ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին Իջեւանում կկայանան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ընտրություններից  3 օր առաջ` նոյեմբերի 10-ին, ավագանու նիստ է հրավիրել: Նախատեսվում է  համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի 4 տարածքներ անհատույց օտարել կոնկրետ քաղաքացիներին: Ավագանին պետք է նաեւ համաձայնություն տա քաղաքաշինական եւ այլ նպատակներով հողամասեր հատկացնելուն, ինքնակամ շինությունների եւ ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական  կարգավիճակը որոշելուն: Դա վերաբերում է ընդհանուր առմամբ 28 հողամասի եւ կառույցի: Նախորդ` 2011թ. հուլիսի 25-ի եւ սեպտեմբերի 20-ի նիստերով ավագանին համաձայնություն էր տվել ընդհանուր թվով 134 հողամասեր հատկացնելու եւ ինքնակամ կառուցված շինությունների կարգավիճակը որոշելու մասին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի առաջարկությանը: Անհասկանալի է` այդ ինքնակամ կառույցները մեկ օրո՞ւմ կառուցվեցին, ինչո՞ւ 12 տարի անընդմեջ պաշտոնավարող  քաղաքապետը ժամանակին չի կանխել դրանց շինարարությունը:  Իջեւանի քաղաքապետարանը նաեւ ավագանու` նոյեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է մտցրել քաղաքի վարչական սահմաններում գտնվող անտառային նշանակության հողերից 1,89 հա մակերեսով հողամաս էներգետիկայի, կապի, տրանսպորտի եւ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողամասերի շարքը դասելու մասին առաջարկությունը: Նպատակը Աղստեւ գետի վրա փոքր հէկ կառուցելն է: Քաղաքապետի ընտրություններին 5-րդ անգամ մասնակցող Վարուժան Ներսիսյանը, հավանաբար մտավախություն ունենալով դրանց արդյունքներից, շտապում է հողերն օտարել կամ փոխել դրանց նպատակային նշանակությունը: Հավելենք, որ նոյեմբերի 5-ին կայացած կուսակցական ժողովում ՀՀԿ Իջեւանի տարածքային կազմակերպությունը եւ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն առաջիկա ընտրություններում իրենց զորակցությունն են հայտնել այս տարվա գարնանը ՀՀԿ-ին անդամագրված Վարուժան Ներսիսյանին:




Լրահոս