Ձմռան նախաշեմին կառավարության մտքով անցել է ասֆալտապատել փողոցներն ու վերանորոգել բազմաբնակարան շենքերի կտուրները, դպրոցներն ու մանկապարտեզները բոլոր համայնքներում միանգամից: Մինչ ոմանք կփորձեն տրամաբանություն գտնել կառավարության գործելաոճում, միանգամից ասենք, որ այս ամենն արվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար. իշխանությունները ոչ պաշտոնապես սկսել են նախընտրական քարոզարշավը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 29-ի նիստում կառավարությունը 10-ական միլիարդ դրամ է հատկացրել բոլոր մարզերին` համայնքներում առաջնահերթ ծրագրեր իրականացնելու համար: Ընդ որում, զարմանալին այն է, որ կառավարությունն առաջնահերթ ծրագրերի մասին, ինչպիսիք են ասֆալտապատումը, կտուրների վերանորոգումը, հիշել է միայն տարեվերջին` ձմռան նախաշեմին: Մինչդեռ կարող էր այդ գումարները տրամադրել գարնանը, իսկ ամռանը` եղանակային բարենպաստ պայմաններում, հնարավոր կլիներ ե՛ւ ասֆալտապատել համայնքների փողոցները, ե՛ւ վերանորոգել դպրոցներն ու մանկապարտեզները կամ էլ շենքերի կտուրները: Սակայն կառավարությունն այդ ծրագրերի մասին հիշել է ԱԺ ընտրություններից վեց ամիս առաջ` հանուն սեփական PR-ի: Ու թքած, որ ձմռան նախաշեմին` այս եղանակին, փռված ասֆալտը գարնան ձնհալի հետ կարող է «անհետանալ», իսկ վերանորոգումն էլ օբյեկտիվորեն միգուցե չկարողանան ընդհանրապես իրականացնել: Այլ կերպ ասած` հանուն սեփական քարոզչության` վարչախումբը պատրաստ է վատնել միլիարդավոր գումարներ, միայն թե ժողովրդի, հատկապես մարզերի բնակիչների մասին մտածելու իմիտացիա ստեղծի: Ընդ որում, մարզպետերից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեցին, որ նախատեսված աշխատանքների մի մասը եղանակային պայմանների պատճառով չեն հասցնի այս տարի իրականացնել: Այլ կերպ ասած, եթե անգամ ձմեռը խանգարի այս ծրագրերի ավարտին, ապա գարնանը` մայիսի 6-ին սպասվող ընտրություններին ընդառաջ, «հնգամյակը չորս տարում» ավարտելու գործընթացը նոր թափ ու եռանդ կստանա: Իսկ քարոզչական էֆեկտն էլ բավական «լավ»-ը կլինի. ժողովուրդը չի հասցնի մոռանալ 10 մլրդ դրամը, որ տրամադրվել էր Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների իրականացման համար:
Արագածոտնի մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե դպրոցների վերանորոգումն, օրինակ, հիմա անհնար է սկսել: «Քանդել ողջ դպրոցի կտուրը ձմռան շեմին նպատակահարմար չէ: Դրա համար էլ այդ ծրագրերը թողել ենք գարնան վերջին, երբ վերջացած կլինեն դպրոցների դասընթացները»,-ասաց Սահակյանը` հավելելով, թե լավ եղանակային պայմանների դեպքում նրանք նաեւ ասֆալտապատում կիրականացնեն: «Տրամաբանությունն ի՞նչ է ենթադրում` հիմա դպրոցների կտուրները քանդենք, որ ձյունը գա, ամեն ինչ փչանա՞»,-ասաց նա: Սակայն երբ այսքանից հետո Սարգիս Սահակյանին հարցրինք` արդյոք հիմա գումարների տրամադրումը չի ենթադրում նախընտրական քարոզչություն, նա միանգամից սկսեց պաշտպանել Սերժ Սարգսյանին: Սահակյանը վրդովված հայտարարեց, թե իշխանություններն այս ամենը նախընտրական նպատակներով չեն անում: «20 տարի է` անում ենք այդ աշխատանքները, առավել եւս այս վերջին 10 տարին: Իսկ հատկապես վերջին 4 տարին երկրի նախագահի գլխավորությամբ թափով, ծավալուն աշխատանքներ ենք անում»,-փորձեց Սերժ Սարգսյանին պաշտպանել Սարգիս Սահակյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ասաց, թե ծրագրերի մի մասը, եղանակային պայմաններից ելնելով, դեռ չեն սկսվել: «Նախատեսված աշխատանքների մի մասով պայմանագրերն արդեն կնքվել են, նախագծերը հաստատվել, աշխատանքները սկսել ենք: Կան աշխատանքներ, որոնք, եղանակային պայմաններից ելնելով, չենք կարող անել, ու հնարավոր է` այդ աշխատանքները տեղափոխենք հաջորդ տարի»,-ասաց Նալբանդյանը: Սակայն երբ նրան հարցրինք, թե ձմռան շեմին նման աշխատանքների համար միանգամից բոլոր մարզերին հսկայական գումարների տրամադրումն արդյոք նախընտրական քարոզչություն չէ, Լոռու ՀՀԿ-ական մարզպետն էլ իր հերթին շտապեց բացասական պատասխան տալ. «Դա ընդհանրապես կապ չունի ընտրությունների հետ: Օրակարգում մեր առաջնահերթ ծրագրերն են, որոնց փորձում ենք լուծում տալ: Իսկ ընտրություն-ոչ ընտրություն, դրանք կապ չունեցող բաներ են: Կառավարությունը մարզերի համաչափ զարգացման ծրագիր է մշակել, ու սա դրա համար է արվում»:
Այսքանից հետո, թերեւս, խոսքերն ավելորդ են:
ԻՆՉՊԵՍ ՎԱՏՆԵԼ ՄԻԼԻԱՐԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ