ՖՈՏՈ․ Ապրում ենք անորոշ՝ չսպասելով արդեն ոչ մի փոփոխության. Արցախից բռնի տեղահանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ասել, որ ծանր օրեր էինք ապրում բլոկադայի շրջանում, ոչինչ ասել կնշանակի: Չգիտեմ ինչպես նկարագրեմ, որ ճիշտ պատկերը կարողանամ ստեղծել: Մենակ կասեմ, որ հետպատերազմյան շրջանում բոլորիս կյանքը կանգնեց, իսկ շրջափակման հետ օրեցօր անզգայանում էինք ու միայն մտածում պահի մասին: Հիմա, բայց որ հետ եմ նայում անգամ երանի եմ տալիս այդ նեղ օրերին. մեր հայրենիքը արժանի էր, որ իր համար այդքան զրկանքներ կրեինք: Առանց հայրենիք ապրելը, ինչքան էլ ապահով լինես, թշվառություն է»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Գոհար Նարիմանյանը:

Գոհարի ամուսինը՝ Հրայր Նարիմանյանը, պայմանագրային ծառայող է եղել Արցախի Պաշտպանության բանակում: Մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին և հրաշքով փրկվել վերջին՝ սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմի ժամանակ: Հիմա հիվանդանոցում բուժում է ստանում: Գոհարի եղբայրը՝ Գեղամ Ստեփանյանը, երկար տարիներ ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում՝ որպես պահեստազորի մայոր, մասնակցել է քառօրյա, 44-օրյա պատերազմներին: Դիքերում էր նաև 2023թ. սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը: Խաչենի կամրջի մոտակայքում պատերազմի առաջին օրն էլ զոհվում է՝ արկի պայթյունից:

«Աննկարագրելի ցավ եմ ապրում՝ հիշելով հետևում թողած ամենաթանկը` եղբորս աճյունը: Ճիշտ է, մեր ամեն մի ստեղծածի համար մենք, և ոչ միայն մենք, այլև Արցախի ժողովուրդը, տանջվել-տառապել ենք, բայց հիմա իմ մտքում միայն հայրենիքս է ու մեր զոհերի գերեզմաններն ու աճյունները: Փորձում ենք դիմել տարբեր հաստատությունների, որպեսզի միջամտեն և եղբորս աճյունը տեղափոխեն մեզ մոտ»,- ասում է մեր զրուցակիցը:

Նարիմանյանների ընտանիքը բռնի տեղահանվել է Ստեփանակերտից սեպտեմբերի 27-ին, երեք օր գաղթի ճանապարհին գիշերելուց հետո անցել են Հակարրի կամուրջը:

«Միայն Աստված գիտի, թե ինչ պայմաներում անցանք այդ գաղթի ճանապարհը»,- ասում է Գոհար Նարիմանյանը։

«Մի որոշ ժամանակ ապրում էինք մեր բարեկամի տանը մինչև վարձով բնակարան գտանք: Հիմա բնակվում ենք Երևանում՝ աղջկաս ընտանիքի հետ: Դժվարությամբ, համեմատաբար մատչելի վարձակալությամբ տուն ենք գտել և ամուսնուս, աղջկաս, նրա ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ ապրում ենք միասին, մի տան մեջ:  Խնդիրներ շատ ունենք, տանը ոչ մեկ չի աշխատում, իսկ մեզ հասանելիք աջակցություններն էլ, չգիտես ինչու, ուշացնում են: Երկու մշակված տրամադրվող դրամական աջակցություններից արդեն երեք ամիս է դեռ չենք ստացել, դիմել ենք, զանգել ենք, ասել են՝ սպասեք: Չգիտեմ ինչքան և ինչի սպասել: Հիասթափված, հուսահատված, լքված վիճակում չգիտես ինչ անել: Ապրում ենք անորոշ՝ չսպասելով արդեն ոչ մի փոփոխության: Երազում եմ հրաշք կատարվի, վերադառնանք մեր հայրենիք, մեր բնօրրանը»,- ասում է Գոհարը:

Նանիկ Աղասյան




Լրահոս