ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՓԱԿ Է ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին զանգահարել օդանավակայանի տարածքում աշխատող մի խումբ տաքսու վարորդներ, որոնք բողոքում էին իրենց աշխատանքի հնարավորությունից զրկելու համար:  
Մենք գնացինք օդանավակայան` տեղում իրավիճակը հասկանալու համար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վարորդները նշեցին, որ իրենց չեն թույլատրում մոտենալ օդանավակայանի  տարածքին, քանի որ այդ տարածքը  սպասարկում են  մրցույթը  շահած երկու ընկերություններ` «Aero» եւ «Tur»  տաքսի  ծառայությունները: «Մենք չենք կարող  մտնել այդ տաքսի ծառայություններում աշխատելու, քանի որ այսպես ավելի շատ ենք  գումար վաստակում, քան եթե դիմենք տվյալ տաքսի ծառայություններին»,-ասաց վարորդ Գարիկը` հավելելով, որ նախ` նրանք աշխատում են 50-50 տարբերակով, եւ հետո` իրենց մեքենաները չեն համապատասխանում նրանց պահանջներին:
«Ես օրն ինչքան քշեմ, որ կարողանամ ընտանիքիս կարիքները հոգալ: Ապրելն օրեցօր դառնում է ավելի դժվար: Պետությունը միայն թանկացնում է ապրանքը ու չի մտածում, թե մարդիկ ինչպես պետք է ապրեն: Հետո էլ ասում են` արտագաղթ է, բա ի՞նչ անենք, աշխատատեղեր չկան, ապրելու միջոց էլ չկա, դուրս ենք գնում երկու կոպեկ աշխատելու հույսով»,-ասաց Տիգրան անունով վարորդը` շեշտելով, որ սա ընտանիք պահելու իրենց միակ  միջոցն է, որից էլ, սակայն, փորձում են իրենց զրկել:  
Նկատենք, որ մեզ հետ զրույցի ընթացքում որոշ անհատ տաքսիստներ թեեւ անգամ   ծանոթ չէին տաքսի ծառայությունների պայմաններին, սակայն համոզված պնդում էին, որ այդ պայմաններն իրենց հաստատ հարմար չեն, քանի որ իրենք  ուղեւորներից ավելի քիչ են գումար պահանջում, քան այդ տաքսի ծառայությունները: Նրանք շեշտեցին, որ իրենք ունեն տվյալ տարածքում 10 րոպե անվճար երթեւեկելու հնարավորություն, բայց ոչ այն հատվածում, որտեղ կանգնում են նշված երկու տաքսի ծառայությունների ավտոմեքենաները: Եթե տասը րոպեն լրանում է, ու վարորդը դեռ օդանավակայանի տարածքում է, ապա  պետք է վճարի 500 դրամ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Aero» եւ «Tur» տաքսի ծառայությունների  աշխատակիցներն էլ նշեցին, որ իրենք, ինչպես բոլորը, ունեն հաշվիչներ եւ ֆիքսված գներ, եւ ամենեւին էլ այնպես չէ, որ իրենք ուղեւորներից մեծ գումարներ են վերցնում. գանձվում է այնքան, որքան ցույց է տալիս հաշվիչը: Մեր այն հարցին, թե ինչ պայմաններով են աշխատում ծառայությունների տաքսիստները, նրանք պատասխանեցին, որ ստորագրել են գաղտնիության փաստաթուղթ, որով էլ պարտավորվել են աշխատանքի պայմանների մասին որեւէ տեղեկություն չբացահայտել: Տաքսի ծառայությունների աշխատակիցներն ընդամենը նշեցին, որ վարորդը պետք է ունենա երկար տարիների վարորդական փորձ, լինի միշտ սափրված ու կոկիկ տեսքով:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի  պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ  զրույցում նշեց, որ այսօր օդանավակայանը համապատասխանում է միջազգային չափանիշներին  եւ փորձելու է  անել ամեն ինչ, որ ներկայացվող բոլոր ծառայությունները, այդ թվում եւ ուղեւորափոխադրման,  նույնպես համապատասխանեն  այդ  չափանիշներին. «Օդանավակայանը հայտարարված տենդերի միջոցով ընտրել է տաքսի ծառայություններ, որոնց հետ կնքելով պայմանագիր`  տրամադրել է կայանման տարածք` ծառայության համապատասխան որակի ապահովման պայմանով: Իսկ մյուս տաքսի ծառայություններն ու տրանսպորտի այլ միջոցներն ունեն  իրենց համար նախատեսված կայանման վճարովի եւ անվճար  տարածքները»:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս