ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ԿԵՑՎԱԾՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ «իշխանությունից դուրս եկածներին կարծես պարտադրում են Մայր Թերեզայի կեցվածքով ու նվիրվածությամբ հայտարարել, որ մնալու են ՀՀԿ-ում եւ մինչեւ կյանքի վերջ ծառայելու են ՀՀԿ-ին»:
-Պարո՛ն Սարգսյան, կխնդրեի մեկնաբանել վերջին շրջանի պաշտոնանկությունները. Ձեր կարծիքով, ի՞նչ էր այս ամենը նշանակում:
-Ես վաղուց արդեն իշխանությունների արածի ու ասածի մեջ տրամաբանություն չեմ տեսնում, իսկ այդ գործընթացները մեկնաբանելը համարում եմ անշնորհակալ գործ: Բայց քաղաքական իրավիճակի վրա տեղի ունեցած կադրային փոփոխություններն, այնուամենայնիվ, թողնում են որոշակի ազդեցություն: Այս փոփոխություններով Սերժ Սարգսյանն իր շրջապատից հեռացնում է բոլոր նրանց, ովքեր քաղաքական գործընթացների ժամանակ վստահելի չեն լինի: Համենայնդեպս, հասարակությունն այդպես է մտածում վերջին շրջանի այս փոփոխությունների վերաբերյալ: Սերժ Սարգսյանը հարմար ժամանակահատված է գտել իր շրջապատը մաքրելու եւ առաջիկա քաղաքական գործընթացներին նախապատրաստվելու համար:
-Իսկ ինչո՞ւ է այդքան շուտ սկսել շրջապատը մաքրելը:
-Թեեւ հասարակությանը թվում է, թե գործընթացներն իշխանական վերնախավում հանգիստ են ընթանում, սակայն իրականում լարվածությունը շատ մեծ է: Եւ այս գործընթացները ժամանակի մեջ բուռն դրսեւորումներ կունենան: Ես դրանում կասկած չունեմ: Այսօրվա գործընթացները հուշում են, որ գարնանային հանրահավաքներն աննախադեպ բազմամարդ կլինեն: Իսկ դա կարող է սասանել իշխանության կայունությունը: Ուստի հիմիկվանից Ս.Սարգսյանն ազատվում է այն ուժերից, որոնք այդ ժամանակ կարող են խաղեր տալ` այդպես ցույց տալով իր ներքին վախը:
 -Որքանո՞վ Սերժ Սարգսյանին կհաջողվի իր նպատակին հասնել, թե՞ ընդհակառակը` այդ քայլերի արդյունքում իրավիճակն իշխանական կուլիսներում ավելի կշիկանա:
-Իշխանությունից դուրս եկածներին կարծես պարտադրում են Մայր Թերեզայի կեցվածքով ու նվիրվածությամբ հայտարարել, որ մնալու են ՀՀԿ-ում եւ մինչեւ կյանքի վերջ ծառայելու են ՀՀԿ-ին: Բայց ակնհայտ է, որ նրանք դժգոհ են, երբ իրենց բարձր պաշտոնից հեռացրել են, տեղափոխել այլ վայր: Այդ քայլերն, իմ կարծիքով, երկրի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կյանքում իմիտացիոն են, իրենց մեջ չունեն տրամաբանություն. լարվածությունը երկրում ավելանալու է այնքան, քանի դեռ ՀՀ-ում չի ձեւավորվել ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Քանի այս ժողովուրդն իր հույսն ամբողջությամբ չի դրել իր վրա, իր երկրի ճակատագիրը փոխելու համար չի արել քայլեր, երկիրը մնալու է այս վիճակի մեջ: Ահա այս խնդիրն է, որ ուզում է լուծել ընդդիմությունը, մասնավորապես` «Հանրապետություն» կուսակցությունը: Եւ այդ նպատակով մեր կուսակցությունը 2000թ-ից փողոցում է, պայքարում է, միավորվում է ցանկացած քաղաքական գաղափարախոսություն ունեցող ուժի հետ մի խնդրի շուրջ, այն է` երկրում կազմակերպել օրինական ընտրություններ, ձեւավորել ժողովրդի քվեն ստացած իշխանություն:
-Դուք ասացիք, որ Սերժ Սարգսյանն իր շրջապատից հեռացնում է նրանց, ում չի վստահում: Արդյո՞ք այդ համատեքստում եք դիտարկում նաեւ «գորշ կարդինալի» համբավ ունեցող նրա փեսայի հրաժարականը:
-Այդ քայլը թիմում բալանսի բերելու, վստահություն ստեղծելու համար էր արված: Նաեւ փորձում է ցույց տալ, թե նա բացարձակ «գորշ կարդինալ» չէ, առավել եւս, որ նույն ՀՀԿ-ում խոսակցություններ կային, որ քաղաքական ողջ գծի որոշողը փեսան է: Հետաքրքիր քայլ է սա: Ու ես չեմ կարծում, որ իր փեսան այս ամենի արդյունքում խաղից դուրս է մնացել: Ընդհակառակը, կարծում եմ, որ դրանով կերտվում է նրա ապագան: Ես այդտեղ տեսնում եմ ճանապարհ, որն ավելի կարճ տարբերակով նրան հասցնում է իշխանության: Բայց դա վնասակար կլինի այդ մարդու համար. նախ` փեսա-աներ հարաբերությունները հայ տղամարդու համար դրական ասեկոսեների տեղիք չեն տալիս: Եւ երկրորդ` քաղաքականության մեջ տարանջատ գործունեությունը համարում եմ ճիշտ:
-Այսինքն` Սերժ Սարգսյանն իր փեսային իրավահաջո՞րդ է պատրաստում, թե՞ ոչ:
-Ես չգիտեմ` Սերժ Սարգսյանն ում է ուզում իրեն իրավահաջորդ կարգել, բայց ՀՀ Սահմանադրությունը նրան նման լիազորություն չի տալիս: ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս գործող նախագահներին իրենցից հետո իրավահաջորդի թողնել, այլ` ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ հասարակությունը պետք է ողջունի: Իսկ հասարակությունը Ս.Սարգսյանի թողած ցանկացած իրավահաջորդի, միայն այն բանի համար, որ նա Ս.Սարգսյանի իրավահաջորդն է, «ո՛չ» կասի: Այնպես որ, իրավահաջորդ թողնելը լավություն անել չէ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս