Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի անդամները չեն մասնակցի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուս մարմնամարզիկները բաց կթողնեն Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը, որը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար։ Ռուսաստանի ներկայացուցիչները չէին մասնակցել նաև Կահիրեում ու Կոտբուսում տեղի ունեցած աշխարհի գավաթի առաջին ու երկրորդ փուլերին, այդ պատճառով հնարավորություն չեն ունենա նվաճել օլիմպիական ուղեգրեր։
Հիշեցնենք, որ հայ մարմնամարզիկներից առայժմ օլիմպիական ուղեգիր ունի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Ուղեգրի հավակնում է նաև Վահագն Դավթյանը, որն աշխարհի գավաթի առաջին ու երկրորդ փուլերում դարձել էր արծաթե ու բրոնզե մեդալակիր։