«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր եկել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ Հակոբ Աղաբեկյանը, ով պատմեց, որ ինքն արդեն քանի տարի է` ավտոտնակ ունի իրենց բակում, սակայն վերջերս թաղապետարանն իրեն 200 հազար դրամով տուգանել է` ապօրինի շինության անվան տակ:
65-ամյա թոշակառու Հակոբ Աղաբեկյանը պատմեց, որ սովետական տարիներից ի վեր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մի ավտոտնակ է ունեցել: 2004 թվականին ավտոտնակը սեփականաշնորհել է, ունի սեփականության վկայական:
Պարոն Աղաբեկյանի խոսքերով` 35 տարվա վաղեմության ավտոտնակը գտնվում էր ծայրահեղ վթարային վիճակում. «Հետեւի մետաղյա պատը, գտնվելով հողի մեջ, փտել ա, ես նույնիսկ նկարել եմ, ու նկարով երեւում ա: Ու որպեսզի ավտոտնակը չփլվի, ներսի կողմից 4 հատ սյուն եմ դրել եւ հետեւի պատն իմ ձեռքով սարքել եմ, էտի 2010 թվականն էր»:
Մեր զրուցակիցը նշեց, որ մի օր, երբ թաղապետարանի աշխատակիցներն իր ավտոտնակի հարակից տարածքում ինչ-որ գործ անելիս են եղել, հանկարծակի նկատել են, որ պարոն Հակոբն իր ավտոտնակի ներսում շինարարական աշխատանքներ է կատարել. «Ես գտնվում էին Դսեղում, զանգ-զանգի հետեւից, ու ես արագ եկա եւ միանգամից գնացի թաղապետարան, ընդեղ էլ ընդունելության օր էր, եւ ես միանգամից գնացի թաղապետի մոտ: Զեկուցեցի եղելությունը, թաղապետի սենյակում մեկը կար նստած, թաղապետն էլ ինձ վրա ջղայնացավ եւ ասաց, թե պետք է նախօրոք դիմել, թույլտվություն ստանալ եւ հետո կատարել էդ շինարարությունը»:
Թաղապետը 65-ամյա Աղաբեկյանին հորդորում է րոպե առաջ ավտոտնակը բերել նախնական տեսքի եւ այդ ամենի մասին զեկուցել թաղապետարանի կոմունալ տնտեսության ղեկավարին: Նա էլ վաղ առավոտից, ականջալուր լինելով թաղապետի հորդորներին, ավտոտնակը բերում է նախնական տեսքի. «Ես էլ նկարեցի, որ արդեն նախնական տեսքին եմ բերել ու առավոտ ժամը 10-ին ներկայացա կոմունալի պետին, ինքն էլ ինձ ասաց, թե տո՛ւր քո հեռախոսահամարը, ու ես քեզ 2-3 ժամ հետո կզանգեմ»:
Պարոն Հակոբը նշեց, որ թաղապետարանից իրեն չեն զանգել, փոխարենը մի քանի օր հետո տեղեկացրել են, որ առանց իր ներկայության արձանագրություն է կազմվել. «Իմ կարծիքով` կոմունալի ղեկավարը, մտածելով, որ ես մեծ մարդ եմ, որոշել ա իմ վրա ակտի պլան կատարել: Ի՞նչ է նշանակում 2-3 ժամից կզանգեմ, ու ինձ ասում են` թերությունները վերացրո՛ւ, նախնական տեսքի բե՛ր, ու մի քանի ժամ հետ ակտ են գրում իմ վրա, ախր թաղապետարանը ոչ թե պատժիչ մարմին է, այլ ինքը պիտի քաղաքացուն օգնի, ես ընդամենը մետաղյա պատը սարքել եմ քարից»:
Հ.Աղաբեկյանը պահանջում է հանձնաժողով կազմել, որը կուսումնասիրի իր շինությունը եւ կտա եզրակացություն: Կամ էլ, ծայրահեղ դեպքում, թող վարչական տույժի չափը փոքրացնեն. «Ես այդքան չեմ կարող վճարել, ես թոշակառու մարդ եմ եւ ստանում եմ 40 հազար դրամ»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հետ: Վերջինս պատմությունը լսելուց հետո բարկացավ եւ նշեց, թե բնակիչը շատ «գունավոր» ձեւով է ներկայացրել եղելությունը, եւ այն իրականությանը չի համապատասխանում. «Տենց գունավոր որ ներկայացնում ա, որ ինչ-որ քարերա դրվել, որ չփլվի եւ այլն, նման հասկացողություն չկա, կա հասկացողություն` կատարել է ապօրինի շինություն, ակտավորվել է, քաղաքապետարանի հանձնաժողովն էլ որոշում է կայացրել: Մենք չենք որոշում կայացնողը, հանձնաժողովում 10-12 անդամ կա, որի մեջ մենք չկանք, եւ եթե հանձնաժողովը որոշել է, որ պետք է 200 հազար դրամով տուգանվի, ուրեմն պետք է տուգանվի»: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը նաեւ նշեց, որ եթե համաձայն չեն որոշմանը, կարող են այն վիճարկել: Քոթանջյանի խոսքերով, եթե քաղաքացին «բարի լիներ», դիմեր իրենց, իրենք էլ ճարտարապետ կուղարկեին եւ թույլտվություն կտային. «Եթե ով ուզենա եւ որտեղ ուզենա, դնի բան շինի, տենց ո՞նց կլինի: Եթե դու տենց գունավոր ներկայացնում ես, դիմեիր մեզ, մենք էլ թույլ կտայինք ամրակցում կատարել»: Իսկ մեր այն հիշեցմանը, թե քաղաքացու պնդմամբ` թաղապետարանի կոմունալ տնտեսության ղեկավարը եւ անձամբ ինքը հորդորել են ավտոտնակը նախնական տեսքի բերել, իսկ հաջորդ օրն արդեն արձանագրություն են կազմել, ասաց. «Ապօրինություն կատարելուց հետո է դիմել, երբ որ բռնվում են, արդեն գալիս են թաղապետի մոտ, թե մի բան արե՛ք, իսկ ինչի՞ են իրանք նման բան անում: Թերթին դիմել ա, որ ի՞նչ»:
Հետաքրքիրն այն է, որ նման ակտավորումները լինում են այն ժամանակ, երբ հասարակ քաղաքացին է «հազար» տարվա ավտոտնակի համար իր ձեռքերով պատ շարել: Մինչդեռ առկա բազմաթիվ աչք ծակող խոշոր ապօրինությունների վրա թաղապետարաններն ու քաղաքապետարանը շարունակում են աչք փակել:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԶԱՅՐԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ