Փաշինյանն Ալիևին պայմանագրի նոր կետ է առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։

Նա այդ մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում։

«Այս դեպքում ՀՀ-ն և Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն և դրանք կատարելու համար մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն կունենան»,– ասել է նա։

Ըստ նրա` Ադրբեջանը մի կողմից ասում է, որ իր բանակն ուզում է ուժեղացնել, մյուս կողմից դժգոհում է, որ ՀՀ–ն Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում։

«Այսինքն` այստեղ տրամաբանությունը ո՞րն է. որ ՀՀ–ն բանակ չպետք է ունենա՞։ Եթե սա է ընկալումը, ապա կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է. ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք։

Դրա համար ենք մենք ասում` եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, որ պատերազմի հնարավորություն չլինի։ Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով` տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ունենալ մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները։ Սա տրամաբանությունից դուրս է»,– ընդգծել է Փաշինյանը։

Անդրադառնալով բանակցային գործընթացին` ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանը գոնե մինչև այս պահը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով։

«Սա պետք չէ ժխտել, քանի որ և ՀՀ–ում, և Ադրբեջանում կան և կլինեն ուժեր, որոնք շահագրգռված չեն խաղաղությամբ։ Այստեղ շատ կարևոր է երկրների ղեկավարների այն դիրքավորումն ու խոսույթը, որ նրանք օգտագործում են։

Կարևորն այն է, թե ինչ է հնչում ամենաբարձր մակարդակից, դա է ցույց տալիս, թե որքանով ենք մենք անկեղծ` խաղաղության ձգտման մեր ճանապարհին։ Այո, լինելու են բազմաթիվ բարդություններ, սակայն հարց է` արդյոք մենք գնո՞ւմ ենք այդ բարդությունները լուծելու ճանապարհով, թե ոչ»,– նշել է նա։

Փաշինյանը վստահեցրել է, որ գոնե ինքը գնում է այդ ճանապարհով, հույս ունի, որ այդ ճանապարհով կգնա նաև Ադրբեջանի ղեկավարը։




Լրահոս