ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄՂՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորեւ.

 

«Բելառուսի նախագահն օրերս հերթական բարձրագոչ հայտարարությունն արեց Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ փորձելով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար եւ հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մեղքը գցել Հայաստանի նախորդ իշխանությունների վրա:

Ալեքսանդր Գրիգորեւիչի հայտարարության եւ վարքագծի մեջ շատ տարօրինակ բաներ կան: Փաշինյանական արտահաստիքային պրոպագանդիստի ամպլուան, որով լիքն է Հայաստանի պրոիշխանական մեդիատարածքը, դժվարությամբ է կապվում իր՝ երկրի նախագահի ստատուսի հետ:

Ուրեմն ինչո՞ւ է Լուկաշենկոն որոշել իջնել մի մակարդակի, որը համատեղելի չէ իր՝ այդքան բարձր դիրքի հետ:

Համարձակվում եմ ենթադրել, որ պատասխանը բավականին պարզ է: Փաստերի եւ իրականության անտեսումն ու ոտնատակ տալը, Փաշինյանի փոքր, բայց գրգռված էգոն սպասարկելու փորձը կապված են անառակ որդուն ատլանտյան անհուն տարածքներից դեպի հայրենի եվրասիական տուն վերադարձնելու մղման հետ:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ տարվեց աշխարհաքաղաքական լուցկիներով, վտանգավոր իրականություն է: Բայց որքանո՞վ են արդարացված Սերժի հաշվին Փաշինյանին եվրասիական տիրույթ վերադարձնելու պարոն Լուկաշենկոյի գործադրած ջանքերի ձեւն ու բովանդակությունը:

Սա բոլոր տեսանկյուններից կասկածելի այս խաղը խաղալու՝ եվրասիական շրջանակների ամենեւին էլ առաջին փորձը չէ: Նման սխեմաներ վերջին տարիներին ապարդյուն կերպով էլի են փորձել խաղարկել: Որքա՞ն կարելի է կրկնել նույն սխալը ու խաղեր տալ Փաշինյանի հետ մի եղանակով, որն առաջին հերթին ռեպուտացիոն կորուստներ է բերում իր՝ Բելառուսի նախագահի համար:

Նախ եւ առաջ ըՈՑՖՍՈ-ին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզեւ նախկին գործընկերոջ հասցեին` նրա բացակայությամբ:

Երկրորդ՝ Ալեքսանդր Գրիգորեւիչի կողմից հիշատակված Սերժ Ազատովիչի հետ 5 միլիարդի մասին ունեցած սկանդալային խոսակցության ժամանակ ՀՀ երրորդ նախագահն այնպիսի փաստարկներ բերեց Ղարաբաղյան հարցում «առքուվաճառքի» անթույլատրելիության վերաբերյալ, որ անգամ Սերժ Սարգսյանի բելառուս գործընկերոջ պերճախոսությունը չօգնեց իրեն:

Երրորդ՝ հիշում եմ, որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Լուկաշենկոն Փաշինյանին ուղիղ մեղադրեց այն բանում, որ «վերջինս լեզուն մտցրել է մի տեղ»: Ու հիմա Հայաստանի վարչապետի լեզուն ֆիզիոլոգիական համապատասխան դիրքի վերադարձնելու հարցում օգնության նրա փորձը ստեղծում է անհետեւողականության եւ կոնյունկտուրայի շրջանակներում գործելու տպավորություն:

Հիշում եմ, թե ինչպես իմ՝ Բելառուս այցի ընթացքում ես չկարողացա Խատինի հուշահամալիրի մոտ զսպել արցունքներս. ինչպե՜ս էի հպարտանում Մարշալ Բաղրամյանի բաճկոնով, որը տեսել էի Հայրենական Մեծ պատերազմի՝ Մինսկի թանգարանում, անձնական ինչպիսի՜ ջանքեր եմ գործադրել, որ Բելառուսին ընդգրկեին Բոլոնյան գործընթացի մեջ 2015թ. Երեւանում տեղի ունեցած նախարարական գագաթնաժողովի ժամանակ:

Ես չափազանց շատ եմ սիրում Բելառուսը, որ անգամ տեսականորեն նախագահ Լուկաշենկոյին առաջարկեմ հայրենիքի վաճառքի նմանօրինակ սխեմա, օրինակ՝ Արեւմտյան Բելառուսը Լեհաստանին վաճառելու տեսքով: Կասկած չկա, որ լեհերը Գոմելի համար շատ լավ գին կվճարեին:

Բայց դուք, ինչպես եւ մենք հայրենիքն առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնում, շատ հարգելի պարո՛ն նախագահ»:

 

 

 

«ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ ԿՅԱՆՔ ԿԱ»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի արձագանքին՝ կապված Աշոտյանի գործի հետ։ Հայկ Մամիջանյանն ասաց, որ ավելի վաղ էլ Եվրոպայից ամենաբարձր մակադրակով արձագանքներ են եղել Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ։

 

«Ոչ միայն ԵԺԿ հայտարարությունն է եղել, որտեղ հստակ ֆիքսվում է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է եւ պահանջ է ներկայացվում ազատ արձակել Արմեն Աշոտյանին եւ դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը, այլ նաեւ Կենտրոնամետ դեմոկրատների միությունից է եղել հայտարարություն, որտեղ նույնպես շատ հստակ ու շատ չոր ձեւակերպումներով ֆիքսում են, որ պարոն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հալածանք է, եւ նա քաղբանտարկյալ է։ Այն հայտարարությունը, որը ստացվել է՝ ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի նամակի, անհրաժեշտ է կարդալ տողատակերում։ Եթե այս պարագայում այս կառույցի ներկայացուցիչները չտեսնեին որեւէ խնդիր այս գործընթացում, ապա պատասխանը նմանօրինակ չէր լինի»,- ասաց Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ եվրոպական կառույցների հետ աշխատած ցանկացած մարդ կարող է ֆիքսել, որ թե այս հայտարարությունը, թե նախորդ հայտարարությունները բնորոշում են եվրոպական միջազգային կազմակերպությունների վերաբերմունքն այս գործընթացին։ «Աշխարհի տարբեր կետերում շատ տարբեր քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր են եղել, բայց այս մեկն արդեն աբսուրդի ժանրից անդին է։ Ինչպես իմ գործընկերներից մեկը մի անգամ ասաց՝ նույնիսկ ամենատարբեր քաղաքական բանտարկյալների քրեական գործերն այսպիսի խայտառակ կերպով չեն կարված ու ձեւված, ինչպես Արմեն Աշոտյանի գործը։ Այնպես որ, ակնկալել, մտածել՝ պատասխան լինելու է Եվրոպայից, թե չէ, կարծում եմ՝ վաղուց ժամանակավրեպ է։ Եվրոպան հստակ ֆիքսել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, ՀՀ քաղաքացիների զգալի մի հատվածը, ըստ սոցիոլոգիական հարցումների, ֆիքսում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, եւ նրանցից ամենաշատը նշվում է Արմեն Աշոտյանի անունը»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը հավելեց, որ մենք մի երկրում ենք ապրում, որտեղ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ուղղակի ՔՊ-ին հաղթելու համար են պահում անազատության մեջ, Արմինե Ադիբեկյանի եւ Ավետիք Իշխանյանի նկատմամբ ֆեյսբուքյան գրառումների համար գործեր են հարուցվում։ «Իսկ այդ ամենի հետ կապված միակ բանը, որ կարող եմ ասել՝ դեմոկրատիայի բաստիոն ենք  զանգել, ասում էին՝ այսպես երկար շարունակել չես կարող. եթե քո երկրի բնակչության մեկ քառորդն ասում է, որ դու դավաճան ես, վաղ թե ուշ գնալու ես»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի այսօրվա դատական նիստից, Մամիջանյանը պատասխանեց. «Մի բան կարող եմ ասել բոլոր այն դատավորներին, որոնք համաձայնում են դակել այս որոշումները՝ Նիկոլից հետո կյանք կա։ Միակ բանը, որ կուզեմ ասել թե՛ դատավորներին, թե՛ դատախազներին, որոնք այս կամ այն հանձնարարականն են կատարում, միշտ ֆիքսեք՝ Նիկոլից հետո կյանք կա»։

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Ալավերդու համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի համապատասխան բաժինները։ Համայնքի ղեկավարը խորհրդակցության սկզբում հատուկ շեշտեց այն հանգամանքը, որ համայնքապետարանը պատասխանատու շրջան է թեւակոխում, եւ սահմանված ժամկետներում ավագանու հաստատմանը պետք է ներկայացվի համայնքի` 2024 թվականի բյուջեն:

Քննարկվեցին քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներին, չսահմանված վայրերում բացօթյա առեւտրին, հասարակական տրանսպորտի աշխատանքներին, համայնքապետարանի եւ առանձնացված ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին ծառայություների մատուցման որակին առնչվող հարցեր, տրվեցին հանձնարարականներ համապատասխան բաժիններին։ Անդրադարձ կատարվեց նաեւ համայնքապետարանի գործառույթներին վերաբերող այլ խնդիրների, եւ տրվեցին հանձնարարականներ դրանց լուծման նպատակով։ Համայնքի ղեկավարը, կարեւորելով յուրաքանչյուր բաժնի դերը, առանձնացրեց քաղաքաշինության եւ հողաշինության բաժնին, որի աշխատանքը պետք է հիմնված լինի ինչպես արդյունավետության վրա, այնպես էլ պետք է պահպանի ու բարեկարգի համայնքի արտաքին տեսքն ու առանձնահատկությունները։

 

 

 

«Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ»

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բողոքի եւ հանրային իրազեկման գործողություններ են իրականացնում Երեւանի փողոցներում` «Ո՛չ թալանին» կարգախոսով: Նրանք բարձրախոսով հայտարարում են, որ առաջիկայում երեւանցիներին սպասվում են տհաճ անակնկալներ՝ տեղական տուրքերի թանկացումներ, իսկ «Ասեք՝ կանենք» կարգախոսը, ըստ «Մայր Հայաստանի», իշխանությունները դարձրել են «Մենք կասենք, դուք կանեք»: Ավագանու անդամները հայտարարեցին, որ իշխանությունները խաբել են մարդկանց ամեն ինչի վերաբերյալ՝ տարրական կոմունալ ծառայությունից սկսած մինչեւ անվտանգային խնդիրներ. այս իշխանությունների օրոք թմրամոլությունն աճել է, Երեւանի կենտրոնը պատրաստվում են դարձնել հատուկ ընտրյալ եւ վճարունակ մարդկանց համար կայանատեղի, 5 անգամ խոստացել են կառուցել մետրոյի Աջափնյակ կայարանը, սակայն ոչինչ չեն արել:

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ձեւակերպմամբ՝ իշխանություններին թվում է, թե սովորական կրպակ աշխատացնողն ի վիճակի է մի քիչ ավել տեղական տուրք վճարել, բայց կազինոները չեն կարող. իշխանությունները խաբել են, որ էլեկտրաէներգիայի գինը կիջնի, ջուրն ու գազը չեն թանկանա, բայց բարձրացրել են, ասել են՝ կպայքարեն Արցախի համար, բայց Արցախը հանձնել են:

 




Լրահոս