Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արեւմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի միջնորդությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ՝ այս մասին Լավրովը հայտարարել է հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովն այս համատեքստում որպես օրինակ է բերել սահմանազատման խնդիրը։
«Կողմերը համաձայնագիր են կնքել, որ ստեղծելու են սահմանազատման հանձնաժողով, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։ Մեզ այնտեղ չեն հրավիրում։ (խմբ.՝ Եվրամիության խորհրդի նախագահ) Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ ԵՄ-ն կզբաղվի սահմանազատմամբ, չնայած… ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը երբեւէ չեն եղել ԵՄ ներկայիս տարածքում որեւէ ասոցիացիայի մաս, եւ ԵՄ-ի մոտ որեւէ քարտեզ լինել չի կարող: Քարտեզներ ունի ՌԴ-ն, եւ դա ձեռնտու է կողմերին: Բայց դա ձեռնտու չէ ԵՄ-ին, ձեռնտու չէ ԱՄՆ-ին, որը նույնպես ցանկանում է սահմանազատում կատարել օվկիանոսից այն կողմ… Ցավալի է, որ նման արեւմտյան եսասիրական նկրտումները խանգարում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հիմնարար նկրտումների իրականացմանը», – նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է այդ համաձայնագիրը կնքել Ռուսաստանի տարածքում, սակայն Երեւանի դիրքորոշումը պարզ չէ։
«Որքանով է դրան պատրաստ Երեւանը՝ ինձ հայտնի չէ, չնայած համապատասխան ազդանշանները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք», – ասել է Լավրովը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե համաձայնություններ են ձեռք բերվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որից հետո «եվրոպացիներն ու ամերիկացիները սկսել են ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում»»,- ասել է Լավրովը։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթացի բացակայությանը, ապա, ըստ Լավրովի, դա պայմանավորված է Երեւանի դիրքորոշմամբ։
«Չգիտեմ՝ Երեւանին ով ինչ է խորհուրդ տալիս…, բայց մենք տեսանք, թե ինչպես Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան անմիջապես սկսեցին առանց հրավերի ներգրավվել այդ գործընթացներում, հենց հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս թե՛ երթուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանների սահմանազատման, թե՛ խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում», – ասել է դիվանագետը։
Մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաեւ Հայաստանում ԵՄ առաքելությանը։ ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ այդ առաքելությունը ցանկանում է պարզել, թե տարածաշրջանում ինչով է զբաղված Ռուսաստանը. Մոսկվան այս հարցը քննարկել է Երեւանի հետ։
«Երբ Հայաստանի հետ համաձայնեցվեց Ադրբեջանի սահման ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու մասին փաստաթուղթը, Երեւանն ասաց, որ չի կարող ստորագրել, եւ գրեթե միաժամանակ այնտեղ մեկնեց ԵՄ առաքելությունը։ Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է։ ԵՄ առաքելությունը սկսեց ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանում տեղակայված մեր սահմանապահների աշխատանքով։ Ըստ էության, նրանք սկսեցին զբաղվել ոչ թե վստահության ամրապնդման միջոցներով, այլ անընդհատ փորձում էին պարզել, թե ինչ, որտեղ, ինչպես է տեղի ունենում, ինչ է անում այնտեղ Ռուսաստանը, ինչ կոնկրետ խնդիրներ են նրա առջեւ դրված»,- ասել է Լավրովը։
ԿԱՐՈՂ ԵՆ ՀԻՄՆԱՎՈՐԵԼ ԱՍՏՂԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
ԶԼՄ-ները գրում են. «Այն, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, եւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, կարծում ենք՝ ակնհայտ է բոլոր ողջամիտ, դատողունակ անձանց, նույնիսկ այն հայրենակիցներին, որոնք ՀՀԿ կալանավորված փոխնախագահի գործունեության, մեղմ ասած, «երկրպագուների» շարքերում չեն: Բայց հետաքրքիր է, թե լիովին փաշինյանական իշխանության քմահաճույքներով առաջնորդվող ԲԴԽ-ն ինչու է ցանկացել եւս մեկ անգամ ապացուցել, որ, այո՛, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է:
Բանն այն է, որ ԲԴԽ-ն պաշտոնապես պարզաբանում է տարածել, որով հանրությանը բացատրում է, թե ինչու է դատարանը որոշել կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին: Սա տարօրինակ է այնքանով, որ նույն ԲԴԽ-ն, օրինակ, հանրային հնչեղություն ստացած բազմաթիվ այլ գործերով նման մեկնաբանություններ, պարզաբանումներ, բացատրություններ, որքան հիշում ենք, չի ներկայացրել: Արմեն Աշոտյանի «գործի» վերաբերյալ Կարեն Անդրեասյանի գլխավորած կառույցն իր պարտքն է համարել հանդես գալ որպես կալանքի որոշում կայացրած դատավորի… պաշտպան: Մի խոսքով, ԲԴԽ պարզաբանումը միանգամայն «նոր խոսք» է Հայաստանում արդարադատություն ասվածի ոչնչացման գործում:
Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ ԲԴԽ պարզաբանման մեջ նշված է. «…Գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետեւության, որ քանի դեռ որեւէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»: Նույն հաջողությամբ ԲԴԽ-ն ու կալանք դակող դատավորները առաջիկայում կարող են նման որոշումները հիմնավորել, օրինակ, աստղերի դասավորությամբ, սուրճի գավաթով, վերջապես՝ եղունգ նայելով: Չէ, լո՛ւրջ: Այսպես որ գնաց, Կարեն Անդրեասյանը վաղը, մյուս օրը կարող է «ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու» փորձ գնահատել նաեւ… դատին ամբաստանյալի մասնակցությունը կամ փաստաբան ունենալը:
Մյուս կողմից՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է այս իշխանության օրոք «արդարադատության» բազմակի ստանդարտները: Այսինքն՝ ՔՊ-ականները կամ իշխող ռեժիմին ծառայություն մատուցածներն ու մատուցողները կարող են հանցանք գործել, ասենք՝ վրաերթի միջոցով մարդ սպանել ու ազատ շրջել, նրանք, դե, չեն ազդի «ապացույցների հետազոտման վրա», թեկուզ լինեն հենց իրավապահ համակարգի ներկա կամ մի քիչ նախկին աշխատակից, իսկ, այ, ռեժիմի քաղաքական հակառակորդները պետք է կալանավորվեն, նույնիսկ՝ ՖԲ-ում Փաշինյանի մասին «փիս-փիս» բաներ գրողները:
Ինչեւէ, ամեն դեպքում, ԲԴԽ-ն իր տարածած պարզաբանմամբ հրաշալի կերպով ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը հենց քաղաքական բանտարկյալ է: Կարելի է սպասել ԲԴԽ նոր հայտարարություններին. չէ՞ որ քաղբանտարկյալների պակաս Հայաստանը չունի»:
ՍՊԱՆՎՈՒՄ ԷԻՆ ԿԱՆԱՅՔ, ԵՐԵԽԱՆԵՐ…
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի կազմով Ազգային ժողովում հյուրընկալեցինք Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներ Էվա Էռնստ Ձիձիչին, Սիբիլ Համանին, Յոհաննես Մարգրայթերին, Քրիստիան Օքսոնիչին, Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ Նիկոլ Խաչատուրովային եւ Հերբերտ Լանգսներին։
Խոսելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիաների, էթնիկ զտումների եւ ցեղասպանության քաղաքականության մասին, ինչի հետեւանքով 120000 արցախահայությունը զրկվեց իր պատմական հայրենիքից՝ բռնի տեղահանմամբ՝ արձանագրեցի, որ միջազգային որեւէ իրավական նորմ մեր տարածաշրջանում չի գործում։
Տեղահանման օրերին Արցախում սպանվում էին կանայք, երեխաներ, քաղաքացիական այլ անձինք, սակայն միջազգային հանրության կողմից որեւէ արձագանք չեղավ։
Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի Արցախում մարդկանց սեփականության իրավունքի վերականգնման, հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը։ Ներկայացրի, թե ինչպես են Ադրբեջանի ձեռքով Արցախի հայկական եկեղեցիները վերածվում մզկիթների, ոչնչացվում մշակութային կոթողները, պղծվում գերեզմանները։
Անդրադարձա Արցախում բենզինի պայթյունի դեպքի դաժան հետեւանքներին, որի ժամանակ անգամ առաջին անհրաժեշտության օգնություն հնարավոր չի եղել պատշաճ իրականացնել Ադրբեջանի առաջացրած խոչընդոտների պատճառով։
Նշեցի Արցախի Հանրապետության քաղաքական եւ ռազմաքաղաքական վերնախավի, բոլոր գերիների անհապաղ վերադարձի, անհայտ կորածներին գտնելու ուղղությամբ միջազգային ջանքերի կարեւորության մասին: Տեղեկացրի, որ 2020թ. հունվարի 31-ից Ադրբեջանը միակողմանի դադարեցրել է վերջիններիս որոնողական աշխատանքները։
Ընդգծեցի, որ քաղաքակիրթ հանրությունը պետք է ցանկացած ջանք գործադրի, որպեսզի պահպանվի ՀԱՅԿԱԿԱՆ Արցախը մինչեւ արցախահայության՝ իր պատմական հայրենիք վերադառնալը»։