ԹԵԼԵԳՐԱՄՅԱՆ ԹՄՐԱԲԻԶՆԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ եւ մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

 

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երեւան քաղաքի 30-ամյա բնակիչ Ա.Կ.-ն թմրամիջոցների մաքսանենգությամբ եւ ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով 2019-2022 թթ. ընթացքում համաքաղաքացիների՝ 31-ամյա Ռ.Բ.-ի, 26-ամյա Ա.Ս.-ի, 23-ամյա Վ.Չ.-ի, 32-ամյա Վ.Գ.-ի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իր եւ հանցակիցների կողմից ստեղծված եւ կառավարված տելեգրամյան էջերի միջոցով տեւական ժամանակ զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, այդ նպատակով կազմակերպել եւ ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ ապօրինի տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային եւ ՀՀ պետական սահմաններով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019-2022թթ. ընթացքում Ա.Կ.-ն, Ռ.Բ.-ն եւ Ա.Ս.-ն իրենց կողմից «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված եւ կառավարված «@ngers», «Ismoke», «SchockMaster» եւ նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաեւ Վ.Չ.-ին, Վ.Գ.-ին, Ա.Գ.-ին եւ այլ հանցակիցների:

Վ.Չ.-ն եւ Վ.Գ.-ն՝ նախ որպես թմրամիջոց տեղադրող, ապա՝ նաեւ պահեստապետի պարտականություններ կատարող, ապահովել են, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն եւ նախապես տեղադրվեն թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները եւ ուղարկվել խանութ-հարթակները կառավարողներին:

Վերը նշված խանութ-հարթակների համար որպես պահեստ օգտագործված բնակարանում, Վ.Գ.-ի փաստացի բնակության վայրում, նրա ծնողներին պատկանող բնակարանում, ինչպես նաեւ Ռ.Բ.-ի բնակարանում հայտնաբերվել են տարբեր քաշերով՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, նաեւ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Ա?Կ?-ն հեռահաղորդակցական համակարգերի կիրառմամբ կազմակերպել եւ ղեկավարել է նաեւ ԱՄՆ-ից ապօրինի թմրամիջոցների ձեռք բերման եւ բեռնափոխադրող կազմակերպության միջոցով, մաքսանենգությամբ դրանք ՀՀ տեղափոխումը, առաքանին ՀՀ-ում ստացվելուց հետո հանցակիցների միջոցով դրա ստացումը: ՀՀ ապօրինի տեղափոխված թմրամիջոցի հերթական խմբաքանակը՝ առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» եւ «Կոկաին» տեսակի թմրամիջոցները, հայտնաբերվել են բեռնափոխադրող ընկերության միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանիների զննությամբ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ Ա.Կ.-ին, Վ.Չ.-ին եւ Վ.Գ.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Ռ.Բ.-ին եւ Ա.Ս.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

5 անձանց նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որոնցից 3-ի մասով հետագայում այն փոխարինվել է այլ խափանման միջոցներով։ Նշված անձանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբի այլ անդամների հայտնաբերելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաեւ դրանց շրջանառությունից ստացված դրամական միջոցների ամբողջական ծավալները պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱՆ

Պետական պահպանության ծառայության պետը եւ ծառայության պետի տեղակալները իրավունք կունենան գործադրելու ֆիզիկական ուժ, կրելու, պահելու եւ կիրառելու հատուկ միջոցներ, ինչպես նաեւ զենք. նման նախագիծ ներկայացրել է ՊՊԾ-ն։

 

«Ծառայության պետին եւ ծառայության պետի տեղակալներին կրելու, պահելու եւ կիրառելու իրավունքով հատկացվում են ծառայության տնօրինության տակ գտնվող հատուկ միջոցներ եւ զենք: Ծառայության պետին եւ ծառայության պետի տեղակալներին հատուկ միջոցներով եւ զենքով ապահովելու կարգը, հատուկ միջոցների, զենքի ու ռազմամթերքի ցանկը, հատուկ միջոցների եւ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնները, ինչպես նաեւ հատուկ միջոցների եւ զենքի կիրառման ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է ծառայության պետը»,- նշվում է նախագծում։

Առաջարկվում է նաեւ ծառայության ծառայողներին իրավունք վերապահել վերջիններիս կողմից պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել նաեւ ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները։

«Առաջարկվում է ծառայությունում ներդնել ծառայության անցնող քաղաքացիների կողմից երդում տալու վերաբերյալ դրույթ, ինչը կբարձրացնի վերջիններիս պատասխանատվությունը զինվորական պարտքի եւ պարտականությունների կատարման համար անձնական պատասխանատվության գիտակցությունը»,- նշվում է հիմնավորման մեջ։

Նախագծվում նշվում է նաեւ, որ ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը կիրականացվի ազգային անվտանգության մարմիններում ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կապահովվեն որակյալ բժշկական օգնությամբ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում։ Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովն ընդունեց որոշում, որով ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը դարձավ վարչապետին ենթակա մարմին։

«ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որպեսզի վերջինս կենտրոնանա հիմնական երեք ուղղությամբ աշխատանքների վրա` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար եւ սահմանադրական կարգի պահպանություն»,- հայտարարել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Պետական պահպանության ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին որոշումը։

Ըստ որոշման՝ ծառայության կառավարումն իրականացնում է վարչապետը: Վարչապետը հաստատում է ծառայության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, եւ կատարում է կանոնադրության փոփոխություններ, ինչպես նաեւ ծառայողների եւ աշխատողների քանակը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Ծառայության պետը հաշվետու է վարչապետին:

 

 

ՁԵՎԱԿԱՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔ

Ս.Պ.-ն, 2005 թվականից մինչ օրս զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականին, շուկայականից էականորեն ցածր գնով, համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը վաճառել է իր աներոջը, որն էլ տարիներ անց ձեւական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով գույքը վաճառել է իր դստերը՝ Ս.Պ.-ի կնոջը: Քրեական վարույթով պարզվել է, որ Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ն, (լիազորությունները դադարեցված են) համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռ.Մ.-ի հետ համատեղ, համայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականի հուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ է ներառել այն մասին, որ ավագանու երկու անդամները կողմ են համայնքի կենցաղի տան կիսաքանդ շենքն օտարելուն (իրականում կենցաղի տունը 2008-2010 թվականների ընթացքում վերանորոգվել է):

Կեղծ արձանագրության հիման վրա՝ կենցաղի տան շենքն օրենքի խախտմամբ դրվել է աճուրդի. 7 մլն 210 հազար դրամ շուկայական արժեք ունեցող շենքի օտարման մեկնարկային գին է սահմանվել 2 մլն 570 հազար դրամը:

Կազմակերպված աճուրդ-վաճառքին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել Ս.Պ.-ի աները՝ Ռ.Խ.-ն: Աճուրդից առաջ տվյալ տարածքը 15 տարով վարձակալության է տրամադրված եղել ամսական 10 հազար դրամով: Վարձակալության գումարը վաճառքից հետո վճարվել է համայնքի ղեկավարին:

Ռ.Խ.-ն վերոնշյալ գույքը 2018 թվականի մարտի 13-ին ձեւական առուվաճառքի պայմանագրով 3 մլն դրամով օտարել է իր դստերը՝ Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ի կնոջը:

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Այգեպատ բնակավայրի ղեկավար Ս.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը), 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով (հրապարակային սակարկությունների կարգը չարամտորեն խախտելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ փողերի լվացումը):

Պաշտոնեական կեղծիք կատարելուն եւ վստահված գույքի հափշտակությանն օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ ավագանու նախկին անդամների նկատմամբ, իսկ վստահված գույքի հափշտակության, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն եւ փողերի լվացմանն օժանդակելու համար՝ համայնքի ղեկավարի աներոջ՝ Ռ.Խ.-ի նկատմամբ:

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ Այգեպատ համայնքի կենցաղի տան վրա արգելանք է կիրառվել:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 




Լրահոս