկաների հարցերին:

ՔՊ ժողովին ամփոփիչ ելույթ է ունեցել նաեւ Նիկոլ  Փաշինյանը՝ կրկնելով կուսակցաշինության  վերաբերյալ հիմնական թեզերը, ինչ նախաձեռնող խմբի նիստերին:

Նիկոլ Փաշինյանը «դասախոսություն» է կարդացել իր թիմակիցների համար, որ պետք է գործել թիմային ու չշեղվել կուսակցության գաղափարախոսությունից:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Արցախի ու արցախահայերի խնդիրների վերաբերյալ ՔՊ ժողովի ընթացքում քննարկում չի եղել:

 

 




Լրահոս