ԱՐՁԱԿԱԳԻՐ՝ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՇՆՈՐՀԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կինը» ժողովածուն Անուշ Վարդանյանի առաջին արձակ գիրքն է, որի հերոսները մեր ժամանակակիցներն են: Գրքում ընդգրկված վիպակներից երկուսի գլխավոր հերոսը կինն է. նա ներկայացվում է նոր ու վառ գույներով, իսկ «Տղան» վիպակում տղամարդն է, որը բուռն իրադարձությունների եւ բարդ իրականության մեջ իր տեղն է փնտրում:

 

Գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Վարդանյանի գործընկերներն ու ընկերները, տեղի ունեցավ դեկտեմբերի 21-ին Հայաստանի գրողների միությունում:

Լրատվամիջոցների հետ զրույցում Անուշ Վարդանյանն ասաց, որ մանկական  արձակի ու բանաստեղծությունների ավելի քան տասը ժողովածու ունի, սակայն արձակագիր է դարձել  համացանցի շնորհիվ: «Արձակ գործերից մի քանի դրվագ հրապարակեցի, մարդիկ արձագանքեցին՝ ասելով, որ հետաքրքիր է, ու պահանջեցին շարունակությունը: Արդեն չորրորդ վիպակն եմ գրում»,-նշեց նա:

Վարդանյանը հավաստիացրեց, որ արձակ ժանրում ավելի հեշտ է ստեղծագործում, քան բանաստեղծական: «Կարծում եմ՝ արձակ գրում են պոետները՝ Գյոթեն, Չարենցը եւ այլք: Չարենցի «Երկիր Նաիրի»-ն համարում եմ ամենաբարձր արձակը, բայց արձակագիրները ոչ միշտ են պոեզիա գրում»,-ընդգծեց Վարդանյանը:

Խոսելով գրքի վերնագրի մասին՝ նա ասաց՝ վիպակների կին հերոսը չունի անուն: Նա կարող է ապրել Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում եւ այլուր, սակայն ամեն տեղ կնոջ հոգեկան ապրումներն ու զգացմունքները նույնն են: «Երբ կարդաք վիպակները, կտեսնեք, որ դրանք ձեր հոգու հետ խոսում են: Փորձել եմ կնոջ հավաքական կերպար ստեղծել, ինչն ինձ համար շատ կարեւոր էր»,-նշում է Անուշ Վարդանյանը:

Նա հույս ունի հաջորդ տարի ընթերցողների դատին հանձնել իր չորրորդ վիպակը, որը կկոչվի «Չղջիկ մականունով հետախույզը»: Այն դետեկտիվ ժանրի է, քանի որ հեղինակն այն պաշտում է:

Գրականագետ Ավիկ Իսահակյանը, որն Անուշ Վարդանյանի դասախոսն է եղել, առաջիններից է, որ ընթերցել է գիրքը:

Նրա խոսքով՝ Անուշ Վարդանյանի բանաստեղծություններն ու արձակը ստեղծում են նրա գրական դիմանկարը, որը հիմքում ժամանակակից մարդու աշխարհընկալումն է: «Նա այնքան լավ է պատկերում ամեն բան, որ կարծես պատրաստի կինոսցենար լինի: Ընթերցողին հաճելի ճամփորդություն է սպասվում Փարիզ քաղաքում, որը կախարդանք ունի ու աշխարհի ամենահրապուրիչ քաղաքներից է: Ժամանակները փոխվում են. այսօր նույն Ֆրանսիայում շատ են փախստականները, կարծես ամեն բան խառնվել է, սակայն, ինչպես ասել է Հեմինգուեյը, Փարիզը տոն է, որը միշտ քեզ հետ է:  Գրքում  եւ՛ Փարիզն է, եւ՛ հերոսուհու ներքին  աշխարհը»,- նշեց Իսահակյանը:

Գրող, Հայաստանի գրողների միության քարտուղար Նորիկ Գասպարյանի համոզմամբ՝ տղամարդ գրողները վերջերս շատ են կաշկանդվել, իսկ կանայք ավելի համարձակ են ու ասում են այն, ինչ ցանկանում են: Հենց այդպես է վարվել նաեւ Անուշ Վարդանյանը: «Պատերազմի մեջ գտնվող գրողը, եթե հայրենասիրության թեմայից դուրս որեւէ ստեղծագործություն է գրում,  հասարակությունը կարծես չի ընդունում ու սկսում է ժխտել նրան: Ես այսօր չեմ կարողանում ասել այն, ինչ մտածում եմ, ու սա հայ գրականության դժբախտությունն է: Գնալով գրականությունը դառնում է վրեժի, սգի, ողբի գրականություն, իսկ Վարդանյանը հաղթահարել է դա»,-ընդգծեց Գասպարյանը:

Գրքի խմբագիրն ու գծանկարների հեղինակն Էդվարդ Միլիտոնյանն է: Այն լույս է ընծայել «Ծիծեռնակ» հրատարակչությունը:

Անուշ Վարդանյանը ծնվել է 1955 թվականին Երեւանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի ազգային գրադարանի «Հիշարժան տարեթվեր» ամսագրում: Այժմ «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիրն է:

Վարդանյանը մանկական ստեղծագործությունների հեղինակ է: 2009 թվականին  «Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան ամենամյա մանկապատանեկան գրականության մրցանակի:

2018 թվին «Շարժման արեւը» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է «Հրանտ Մանուշակ Սիմոնյաններ»-ի մրցանակին:  Անուշ Վարդանյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի եւ «Ոսկե մեդալի»:

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ԵՐԳՉԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դեկտեմբերի 17-ին  Երեւանում կայացավ «Mix fight 54» MMA մարզաձեւի խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մենամարտեց ռուս մարզիկ Ալեքսեյ Նովիկովի հետ։

Ռուս մրցակիցը թեպետ MMA-ի տարբեր մարտերում ուներ հաղթանակներ, սակայն Կամո Ունանյանի հետ մարտն ավարտվեց հենց առաջին ռաունդում։ Կամոն նոկաուտի ենթարկեց ռուս մրցակցին ու փայլուն հաղթանակ տանելով MMA-ում՝ գրանցեց այս տարվա իր 5-րդ հաղթանակը։

Մարտի ավարտին Կամո Ունանյանը հայտարարեց, որ այս հաղթանակը նվիրում է իր ընկեր, սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի հիշատակին, որն օրերս անժամանակ հեռացավ կյանքից։

Հիշեցնենք, որ MMA մարձաձեւում սա Կամո Ունանյանի 5-րդ գերազանց հաղթանակն է, որից 4-ը՝ նոկաուտով։  Նա MMA մարզաձեւով սկսել է զբաղվել 2023 թվականից եւ արդեն գրանցել է 5 հաղթանակ եւ ոչ մի պարտություն։ MMA-ում նրա դեբյուտային մենամարտը տեղի ունեցավ այս տարվա մարտի 26-ին Հայաստանում, որի ժամանակ Ունանյանը մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ եւ ջախջախիչ հաղթանակ տարավ։ Չորրորդ հաղթանակը գրանցեց սեպտեմբերի 3-ին ուզբեկ մարզիկ Ալիմժոն Շադմանովի նկատմամբ։ Մարտը ընդամենը տեւեց 2 րոպե 58 վայրկյան. Կամո Ունանյանը հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց ուզբեկ մրցակցին։

 

 

 

ԴԵՄ ԵՆ ՈՐՈՇՄԱՆԸ

ՉԼ-ի «4-ի եզրափակիչ» են անցել իսպանական «Բարսելոնա»-ն եւ «Պալմա Ֆուտզալ»-ը, պորտուգալական «Սպորտինգ»-ը եւ «Բենֆիկա»-ն։

Sport.es-ը հայտնում է, որ «Բարսելոնա»-ն դժգոհ է մրցաշարը Երեւանում անցկացնելու ՈւԵՖԱ-ի որոշմամբ եւ իր առարկություններով դիմելու է կառույցին: Իրենց բողոքը կհայտնեն նաեւ պորտուգալական թիմերը, որոնք, չնայած ունեցած տարաձայնություններին, այդ հարցի շուրջ միասնական կգործեն:

Իսպանական կայքը գրում է, որ այդպիսով խոչընդոտ է ստեղծվում, որպեսզի ակումբների երկրպագուները կարողանան ներկա գտնվել հանդիպումներին: Եզրափակչի մասնակիցներից ոչ մեկը չի հասկանում, թե ինչու պետք է հանդիպումները լինեն մեկուսացած. նրանք միեւնույն մարզահամալիրում 4 օրում 6 հանդիպում կանցկացնեն:

«Եվ այս անհեթեթությանը վերջ դնելու համար պետք է նշել, որ մի քանի ամիս առաջ ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Հայաստանի նկատմամբ՝ լեգիոներների հետ կապված կանոնները խախտելու համար: Նախկինում ՈւԵՖԱ-ն թույլ է տվել Հայաստանին ու Վրաստանին անցնել Աշխարհի առաջնության որակավորման փուլը՝ ունենալով 10 բրազիլացի խաղացող»,- ընդգծել է sport.es-ը:




Լրահոս