ԽԱՉԻԿԸ` ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ՏԵՂԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուզում եմ հատկանշել, որ չգիտեմ` Ադոլֆ Հիտլերը, իր ձեռքը բարձրացնելով, ի՞նչ նկատի ուներ, բայց ես երբ իմ ելույթների ժամանակ ձեռքս բարձրացնում եմ, բարձրացնում եմ միայն «կեցցե Հայաստանի Հանրապետությունը» նախադասությունից հետո»,-սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի փոխնախագահ Խաչիկ Ասրյանը երեկ «Ժողովուրդ»-ին հայտնեց, թե տեղյակ է, որ իրեն նմանեցնում են Ադոլֆ Հիտլերին:
-Պարո՛ն Ասրյան, Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ պատրաստ եք ՍերԺ Սարգսյանի հրահանգով դժոխքի դարպասների պահակ աշխատել: Ինչո՞ւ:
-Սերժ Սարգսյանը ե՛ւ որպես ՀՀ նախագահ, ե՛ւ որպես հայ մարդ, հայ ժողովրդի հայրենասեր զավակ` ինձ համար բարձրագույն արժեք է: Եւ ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ այո՛, հանրապետության նախագահի ե՛ւ հրամանով, ե՛ւ առաջարկով, ե՛ւ հանձնարարությամբ ես կլինեմ ցանկացած տեղ, այդ թվում նաեւ դժոխքի դարպասների պահակը, եթե այդ գործընթացը նպաստելու է իմ պետության անընդհատ հզորացման գործընթացին:
-Սա հատկապես վերաբերում է Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ բոլոր նախագահներին ու նաեւ հիմնադիր նախագահին:
-Հիմնադիրի անունը մի՛ տվեք, իմ ասածները վերաբերում են առաջին հերթին Սերժ Սարգսյան անհատականությանը, հետո Սերժ Սարգսյան նախագահին: Նաեւ, քանի որ իմ քաղաքական գործունեությունը սկսվել է  վարչապետ Սերժ Սարգսյանի օրոք եւ շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, բնական է, որ իմ ասածները վերաբերում են  առաջին հերթին նախագահ Սերժ Սարգսյանին, եւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին:
-Եթե Ձեզ էլ խնդրի հրաժարական տալ, կտաք չէ՞, եթե պատրաստ եք դժոխքի պահակ դառնալ:
-Ուրեմն, եթե պարոն Սերժ Սարգսյանը ոչ թե խնդրի, այլ նրա ասելով` ես ոչ միայն հրաժարական կներկայացնեմ, այլ կլինեմ այնտեղ, որտեղ հայոց նախագահն ինձ կուղարկի կամ կհրամայի կամ կառաջարկի: Հետո Ձեզ ասեմ, որ դժոխքի դարպասների պահակ լինելն էդքան էլ հեշտ գործ չէ: Ավելի լավ է 3 անգամ գնաս Բաքու գաս, քան դժոխքի պահակ լինես: Իրականում ես փոխաբերական իմաստով եմ ասում, որ պատրաստ եմ իմ նախագահի հրամանով իմ պետության զարգացման գործընթացներում լինել ամենադժվարանցանելի տեղերում:
-ՀՅԴ-ն էլ ասաց, որ պետք լինի` Գեղամ Մանուկյանը կդառնա լողի չեմպիոն:
-Չեմ ուզում Դաշնակցության ասածները մեկնաբանել, բայց իմ անցած կյանքով բազմիցս ցույց եմ տվել ժողովրդին իմ ասածները որպես գործ: Հավելեմ` իմ ուժերի գյորա կանեմ այն, ինչ արդեն ասացի:
-Այս կադրային փոխատեղումները` ազատումներ, նշանակումներ, հրաժարականներ… ի՞նչ տրամաբանություն եք տեսնում Սերժ Սարգսյանի այս քաղաքականության մեջ:
-Պետությունը կենդանի օրգանիզմ է, որտեղ տեղի են ունենում եւ պարտադիր պետք է տեղի ունենան փոփոխություններ` ուղղված յուրաքանչյուրիս գործունեությանը` սկսած կադրային փոփոխություններից, մինչեւ մարդկային գիտակցություն: Եւ ուզում եմ ողջունել հայոց նախագահի կադրային փոփոխությունները, որովհետեւ բազմիցս նշում եմ, որ այն փոփոխությունները, որ իրականացվում են հայոց նախագահի կողմից, անձամբ ինձ համար ոչ միայն ողջունելի են, այլեւ քննարկելի չեն:
-Գիտակցական փոփոխություն ասելով` ի՞նչ նկատի ունեք:
-Մարդկային գիտակցության փոփոխությունը տեղի է ունենում ամեն օր, ոչ միայն ընտանիքում, հասարակական դաշտում, այլեւ պետական համակարգում: Ես կոնկրետ ինձ վրա եմ վերցնում` ամեն օր իմ պետական-աշխատանքային գիտակցության մեջ փոփոխություն է տեղի ունենում դեպի զարգացում:
-Ծանոթ լինելով Ձեր հայացքներին` մի այսպիսի հարց. 4 կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն, անդամագրվում են եվրոպական մի մեծ կուսակցության, որտեղ հնարավոր է` ամեն տեսակ համասեռամոլներ լինեն: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Ըտենց բաներ ինձ մի՛ ասեք: Ու նաեւ երբեք չհավատաք, որ Հանրապետական կուսակցությունը լինի որեւէ եվրոպական կուսակցության անդամ ու իր ծրագրերից, գաղափարներից հրաժարվի: Ինչ վերաբերում է այդ երեւույթներին, դա անբարոյականություն է, լկտիություն է, ապազգային խոսակցություն է:
-Տեղյա՞կ եք, որ Ձեզ նմանեցնում են Ադոլֆ Հիտլերին:
-Ինձ ահագին ասել են դրա մասին: Եթե ՀՀ-ում շատերն ինձ նմանեցնում են Հիտլերին, ինձ թվում է, որ նմանեցնում են ընդամենը մազերի սանրվածքի եւ իմ դեմքի շարժման պատճառով: Բայց ուզում եմ հատկանշել, որ չգիտեմ` Ադոլֆ Հիտլերը, իր ձեռքը բարձրացնելով, ի՞նչ նկատի ուներ, բայց ես երբ իմ ելույթների ժամանակ ձեռքս բարձրացնում եմ, բարձրացնում եմ միայն «կեցցե Հայաստանի Հանրապետությունը» նախադասությունից հետո: Այսինքն` «Հայաստանը առաջընթաց», «Հայաստանը հզորացում», «Հայաստանը հավերժություն»:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս