Դատախազը 2024 թվականի մարտի 26-ին հաստատել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն (Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս):
2022 թվականի նոյեմբերի 2-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ 1991 թվականին Ա.Ղ.-ն Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։
Ա.Ղ.-ի նկատմամբ կիրառվել են համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և 20 մլն դրամի չափով գրավ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գլխավոր դատախազությունը, սակայն չի գաղտազերծել, թե ով է այդ «օրեքով գողը»:
ArmLur.am-ին սակայն պարզեց ում մասին է խոսքը: Նա Արմեն Ղազարյանն է, ով առավել հայտնի է «Պզո» անունով:
Նշենք, որ 2022 թվականին ArmLur.am-ը գրել էր, որ Երեւանում՝ Մուրացան 109 հասցեից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձիք:
Բերման ենթարկվածների թվում են եղել օրենքով գող «Պզոն»՝ Արմեն Ղազարյանը, այլ անձինք եւս, որոնցից մեկը հայտնի է որպես «Կաբելի տղա», որը շուտով պետք է դառնար «օրենքով գող»:
Նա մեղադրվում էր հավաք կազմակերպելու մեջ։
Քնար Մանուկյան