Նոյեմբերի 9-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը, Տավուշի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Միշա Մխիթարյանը եւ Լճկաձորի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանն այցելեցին Լճկաձոր գյուղի բնակիչ, հոկտեմբերի 2-ի սողանքից զոհված Նորիկ Միրզոյանի տուն:
Վաղինակ Հովսեփյանը, 72-ամյա Ն. Միրզոյանի հարազատներին ցավակցություն հայտնելով, նրանց հանձնեց կառավարության հատկացրած 1 միլիոն դրամը: Նորիկի որդի Վիգենը, ով Մոսկվայում խոշոր բեռնատար է վարում, հոկտեմբերի 3-ին եկել եւ ակտիվորեն մասնակցում էր սողանքի գոտում հոր որոնողական աշխատանքներին: Վիգենն ասաց, որ դեռեւս պատրաստ չէ հոր շիրմաքարը, բարեկարգման աշխատանքներ կան կատարելու նաեւ գյուղի գերեզմանատան` իրենց ընտանիքին պատկանող հատվածում: Հարցրինք Ն.Միրզոյանին պատկանող «ՎԱԶ-2106» մեքենայի վիճակից, որը փրկարարները դուրս են հանել սողանքի վայրից: Վիգենն ասաց, որ ջարդված մեքենայից գուցե միայն շարժիչը պիտանի լինի: Տավուշի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Միշա Մխիթարյանից էլ տեղեկացանք, որ սողանքից տուժել է Տավուշի մարզի բնակիչներին պատկանող 12 մեքենա: Մխիթարյանը նաեւ նշեց, որ բնական աղետից տուժածներին ֆինանսական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ Տավուշի եւ Լոռու մարզպետերին տրված վարչապետ Տ.Սարգսյանի հանձնարարականի կատարումն ընթացքի մեջ է: Այդ նպատակով պետբյուջեից գումար է հատկացվել, սակայն դեռեւս պետք է որոշվի գումարի բաշխման կարգը. այն մեքենաների տերերին հավասարաչա՞փ, թե՞ ըստ մեքենաների շուկայական արժեքի է բաշխվելու: Վարչապետի այդ հանձնարարականը կատարելու համար Տավուշի մարզպետարանը դեռ մի շաբաթ ժամանակ ունի: Իսկ Միրզոյանների ընտանիքը սգալով վերհիշում է իրենց հարազատին` հմուտ վարպետ, տարբեր արհեստների տեր Նորիկ Միրզոյանին, որի այրին` 62-ամյա Բավականը, ասաց, որ իր ամուսինը սողանքի վայրում` ճանապարհին, մեքենայով հայտնված շատ համագյուղացիների կյանք է փրկել` մինչ փլուզումը նրանց հորդորելով գյուղ հասնել վերեւով ձգվող խճապատ ճանապարհով: Նորիկն այդ ժամանակ թոռան հետ վերադառնում էր այգուց: Նա մոտեցել է այդ վայրին, որպեսզի խորհուրդներով օգնի ձորում գտնվող կոնտեյները հանողներին: Սողանքը սկսվելուց հետո պապը վազելով փորձել է հեռանալ իր անվանակից 15-ամա թոռնիկի հետ: Կրտսեր Նորիկը 10-15մ վազելուց հետո պապին այլեւս չի տեսել:
Տավուշ