Երբ կկայանա Գրիգ Գևորգյանի ընդհատված Stand up-ը Հրազդանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն անդրադարձել էր Հրազդան քաղաքում Գրիգ Գևորգյանի չկայացած Stand up-ի պատճառներին։ Իրադարձության մասին ավելի լավ տեղեկանալու համար ArmLur.am-ը զրուցել է Stand up-ի կազմակերպիչ Tesla Events միջոցառումների կազմակերպման ընկերության տնօրեն Նորիկ Հովակիմյանի հետ։

-Ի՞նչն է եղել պատճառը, որ Գրիգ Գևորգյանը հրաժարվեց Հրազդանում իրականացնել իր Stand up-ը:

– Հրազդան քաղաքի Դրամատիկական թատրոնում փետրվարի 14-ին պետք է կայանար Գրիգ Գևորգյանի stand up-ը, որը ստիպված հետաձգվեց, ներկայացմանը խոչընդոտող տեխնիկական խնդիրների առկայության պատճառով։ Կարևոր է նշել, որ արտիստը և նրա աշխատակազմը ինչպես հարկն է պատրաստ էին ներկայացմանը, հանդիսատեսի հետ միասին։ Հարկ եմ համարում հերքել որոշ մոլորեցնող անճշտություններ, որը ներկայացվել է հանրությանը․ մասնավորապես լույսի գույնի անհամապատասխանության հետ կապված պնդումը, այնինչ, եղել է խնդիր ընդհանուր բեմային լուսավորության հետ։ Գրիգն էլ իր ուղերձում ակնարկել է միայն բեմային լուսավորության անհամապատասխանությունը, արտիստը ոչ մի կերպ չի անդրադարձել դահլիճային լուսավորությանը, կամ առավել ևս, մատնանշել վերջինիս բացակայությունը։ Հատկանշական է նշել, Գրիգ Գևորգյանի աշխատակազմը թատրոնում է եղել 13։00-ից 13։15- ի սահմաններում, ոչ թե համերգից րոպեներ առաջ։

-Ի՞նչ խնդիրներ են առաջացել:

– Կրկին նշում եմ՝ խնդիրը բեմային լուսավորությունն էր, որը դահլիճում եղել է մինչև ներկայացման սկիզբը և անհասկանալի պատահականության սկզբունքով անհետացել է ներկայացումից րոպեներ առաջ և վերականգնվել ներկայացման հետաձգման մասին արտիստի հայտարարությունից հետո: Նշեմ նաև, որ բեմային լույսերի պարտադիրության մասին դեռևս առաջին հանդիպման ժամանակ տեղեկացվել է թատրոնի տնօրենին, ով հնարավոր խնդիրների առաջ գալը բացառել է։ Այնինչ, խնդիրներ առաջացան, թատրոնի տնօրենը, անձամբ, բեմից հայտարարեց, որ չկարողացան լուծել խնդիրը, և հանդիսատեսը ներկայացման հետձգման ինֆորմացիան ստանալուց հետո դուրս հրավիրվեց դահլիճից։

-Հնարավոր չէ՞ր լինի նման պայմաններում շարունակել ելույթը, քանի որ արտիստը պետք է պատրաստ լինի բեմում և դահլիճում անակնկալների: Գուցե համերգը ավելի լավ կկայանար և ավելի լավ կհիշվեր, եթե չլիներ լարված իրավիճակ։

– Ելույթը ինչպես հարկն է իրականացնել հնարավոր չէր լինի նման պայմաններում, վերջինս, ամեն դեպքում, հարցականի տակ կդներ արտիստի, իր գործի հանդեպ պատասխանատվությունը, բարձր որակի տրամադրումը և պրոֆեսիոնալիզմը։ Հենց ինքը՝ Գրիգը, հայտարարեց, որ իր  հանդիսատեսը կարևոր է, և յուրաքանչյուրն արժանի է վայելել այն մաքսիմումը, որի համար իրենք վճարել են, և որը ինքը կարող է մատուցել։

-Առաջիկայում ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

– Ցանկանում ենք նոր ներկայացման օր հստակեցնել արտիստի և թատրոնի տնօրենության հետ, որպեսզի միջոցառումը հավուր պատշաճի իրականացվի. տոմսերը ուժի մեջ են։

-Ինչպե՞ս եք պատրաստվում կարգավորել ֆինանսական հարցերը:

-Միջոցառումը կազմակերպվել է համապատասխան պայմանագրերի հիման վրա, և հուսով ենք՝ ֆինանսական խնդիրներ կողմերից ոչ մեկը չի ունենա։

-Ե՞րբ եք նախատեսում Stand up-ը կրկին իրականացնել։

-Հնարավորինս շուտ, կախված արտիստի զբաղվածությունից և թատրոնում առկա խաղացանկից։




Լրահոս