ՀՀ անձնագիր ստանալով՝ բռնի տեղահանված արցախցիները չեն զրկվի արդեն իսկ մշակված աջակցության ծրագրերից. Նելլի Դավթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ահազանգում են Արցախից բռնի տեղահանված անձինք և նշում, որ Արցախի Հանրապետության ուժային կառույցում նախկին ծառայող-աշխատողները ( աշխատել են ՊԲ-ում, ԱԱԾ-ում, ՆԳՆ-ում) Հայաստանի Հանրապետությունում նշված կառույցներում աշխատելու համար պետք է ձեռք բերեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Արդյոք պարտադիր է տվյալ հաստատություններում աշխատելու համար քաղաքացիություն ունենալը, թե ոչ և արդյոք այն ինչ-որ ձևով կազդի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող առկա և հետագա աջակցության ծրագրերին, ArmLur.am կապ հաստատեց ՆԳՆ ՄՔԾ հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ:

Վերջինս էլ մեզ հետ զրույցում նշեց.

«Անձնագիր փոխելու հասկացություն չկա այն իմաստով, որ որևէ աշխատանքի բնութագիր չի ասում, որ անձը պետք է ունենա այս կամ այն անձնագիրը, որն ի վերջո անձնագիր է: Կա քաղաքացիության նկատմամբ պահանջ: Եթե խոսքը հանրային ծառայության մասին է, ապա այո Հայստանի Հանրապետության քաղաքացի լինելը պարտադիր պահանջ է: Նախ՝ ՀՀ քաղաքացիության մասին օրենքով ստուգում ենք արցախցիների քաղաքացիությունը, որտեղ մի քանի հանգամանքներ են կարևոր. ծննդյան տարեթիվը, ծնողները, ծնողների տվյալները, հաշվառումը, առաջին անձնագրավորումը և այլն: Եթե նշված չափորիշներով, անձը չի նույնականացվում որպես ՀՀ քաղաքացի, ապա նա պետք է դիմում գրի ՀՀ-ի քաղաքացիություն ստանալու համար, որից հետո անձնագրավորման փուլն է լինում: Եվ, իհարկե, ստացված նոր անձնագիրը չի լինելու 070 կոդով»:

Նելլի Դավթյանը նշեց, որ արցախցիների տվյալներն ստուգելու ժամանակ եղել են նաև դեպքեր, որ անձը գրանցված է եղել ՀՀ-ում, սակայն մշտապես ապրել է Արցախում և տեղահանվել է 2023թ. սեպտեմբերի 24-ից հետո: «Դեպքերը շատ անհատական են և պահանջում են, որ անպայման համակարգով ստուգվի կա քաղաքացիություն, թե ոչ»,- ասաց պատասխանատուն:

ՀՀ անձնագիր ստանալով՝ բռնի տեղահանված արցախցիները չեն զրկվի արդեն իսկ մշակված և ընթացքում գտնվող աջակցության ծրագրերից: Նոր մշակվող հետագա ծրագրերը կունենան իրենց չափորոշիչները: «Ըստ էության նոր ծրագրեը կվերաբերեն բոլոր տեղահանված անձանց և քաղաքացիության իրավական վիճակը չի հերքի, չի չեղարկի անձի տեղահանված լինելու հանգամանքը: Այն, որ փախստականի կարգավիճակ է տրվելու մասսայաբար բոլոր արցախցիներին, հենց այդ նպատակով է, որ ֆիքսվի արցախցիների տեղահանված լինելու հանգամանքը»,- ասաց Նելլի Դավթյանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս