ԿՄՆԱՆ ԱՆՕԹԵՎԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. պետբյուջեի նախագծով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվելիք գումարների մեջ ներառված չեն միջոցներ, որոնք կուղղվեն մանկատան սաներին բնակարանով ապահովելու ծրագրի իրականացմանը: Ծրագիրը գործում է 2003-ից,  սակայն մանկատան շրջանավարտը մշտապես ստիպված է  երկար ժամանակ սպասել բնակարանի իր հերթին:  Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան կենտրոնի 16 շրջանավարտներ եւս սպասում են  բնակարանի իրենց հերթին: Նրանցից շատերի 18 տարին լրացել է դեռեւս  մի քանի տարի առաջ, հետեւաբար, նրանք ինքնըստինքյան հայտնվել են դրսում: Մանկատան տնօրեն Անահիտ Կարապետյանի փոխանցմամբ` դեռեւս մեկ տարի առաջ կառավարության համապատասխան որոշմամբ մանկատան շրջանավարտներից 6-ի համար նախատեսված էր բնակարան հատկացնել Մուշ-2 նորակառույց թաղամասում, իսկ տասը սաների օթեւան տրամադրել Մարալիկ քաղաքում: Շենքերը, որոնց կառուցումն ավարտվել է Մարալիկում, նախատեսված են սոցիալապես անապահով երեք խմբերի  համար` միայնակ մայրեր, տարեցներ եւ մանկատան սաներ: Ընդհանուր հաշվով կա պատրաստի 56 մեկ սենյականոց բնակարան:  Սակայն  Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը մեզ փոխանցեց, որ թեեւ շենքերը հանձնվել են շահագործման, սակայն իրենք հստակ տեղյակ չեն, թե դրանք տրամադրվելու են արդյոք մանկատան շրջանավարտներին:
 Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից էլ փոխանցեցին, որ սպասում են, թե երբ է քաղաքաշինության նախարարի մասնակցությամբ հանձնաժողովի նիստ գումարվելու, որի ընթացքում կքննարկվեն մանկատան  շրջանավարտների բնակարանային խնդիրները: Մարզպետարանում անգամ չգիտեն,  թե նորակառույցներից քանի բնակարան է տրվելու մանկատան սաներին:
Նշենք, որ մանկատները հիմա անվանափոխվել են եւ կոչվում են գիշերօթիկ դպրոցներ: Իսկ դա նշանակում է, որ սաների նկատմամբ պետությունն այլեւս բնակարանի պարտավորություն չի կրելու: Նանսենի անվան մանկատուն են այցելում 92 անչափահաս, որոնք 18 տարին լրանալուն  պես ստիպված են լինելու ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրն ու լուծել օթեւանի խնդիրը: «Մեր նախկին սաները բնակարանի շահառու են եւ վաղ, թե ուշ կստանան բնակարան: Բայց քանի որ հիմա մենք այլեւս մանկատուն չենք, այլ խնամքի հաստատություն, ներկա  92 սաներից ոչ մեկին բնակարան չի տրվելու»,-նշեց Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցի տնօրեն Անահիտ Կարապետյանը:
2003թ-ից մինչեւ օրս մանկատան շրջանավարտներին պետության կողմից տրամադրվել է 150 բնակարան, իսկ դա կազմում է բնակարանի սպասող շրջանավարտների ընդամենը  30 տոկոսը:  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս