«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՍՏՈՒԹՅՈՒՆ Է, ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ զուտ աշխատանքային տարաձայնություններ են ունեցել, նաեւ շեշտեց, որ աշխատող մարդը միշտ էլ տարաձայնություններ է ունենում` կապված աշխատանքի հետ:
-Պարո՛ն Նազարյան, Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո սկսված կադրային փոփոխությունների համատեքստում ակտիվորեն շրջանառվում է նաեւ Ձեր պաշտոնանկության հարցը: Ի վերջո, ի՞նչ է կատարվում իրականում:
-Իմ անունը միշտ էլ շրջանառվում է, բայց նման բան չկա: Ձեզ ասում եմ` ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ իր հունով գնում է, ավելի ոգեւորված, ավելի բարձր տրամադրությամբ աշխատում ենք, եւ նման որեւէ բան չի սպասվում: Եւ ընդհանրապես, բոլոր տեղափոխություններն աշխատանքային բնույթի են: Ոչ մի կադրային ջարդ չկա, ովքեր որ հանվում են, նորից  նշանակվում են այլ տեղում աշխատելու, ոնց որ նախարարը գտնում ա: Եւ դա ճիշտ է` նոր նախարար, նոր աշխատանքային ոճ: Ինքը բոլորին շատ լավ ճանաչում ա, ինքը պրոֆեսիոնալ ա, որտեղ որ նպատակահարմար ա գտնում աշխատելու, այնտեղ էլ պետք է գնան, աշխատեն:
-Դուք աշխատել եք նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ հետ էր ավելի հեշտ աշխատել` Վ.Գասպարյանի՞, թե՞ Ա.Սարգսյանի:
-Ուրեմն ասեմ, մարդը երբ կատարում է իր աշխատանքը` նորմալ, նվիրված, բոլոր նախարարների օրոք էլ լինում է հեշտ: Ես երկուսի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, երկուսն էլ պրոֆեսիոնալ են եղել, եւ այդ հարցի հետ կապված` ես պրոբլեմ չունեմ, որովհետեւ իմը միայն աշխատանքն ա, եւ փառք Աստծո,  երկու նախարարն էլ գնահատել են  իմ աշխատանքները:
-Բայց անընդհատ խոսվում էր, որ  Դուք եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը տարաձայնություններ ունեք, եւ այդ ընթացքում մեկ անգամ չէ, որ լուրեր տարածվեցին այն մասին, որ Դուք շուտով պաշտոնանկ եք արվելու:
-Տարաձայնություններ բոլորի մեջ էլ լինում են: Ուրեմն սխալներ թույլ չի տալիս միայն չաշխատողը, եթե չաշխատես, ո՛չ տարաձայնություն կլինի, ո՛չ էլ սխալ, իսկ եթե աշխատում ես, տարաձայնություններ լինում են: Բայց, կրկնում եմ, որ դրանք միայն աշխատանքային տարաձայնություններ են, ուրիշ ոչ մի բան չի կարող  լինել: Շատ փորձեցին ինչ-որ նման բաներ գտնել, բայց տեսնում եք, որ նման բան չկա, նորմալ է ամեն ինչ եւ աշխատանքային: Իսկ մնացածը` մենք կյանքում ընկեր ենք,  Վլադիմիր Գասպարյանի հետ էլ մենք 80-ական թվականներից ընկերներ ենք, եւ աշխատանքն էլ կլինի շատ նորմալ:
-Նորանշանակ ոստիկանապետը հորդորել է նոր նշանակումների համար միջնորդություններ, բարեխոսություններ չանել, քանի որ դրանք չեն ընդունվելու,  եւ պաշտոններն աճուրդի չեն հանվելու: Նաեւ ասվել է, որ եթե հանկարծ ինքը տեղեկանա, որ ինչ-որ մեկի պաշտոնն աճուրդի է հանվել, խիստ կպատժի:
-Իհարկե միանշանակ է դա, իր փոփոխություններն էլ ցույց տվեցին, որ այդպես է: Պետք չէ իրեն ներկայացնել ոչ մեկին, ինքը բոլորին շատ լավ գիտի եւ ըստ արժանվույն կնշանակի: Այսօր էլ Երեւան քաղաքում նոր նշանակումներ են եղել, եւ երիտասարդ կադրեր են նշանակվել, որոնց համար ոչ մի միջնորդություն չի եղել: Նախարարի եւ կոլեգիայի անդամներով ըստ արժանվույն գնահատել ենք այն մարդկանց, որոնք  աշխատող են` տեղակալներ են եղել, բաժնի պետեր, քրեականի պետեր  եւ այլն: Միայն գնահատականը լինելու է աշխատելը:
-Վլադիմիր Գասպարյանին բնութագրում են որպես շատ խիստ մարդու եւ շատ խիստ ղեկավարի: Մտավախություն չունե՞ք, որ Դուք կարող եք «լեզու» չգտնել պարոն Գասպարյանի հետ:
-Ոչ մի վախի մթնոլորտ չկա, դա աշխատանքային խստություն է, ինքը կարող է լինել ե՛ւ բարի, ե՛ւ ընկերական: Եւ կարող է այն մարդկանց նկատմամբ, որոնք կփորձեն չարաշահել դա,  լինել ե՛ւ շատ խիստ, ե՛ւ անողոք:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս