ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու, Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզն այցելել է Գեղարքունիքի մարզ,  ծանոթացել մարզային ենթակառուցվածքներին։

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայրիվանքում, Նորատուսում, Գեղարքունիքում, Լիճքում, Երանոսում, Կարմիրգյուղում եւ Մարտունի քաղաքում Օզբիլիզը շփվել է երեխաների, ծնողների եւ ուսուցիչների հետ, լսել նրանց առաջարկներն ու դժգոհությունները։

«Մարզային ֆուտբոլում խնդիրները շատ են, եւ դրանց լուծման համար համակարգային փոփոխություններ են պետք։ Պատրաստ եմ միջազգային փորձը Հայաստանում կիրառել, այնպես անել, որ առաջիկա տարիներին արդյունքը տեսանելի լինի։ Այս այցերն ինձ համար շատ կարեւոր են՝ հասկանալու այն խնդիրները, որոնց պատճառով մարզերում ֆուտբոլը չի զարգանում»,- նշել է ՀՖՖ նախագահի թեկնածուն։

Հայրավանք գյուղում Արաս Օզբիլիզը երեխաների հետ նաեւ կարճ պարապմունք է անցկացրել։ Օզբիլիզը նշել է, որ գյուղերում տաղանդավոր եւ աչքաբաց երեխաներ են մեծանում, եւ եթե համակարգված մարզումներ լինեն, առաջնություններ անցկացվեն, ֆուտբոլն այդ երեխաների առօրյայի անբաժանելի մասը կդառնա։

Օզբիլիզի հետ հանդիպման ժամանակ Նորատուսի բնակիչները ներկայացրել են իրավիճակը, ասել, որ մի քանի տարի առաջ շահագործված մարզադաշտը կահավորված չէ ստանդարտներին համապատասխան, ճաղավանդակներն այնքան ցածր են, որ գնդակը հաճախ սեփական տների բակեր է հասնում, ապակի կոտրում։

«Հիմնական խնդիրը կապված է ճաղավանդակների հետ։ Գնդակներն այս ու այն կողմ ուղարկելով` երեխաները հարեւաններին մեծ վնաս են տալիս։ Շատ ցանկալի կլիներ՝ այն բարձրացնեին, մյուս կողմից՝ եթե գյուղում մարզիչ լիներ, գուցե երեխաները ֆուտբոլում մեծ հաջողություններ ունենային»,- նշել է Նորատուսի բնակիչ Վահան Կոկոյանը։

Գեղարքունիքի մարզի՝ ֆուտբոլային ենթակառուցվածքներ ունեցող գրեթե բոլոր գյուղերում Արաս Օզբիլիզը նույն խնդիրն է արձանագրել. մինի մարզադաշտերը կառուցվել են տարբեր խախտումներով, շահագործումից հետո չեն սպասարկվել, արդյունքում հայտնվել են անմխիթար վիճակում։ Մյուս կողմից՝ համակարգված մարզումների բացակայության պայմաններում երեխաները մարզադաշտերն օգտագործում են այլ նպատակներով, ֆուտբոլ էլ խաղում են սիրողական մակարդակում՝ իրենց առջեւ չունենալով նպատակ մասնակցելու առաջնությունների։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն շարունակելու է մարզային այցերը։ Հանուն ֆուտբոլային Հայաստանի՝ Արաս Օզբիլիզը խոստացել է ջանք ու եռանդ չխնայել, համակարգային խնդիրներն ուսումնասիրել, առաջարկել դրանց լուծման ուղիներն ու նաեւ դրանով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։

 

 

 

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԳԻՐԱՑԵԼ Է ԴԵՂԵՐԻՑ

Դերասանուհի, բլոգգեր Լիանա Վանոյանը, որը հանդիսատեսին հայտնի դարձավ մի շարք սիթքոմերից եւ ինստագրամյան իր էջում հրապարակված հումորային հոլովակներից, վերջին շրջանում սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար կիսվում է ավելորդ քաշի խնդիրը հաղթահարելու իր ուղու մասին:

 

Լիանան հրապարակել է արխիվային կադրեր. «Սա արխիվ է. նկարել եմ 2017 թվականին: Այստեղ դեռ չէր սկսվել առողջական խնդիրների շքերթը, ու ես նորմալ քաշի մեջ էի…

Բայց սկսվեց. սկզբում շատ չէի զգում, հետո արդեն ամեն օր ավելի էր խորանում ամեն բան երկու տարվա մեջ, ես ավելացրել էի քաշս մոտ 18 կգ-ով, ու սկսվեց ամեն ամիս ավելանալ: Հասա մաքսիմալի՝ 68 կգ-ից 100 կգ էի, ու արդեն համակերպվել էի…

Ես սկսեցի ընդունել, սիրել, 100 կգ-ով ես ամեն դեպքում կարծում էի, թե չեմ կարողանալու իմ նախկին քաշին գալ: Այո, բարդ էր, ոտքերս շատ էին ցավում, մեջքս:

Բարեկամների քոմենթներ. «Չաղացել ես շատ»: Մի օր էլ մեկը պատահաբար ինձ էր ուղարկել իր կարծիքը՝ իմ արտաքինի հետ կապված, որը պիտի ուրիշին ուղարկեր… Կարդացի, շատ նեղվեցի, լաց եղա. չէ՞ որ դա իմ արտաքինն էր, ես էի տանջվում էդ ավելորդ քաշից, իրենց ի՞նչ վնաս:

Ախր, դուք երբեք չեք իմանա դիմացինի խնդիրը, կարող են նեղվել, կոտրվել, ամաչել, փակվել… Զգո՛ւյշ եղեք արտահայտվելիս:

Երբ շատ էի աշխատում, սկսվեց անտանելի օրեր, ես զգում էի՝ մի բան այն չէր, դեղերս խմում էի, բայց էլի շատ վատ էի: Ես օրեր ունեցա, երբ բեմում կանգնած աղոթում էի, որ չվատանամ, չընկնեմ. դա շատ բարդ շրջան էր, եւ երեւի հենց այդ շրջանը բերեց ինքս իմ մասին հոգ տանելու լուրջ քայլին»:

Հրապարակելով իր լուսանկարն այն ժամանակահատվածից, երբ ամենաբարձր քաշն է ունեցել, Լիանան գրել է.

«Այստեղ արդեն 110 կգ էի, ու արդեն գլխումս բան էր սկսվել՝ վերջացնել պատմությունը ու սկսել նորից նոր էջ, որտեղ ես առողջ եմ»:

Լիանայի խոսքով՝ որոշ ժամանակ առաջ ունեցել է առողջական խնդիր՝ վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարում, որի արդյունքում բուժման կուրսեր է անցել: Բժշկի մեղավորությամբ քաշ է հավաքել. պատճառը սխալ նշանակված դեղերն են եղել: Ապա, ինչպես դերասանուհին է շեշտում, «նեղանալով աշխարհից»՝ իրեն բաց է թողել եւ սկսել սնվել անկանոն, ինչի արդյունքում կրկնակի քաշ է հավաքել, սակայն հասկանալով, որ իրեն վատ է զգում՝ որոշել է հստակ քայլեր անել այդ ուղղությամբ:

Այժմ Լիանան քիչ-քիչ վերադառնում է հին քաշին:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ԱՐՍԵՆԱԼ»

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» 24-ամյա նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը հաջորդ ամռանը կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ». հաղորդում է MoArsenal86-ը։

2023թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 120-130 միլիոն եվրո։

Առաջիկայում նեապոլյան ակումբը կերկարաձգի պայմանագիրը Օսիմենի հետ, եւ հրաժարագինը կսահմանվի 130 միլիոն եվրո։

Մադրիդի «Ռեալը» եւս դիտարկում է Օսիմենին ձեռք բերելու տարբերակը, եթե չկարողանա պայմանագիր կնքել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ։

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվողը 51-րդ գոլը խփեց 2023 թվականին եւ այս պահին լավագույն ռմբարկուն է օրացուցային տարում։

Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բավարիան» 3:0 հաշվով հաղթել էր «Շտուտգարտին», Քեյնը դարձել էր դուբլի հեղինակ։

Քեյնը տարվա առաջին կեսն անցկացրել է Լոնդոնի «Տոտենհեմում»։

Այս տարվա լավագույն ռմբարկուների մրցավազքի երկրորդ տեղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն է, որն այս տարի խփել է 50 գոլ։ Նույնքան գոլ է խփել այս տարի նաեւ Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Չորրորդ ցուցանիշն ունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն՝ 49 գոլ։

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ծանր վնասվածք է ստացել «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում (4:1)։

Բուժզննումն Ալաբայի մոտ ախտորոշել է ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք. հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։ Դավիդ Ալաբան առաջիկայում կվիրահատվի։

Այս մրցաշրջանում նույն վնասվածքից ստացել են նաեւ «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն եւ բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։

Դավիդ Ալաբան 2021-ի ամռանը Մյունխենի «Բավարիայից» է տեղափոխվել «Ռեալ», որի հետ ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

 




Լրահոս