ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար Ալավերդի համայնքի բնակիչներից դժգոհություններ է ստանում, որ Ալավերդու՝ վերջերս պաշտոնանկ արված համայնքապետ Արկադի Թամազյանը իր հեռանալուց հետո հետ է վերցրել համայնքին տրամադրված միկրոավտոբուսները:

 

Թամրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Համայնքի կառավարումն ապօրինաբար եւ բռնի զավթած վարչակազմը տարբեր խողովակներով շարունակում է մեր թիմի գործունեության մասին կեղծ լուրերի տարածումը։

Այս օրերին էլ մասնավոր ԶԼՄ-ների կողմից շահարկվում է այն ստահոդ տեղեկությունը, ըստ որի՝ «Ապրելու» հիմնադրամի կողմից ձեռք բերված եւ համայնքին տրամադրված միկրոավտոբուսները հետ են վերցվել ու տեղափոխվել են համայնքից։

Օգոստոսի 2-ին միկրոավտոբուսները վնասվել էին տեղացած ուժեղ կարկուտից, եւ հիմնադրամի ֆինանսական միջոցներով այս պահին շարունակվում է դրանց վերանորոգումը։ Արտերկրից ներմուծվող գործարանային պահեստամասերի հանգամանքով պայմանավորված՝ վերանորոգումը պահանջում է որոշակի ժամանակ։

Կարեւորելով բնակիչների շահը՝ վստահեցնում ենք՝ վերանորոգումից հետո մենք պատրաստ ենք պայմանագիր կնքել համայնքի հետ եւ միկրոավտոբուսները հանձնել Ալավերդի համայնքին՝ ներհամայնքային տրանսպորտային ցանցում օգտագործելու պայմանով։

Անկախ ամենից՝ բացառում եմ, որ բնակիչները տուժեն որոշ պատեհապաշտների կամայական ցանկությունների պատճառով։ Միկրոավտոբուսների ձեռք բերումն իրականացվել է Ալավերդու ներհամայնքային տրանսպորտային ցանցի արդիականացման նպատակով, եւ, իհարկե, այն պետք է ծառայի մեր բնակչին։

Շնորհակալ եմ վստահության համար»։

«ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեց Արկադի Թամազյանին, վերջինս էլ ասաց, որ միկրոավտոբուսները հետ չեն վերցվել, պարզապես վերանորոգվում են. «Այդ ավտոբուսները «Ապրելու երկիր» հիմնադրամն է տրամադրել Ալավերդի համայնքին՝ ի աջակցություն մեր բնակիչների. Ալավերդու համայնքապետարանը կամ կառավարությունը դրա հետ կապ չունեն: Երկրորդ՝ որեւէ մեկը չի տարել դրանք: Դրանք ի սկզբանե չեն էլ գործարկվել, որեւէ պայմանագիր կնքված չի էլ եղել: Նոր միկրոավտոբուսները կարկուտի հետեւանքով վնասվել էին, դրանից հետո՝ մինչ օրս, վերանորոգման փուլում են»,-ասաց նա: Արկադի Թամազյանը նաեւ հավելեց, որ եթե նոր համայնքապետը դիմի իրենց, ապա պատրաստ են պայմանագիր կնքել եւ միկրոավտոբուսների օգտագործման իրավունքը տալ համայնքին. «Մեր կուսակցությունն ի աջակցություն մեր ժողովրդի էր ձեռք բերել դրանք, բիրտ ուժ կիրառելով՝ կառավարումը խլել են մեր ձեռքից, հիմա էլ ասում են՝ ավտոբուսները տարել են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ԱԳՆ-ԻՆ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կառավարության բյուջեից 1.690.000 դրամ է հատկացվել Արտաքին գործերի նախարարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գումարը հատկացվել է Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քրիստիան Միշել Ստեփանի Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:

 

 

 

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Փետրվարի 17-ին Ադրբեջանում կայանալու է արտահերթ նախագահական ընտրություն, եւ ընդդիմադիր մի շարք ուժեր որոշել են բոյկոտել՝ դա բացատրելով երկրում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար պայմանների բացակայությամբ։

Դեկտեմբերի 15-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում առաջադրել Իլհամ Ալիեւի թեկնածությունը։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրություն ունի եւս 5 թեկնածու: Այսպիսով, այսօրվա դրությամբ Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունում թեկնածուները վեցն են։

 

 

ՍԱՐՔԵՐ՝ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐՈՒՄ

Առցանց քարտեզներում հանրային փոխադրամիջոցի տեղաշարժն ապահովելու նպատակով հատուկ սարք է տեղադրվել 448 շարժակազմում: Այս մասին նշվել է  դեկտեմբերի 18-ին՝ Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նշվել է, որ ավարտվել է Մուշական թաղամասի 4600մ կոյուղատարի շինարարությունը:

Կոնդ թաղամասի բնակիչների շենք-շինությունների օրինականացման եւ սեփականության վկայականների տրամադրման գործընթացի վերաբերյալ զեկուցվել է, որ այս պահին առկա է 211 դիմում:

 

 

ԿԱՐՄՐՈՒԿԻ ԹԻՎԸ

ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Ըստ այդմ՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 525 է, որից 374-ը երեխաներ են, 151-ը՝ մեծահասակ, 2 քաղաքացի հոսպիտալացված է, 350 քաղաքացի դուրս է գրվել:

 

 

 

ԱՄՓՈՓՈՒՄ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Մոսկվայում դեկտեմբերի 18-ին՝ ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը, մեծ ուշադրություն կդարձվի մշակութային եւ հումանիտար համագործակցության ընդլայնմանը. այս մասին հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը։

Հանդիպման արդյունքում նախատեսվում է ընդունել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հայտարարություն, որը կամրագրի աշխատանքի առանցքային ոլորտները միջմշակութային երկխոսության խորացման, փոխըմբռնման եւ Համագործակցության երկրների մշակութային բազմազանության հանրահռչակման ուղղությամբ: ՌԴ նախարարների կաբինետում հայտնել են, որ ԱՊՀ անդամ երկրները շահագրգռված են մշակութային համատեղ միջոցառումների, մշակութային գործիչների հյուրախաղերի կազմակերպմամբ։ Նրանք մտադիր են ընդլայնել կապերը հաստատությունների եւ ստեղծագործական թիմերի միջեւ. մեծ ուշադրություն է դարձվում մրցույթների, գիտաժողովների, ֆորումների եւ ԱՊՀ երկրների մշակույթի օրերի անցկացմանը։ Հավելենք, որ դեկտեմբերի 18-ի հանդիպմամբ կավարտվի ԱՊՀ երկրների վարչապետների եռօրյա ծրագիրը Մոսկվայում։ Առաջին միջոցառումներն անցկացվել են դեկտեմբերի 16-ին։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս տարի Համագործակցությունում նախագահում է Ղրղզստանը։ Հունվարի 1-ից նախագահի պաշտոնն անցնում է Ռուսաստանին։

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրել էր, որ համայնքային ենթակայության հ. 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված (խմբի դաստիարակի՝ երեխաների նկատմամբ անընդունելի վարքագիծ)՝ աշխատանքից ազատվել են հ. 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետը։

«Ի հավելումն ասվածի՝ տեղեկացնեմ, որ վերջերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում եւս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից: Վերը նշվածի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այս պահին այսքանն է»,-նշված է հրապարակման մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մանկապարտեզի ազատված տնօրեններից մեկը եղել է Արաբկիր վարչական շրջանում գտնվող հ. 25 մանկապարտեզի տնօրեն Ինգա Խաչատուրովան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Խաչատուրովային ազատել են աշխատանքից նրա՝ ՔՊ-ական չլինելու պատճառով: Օրեր շարունակ փորձեցինք կապ հաստատել մանկապարտեզի հետ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում, եւ որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, սակայն նախ՝ մեզ պատասխանեցին, որ իրենք իրավասու չեն պատասխանել որեւէ հարցի, եւ որ այն անձը, որն իրավասու է, տեղում չէ, ապա՝ մեր զանգերը մնացին անպատասխան:

 




Լրահոս