ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիմիդյան, Քերոբյան, Սանոսյան․ Փաշինյանն առաջնահերթ ցանկանում է ազատվել այս նախարարներից․ դժգոհ է բոլորից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական կաբինետից դժգոհ է: ArmLur.am-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը եթե կադրեր «գտնի», ովքեր կցանկանան իր հետ աշխատել, ապա բոլոր նախարարներին, գերատեսչության ղեկավարներին կազատի աշխատանքից` նոր կադրերով փոխարինելով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամամակ է շրջում է գերատեսչություններով, ղեկավարներին հարցեր է ուղղում իրենց ոլորտից, բայց պարզվում է` ոչ ոք իր ոլորտին չի տիրապետում: Ու այդ այցերից հետո որոշում է կայացրել, հերթով, շարքով փոխել բոլորին:

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այս պահին երեք նախարարի փնտրտուքի մեջ է. նախ պետք է հեռանա ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Փաշինյանը մտադիր է նրանց հեռացնել՝ խայտառակ սկանդալներով և վարկաբեկելով։ Այս երեք նախարարները, պարզել է Փաշինյանը, որ բացարձակ չեն տիրապետում իրենց ոլորտին` փակ հանդիպումներին հարց է տվել նրանց, սակայն այդ հարցերը մնացել են անպատասխան: Ըստ մեր աղբյուրների՝ Սիմիդյանն անգամ չի կարողացել տարրական հարցերին պատասխանել, ինչը շատ վրդովվեցրել է Փաշինյանին: Վարչապետը հայտարարել է, որ Սիմիդյանը պետք է անհապաղ հեռանա, բայց ոչ մի կադր չկա, որպեսզի նրան ազատի, մյուսին նշանակի: Սև ամպեր են կուտակված նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխին, որը տևական ժամանակ լարված սպասում է իր ազատմանը, ՀՀ արդարադատություն նախարար Գրիգոր Մինասյանի, ով անդադար միջնորդներ է փնտրում իր պաշտոնին մնալու համար, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, որը «ցնցուղի» հայտնի պատմությունից հետո Փաշինյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Մյուս նախարարների աշխատանքից ևս Փաշինյանը դժգոհ է ու նրանց ակնհայտ ցույց է տալիս իր բացասական վերաբերմունքը: Վարչապետը ծանր կացության մեջ է հայտնվել, քանի որ բոլորը գիտեն, որ նա «ծանր» բնավորություն ունի ու որևէ մեկը այս պահին չի ցանկանում իր «անցավ» գլուխը դնել ցավի տակ: Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ անգամ ԱԺ ՔՊ խմբակցության տարբեր պատգամավորների է առաջարկվում օրենսդիրից տեղափոխել գործադիր, բայց նրանք կտրուկ հրաժարվում են այդ առաջարկից: Մարզպետների փոփոխություն ևս Փաշինյանը նախատեսել է, բայց կրկին հայտնվել է ծանր դրության մեջ, երբ պարզել է, որ իր թիմում ոչ ոք չի ցանկանում իր հետ գործադիրում աշխատել: Հիմա, Փաշինյանը կադրերի փնտրտուքի մեջ է, հայտարարություն են պաշտոնապես տարածում, սակայն կադրային բանկն այդպես էլ չի համալրվում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս