ՇԱՀԱՌՈՒՆ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը երեկվա նիստի ժամանակ սահմանեց պետական աջակցություն տրամադրել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողին մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքն իր բնակության վայրում չհաշվառված անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցում։

 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ շահառուի՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու համար զոհված զինծառայողի ծնողի եւ միասնական սոցծառայության տարածքային կենտրոնի միջեւ կկնքվի աջակցության տրամադրման պայմանագիր, եւ ծնողը հնարավորություն կունենա մինչեւ երեխայի մանկապարտեզ գնալը դայակ ունենալ։ Այդ նպատակով կտրամադրվի մինչեւ 104 հազար դրամ գումար։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էլ տեղեկացրեց, որ զոհված զինծառայողների ընտանիքներում, 2021թ. սկսած, արդեն 54 երեխա է ծնվել։

Մկրտչյանը հավելեց, որ այս ծրագրով չպետք է դայակը նույն հասցեում հաշվառված լինի. «Նախորդ ծրագրում լինում էին դեպքեր, երբ գրանցում էին ընտանիքի անդամին, եւ ծրագիրը չէր ծառայում իր նպատակին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նախարարի այս դիտարկումը այդքան էլ ճիշտ չհամարեց: Ըստ նրա՝ նման սահմանափակումներով շեղվում են հիմնական նպատակից:

«Կարծում եմ՝ այս դեպքում մենք կարող ենք այդ բացառությունն անել. մեր շահառուն, որին ուզում ենք աջակցել, ի վերջո, ծնված երեխան է. ինչքան լավ պահեն այդ երեխային, այդքան մեզ համար ավելի լավ։ Ամեն անգամ՝ մեր քաղաքականությունը մշակելիս, կարեւոր բաներ բաց ենք թողում։ Մեր խնդիրը երեխային օգնելն է, այս ծրագրով ինչ-որ տեղ գործազուրկ դայակներ կա՞ն, ուզո՞ւմ ենք իրենց աշխատանքի տեղավորենք. դա չէ մեր խնդիրը։ Եթե այդ ծառայությունը պետք է հարազատ տատիկը մատուցի, շատ լավ, թող մատուցի, ավելի լավ։ Մեր խնդիրն այն է, որ երեխան լավ պայմաններում լինի, եւ մայրիկները աշխատելու հնարավորություն ունենան»,- ասաց նա:

Այնուհետեւ վարչապետը կառավարության անդամներին մի իրավիճակ ներկայացրեց. «Ընտանիքում ծնվել է երեխա, եւ երիտասարդ մայրն ուզում է աշխատի, եւ երեխայի տատիկը մի տեղ աշխատում է 80 հազար դրամով. ուզենալով օգնի, որպեսզի իր դուստրը կամ հարսը աշխատելու հնարավորություն ունենա՝ մարդը կարող է որոշի ու դուրս գա աշխատանքից, գնա իր թոռնիկին պահի եւ իր եկամուտն էլ չկորցնի. այդ թափուր մնացած աշխատանքի վայրում մեկ ուրիշն աշխատի։ Սա այն դեպքը չէ, որ պետք է կասկածելի հայացքով ասենք՝ վա՜յ, մեր դայակների 100 հազար դրամը ի՞նչ եղավ»:

Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ սահմանափակումների հետեւանքով մարդիկ չեն կարողանում օգտվել նախագծից. «Մենք երբեւէ չենք խորանում որոշումների մեջ, այլ ասում ենք՝ տեսե՛ք, մենք ինչ լավ կառավարություն ենք, նման որոշում ընդունեցինք, հետո գնում ենք մարզային հանդիպման, հարցնում՝ օգտվո՞ւմ եք այդ ծառայությունից, ասում են՝ չէ, որովհետեւ մեր բարեկամը, հարեւանը կամ գյուղացին չի կարող մասնակցել, կամ դայակի բոյը պետք է լինի 1.90, քաշը՝ էսքան, 5 աշխատանքային փորձով, բայց հանրապետությունում նման մարդ չկա։ Ես գիտեմ, որ մարզային կամ ոչ մարզային որեւէ այցի լայն ժպիտով գնալու եմ հարցնեմ՝ բա էդ որոշումից օգտվեցի՞ք, սիրելի՛ շահառուներ, եւ ինձ ոչ ժպիտով պատասխանեն՝ ոչ: Ինչո՞ւ. որովհետեւ ձեր կարգավորման մեջ մի հատ հնարավորություն կա, 200 հատ սահմանափակում, մենք նեռվ չունենք դա հաղթահարենք. ես առավոտից դա եմ մտածում։ Սա առիթ է, որ որոշումներ կայացնելիս հասկանանք՝ մարդը օգտվո՞ւմ է դրանից։ Որոշումները մենակ զեկույցներում գրելու համար չենք ընդունում, այլ մարդկանց կյանքը լավացնելու»։

Կառավարության ղեկավարը նաեւ կատակեց. «Երեխային պահելու մեջ սահմանափակումը չեմ հասկանում. եթե չպահի տատիկը, կազատե՞ն աշխատանքից։ Մայրիկներին դրանով լծակ ենք տալիս, որ ասեն՝ հարգելի՛ տատիկ, Դուք երկուշաբթի օրվանից ազատված եք աշխատանքից»։

Նա հանձնարարեց լուծել նշված կարգավորումը։

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

«Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու տեւական խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջին զարգացումներին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի սկզբունքների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետեւանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շուրջ: Երկուստեք կարեւորվել է միջազգային հանրության աջակցությունը:

 

 

 

ԱԽ ՆԻՍՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաեւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ պարենային անվտանգության ապահովմանը, ՀՀ ԶՈՒ միասնական կառավարման ավտոմատացված համակարգին եւ ՀՀ անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Նշվում է, որ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ այլ պաշտոնյաներ:

 

 

 

ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ ԿԱ

Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն կայունացման հստակ միտում կա։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս մասին երեկ՝ Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

«Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ոլորտում նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների լուծման ուղղությամբ»,- ասել է Գերասիմովը։

 

 

 

ՈՐՊԵՍ ԵՐԱՇԽԱՎՈՐ

«Ռուս խաղաղապահները սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում, իրենց տեղակայման վայրերում տեղավորել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների, այնուհետ՝ ապահովել Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ մեկնումը Հայաստան»,- ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։ «Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակչի տեղակայումը իրենց տեղակայման վայրերում, հետո՝ Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստանի տարածք։ Գրեթե 300 վիրավոր է տեղափոխվել։

«Միեւնույն ժամանակ, մեր զինվորականները շարունակում են առաջադրանքներ կատարել՝ որպես խաղաղ կյանք կառուցելու հնարավորության  եւ տարածաշրջան բնակիչների վերադարձի երաշխավոր»,- ասել է Գերասիմովը օտարերկրյա ռազմական կցորդների համար ճեպազրույցում:

 

 

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին,  որ դեկտեմբերի 19-ին ամփոփել են ՀՀ, ք. Երեւան, Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 հայտ։ Հանձնաժողովի որոշմամբ՝ ներկայացված առաջարկության ամփոփման արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել միակ հայտատու «ԷՌ ԷՆ ԷՍ ԱՐՇ» ՍՊԸ-ն։ Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով 5 տարիների ընթացքում վճարել 25 մլրդ ՀՀ դրամ (հավասարաչափ) եւ կատարել 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ տարածքում պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրված շենքերի վերանորոգման, նոր բնակելի, հյուրանոցային համալիրների, կոմերցիոն տարածքների, զբոսայգիների եւ հանգստի վայրերի կառուցման նպատակով։ Նշենք, որ խոսքը Երեւանի «Մայրաքաղաքային գնդի» զորամասի տարածքի մասին է, որը երկար ժամանակ չէր շահագործվում:

 




Լրահոս