Այս տարվա ապրիլին պետք է ձևավորվի Հանրային խորհրդի նոր կազմը: Թե ովքեր կլինեն նոր կազմում, արդյոք ՀԽ-ի ներկայիս անդամները ընդգրկված կլինեն, թե՝ ոչ, դեռ պարզ չէ:
Armlur.am լրատվականի թղթակիցը Հանրային խորհրդի՝ առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողովի անդամ Դոնարա Ալեքսանյանից փորձեց պարզել` ինչպես կգնահատի Հանրային խորհրդի 6 տարվա գործունեությունը:
Տիկին Ալեքսանյանը բացասական գնահատեց: «Վատ եմ գնահատում: 12 հանձնաժողովները չեն աշխատել: Անգամ այն հանձնաժողովը, որում ես ընդգրկված եմ, էլի վատ է աշխատել»,- անկեղծացավ ՀԽ-ի անդամը:
-Փաստորեն, Դուք Ձեզ է՞լ եք քննադատում:
-Ինձ չէ, քանի որ ես աշխատում եմ: Ես առողջապահության հանձնաժողովում էնքան բան եմ անում, էնքան շտկումներ եմ անում ու օգնում շատ մարդկանց: Այսինքն` կարելի է ասել, որ այդ հանձնաժողովում մենակ ես եմ աշխատել: էս վեց տարվա մեջ մի 3 անգամ ժողով արած լինեն, թե՝ չէ: Գնացե՛ք Վազգեն Մանուկյանի մոտ և հարցրե՛ք` քանի անգամ են հանձնաժողովները ժողովներ գումարել: Ես ինքս անձամբ զանգահարում եմ հանձնաժողովների նախագահներին, տվյալներ եմ տալիս, ասում եմ` զբաղվե՛ք, սակայն ոչինչ չեն անում:
-Ինչո՞վ է պայմանավորված հանձնաժողովների վատ աշխատելը: Միգուցե ֆինանսավորում չկա, դա՞ է պատճառը:
-Դե ֆինանսավորում չկա, ինչո՞ւ պետք է աշխատեն: Հո սաղ իմ նման ախմախ չե՞ն, որ գումարներ ծախսեն ու օգնեն մարդկանց:
-Իսկ միգուցե Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը պահանջկոտ չէ՞ իր տեսակով:
-Այո՛, ես չեմ վախենում նրանից: Վազգեն Մանուկյանը, որ ուզենա, շատ լավ կարող է աշխատել: Ես քանի անգամ նրա հետ վեճի եմ բռնվել և հարցրել` ի՞նչ եք անում դուք: Ինքն էլ անընդհատ ասում էր` շուտով կփոխվի: Մտքովս անընդհատ անցնում է` ասում եմ, կարող է, ես շատ ակտիվ եմ, ինձ հանկարծ նոր կազմում չընդգրկեն: Եթե նման բան անեն, դա կլինի դժբախտություն նրանց համար:
-Դուք բացասական եք գնահատում ՀԽ-ի հանձնաժողովների աշխատանքը, սակայն Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ ՀԽ-ի 12 հանձնաժողովներից ամենաակտիվը եղել է ֆինանսատնտեսականն ու բյուջետային հարցերի հանձնաժողովը:
-Ես, ճիշտն ասած, չգիտեմ` այդ հանձնաժողովի անդամները տարվա մեջ քանի անգամ են հավաքվել, ու ինչ աշխատանքներ են արել: Ես այդ հանձնաժողովից ընդհանրապես մարդ չեմ ճանաչում:
-Իսկ ինչպես կգնահատե՞ք ձեր հանձնաժողովի աշխատանքները:
-Բացասական եմ գնահատում, քանի որ եթե ժողով է հրավիրել հանձնաժողովը… էդտեղ բժիշկների մաֆիան է, սաղ մաֆիոզներ են: Գալիս են ժողովի ու ասում` վայ շտապում ենք, վերջացնենք, ավարտենք:
-Ի՞նչն է պատճառը, որ Հանրային խորհրդի վեց տարիների գործունեության ընթացքում հանրությունն այդպես էլ չվստահեց ՀԽ-ին:
–Այն քաղաքացիները, որոնց հետ ես շփվել եմ, թյուր կարծիք ունեն Վազգեն Մանուկյանի մասին: Ասում են, որ նրա բերանը փակեց նախագահը` նրան նշանակելով Հանրային խորհրդի նախագահ, և այդ կերպ լռեցրեց նրան` որպես ընդդիմադիր գործիչ:
-Հանրության մեծ մասի չվստահելը կարելի՞ է պայմանավորել նաև նրանով, որ Հանրային խորհուրդը գործում է ՀՀ նախագահին կից, որի պատճառով ստվեր է ընկնում կառույցի վրա:
-Կարելի է այդպես էլ ասել:
-ՀԽ-ի այս վեց տարիների գործունեության ընթացքում որևէ ձեռքբերում չե՞ք տեսնում:
–Դրական ձեռքբերում կարող եմ համարել միայն տրանսպորտի և «Զվարթնոց» օդանավակայայի հին մասնաշենքի խնդիրների համար արված աշխատանքը և էլի որոշ բաներ:
-Մտավախություն չունե՞ք, որ ձեր այս ակտիվ կեցվածքի ու ՀԽ-ին քննադատելու համար Ձեզ չընդգրկեն ՀԽ-ի նոր կազմում:
-Վախից էլ կվերցնեն: Իրենք լավ գիտեն իմ բնավորությունը: Եթե ինձ չվերցնեն, ես իրենց էն օրի կգցեմ, որ կփակվի Հանրային խորհուրդը: Նախ ես նախագահին էլ էի ուզում գրել, որ փակեն Հանրային խորհուրդը կամ թող ասեն, որ հանձնաժողովն ինչ է արել: Երբ ողորմածիկ Սոս Սարգսյանը, որը 36 անդամներից մեկն էր, զանգեցի ասացի` եկե՛ք գոնե աշխատե՛ք, ասաց. «Է՛հ, Դոնարա՛ ջան, թող ծերությունս վայելեմ, ուզում եմ հանգիստ ապրել: Այսինքն` ինքը կարծես թե գիտեր` ինչ էլ անի, միևնույն է, անհույս է:
-Հանրային խորհրդի վատ աշխատանքը կարելի է՞ բացատրել նաև նրանով, որ խորհուրդը երիտասարդների կարիք ունի:
–Իհարկե, Հանրային խորհրդում ընդգրկվածների մեծ մասը տարիքով ավագ մարդիկ են: Ինչքան շատ երիտասարդներ ընդգրկված լինեն ՀԽ-ի կազմում, այնքան շատ ծրագրեր կմշակվեն: Կոմունիստների ժամանակ ավարտած այդ ծերակույտն ի՞նչ գիտի: Մարդիկ կան անգամ, որ համակարգչից օգտվել էլ չգիտեն:
Սոնա Դավթյան