3 տարվա գերությունից հայրենիք է վերադարձել Դավիթ Ստեփանյանը. ինչ մեղադրանք էր առաջադրված նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում:

Հայրենադարձված գերիների թվում էր նաև 44-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանում գերեվարված Դավիթ Ստեփանի Ստեփանյանը:

Դավիթ Ստեփանյանի դատավարությունն ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում, որտեղ նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով և դատապարտվել 6 տարի ազատազրկման: Հոդվածների համաձայն՝ Դավիթը մեղադրվել էր «ահաբեկչության և դիվերսիայի համար»:

Ըստ դատավորի կայացված որոշման՝ Դավիթը և նրա հետ դատապարտվածները պատիժը կրելուց հետո պետք էր լքեին Ադրբեջանի տարածքը:

Դավիթ Ստեփանյանը ծննդով Շիրակ մարզի Փանիկ գյուղից է:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը նրան մեղադրում էր 2020 թվականի նոյեմբերի 26-27 ընկած ժամանակահատվածում իբրև «Ադրբեջանի պետական սահմանը հատելու և Հադրութի հյուսիս-արևմտյան հատվածի անտառային տեղանքում մարտական դիրքեր զբաղեցնելու և մինչև դեկտեմբերի 13-ը տվյալ տարածքում զինված հարձակումներ իրագործելու համար»:

Նանիկ Աղասյան




Լրահոս